Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևի երեկվա հայտարարությունները շատ լավ հնարավորություն են Հայաստանի դիվանագիտության համար․ դրանք կարելի է կապել Ադրբեջանի կազմում չլինելու հետ, այստեղից էլ բխում է ինքնորոշման իրավունքը․ քաղաքագետ

Ալիևի երեկվա հայտարարությունները շատ լավ հնարավորություն են Հայաստանի դիվանագիտության համար․ դրանք կարելի է կապել Ադրբեջանի կազմում չլինելու հետ, այստեղից էլ բխում է ինքնորոշման իրավունքը․ քաղաքագետ
Քաղաքականություն
19:25, 11 январь 2023
Civic.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ 

- Պարոն Ղևոնդյան, երեկ վարչապետն իր ասուլիսում նշեց, որ խաղաղության պայմանագրի տեքստի հայկական կողմի առաջարկներին Ադրբեջանը դեռ չի պատասխանել։ Իսկ Ադրբեջանի նախագահ Ալիևը երեկ  կրկին ասուլիս է տվել և հայտարարել է, որ 2023թ. վերջին շանսն է Հայաստանի համար խաղաղության պայմանագիր կնքելու։ Նա նաև հիշեցրել է, որ 2025թ. ավարտվում է ռուս խաղաղապահների լիազորությունների ժամկետը։ Սա Ալիևի հերթական սպառնալի՞քն է իրեն շահավետ փաստաթուղթ Հայաստանից կորզելու առումով, քանի որ Ալիևի խոսքով՝ չի պատրաստվում Հայաստանի դեմ պատերազմել։   

- Ալիևի հայտարարության մեջ միջազգային հանրությանն ուղված կարևոր կետն այն էր, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ պատերազմի չի պատրաստվում, մյուս կողմից էլ՝ չմոռանանք, որ Փաշինյանն իր վերջին հարցազրույցում ներկայացրեց Հայաստանի ու Ադրբեջանի անհանգստությունները՝ կապված ընդհանուր գործընթացի հետ։ Կողմերն իրար չեն վստահում, բայց անկախ այդ վստահության լինել-չլինելուց՝ կողմերն ունեն շահեր, իսկ Ադրբեջանը մաքսիմալիստական մոտեցում է որդեգրել ընդհանուր գործընթացի վերաբերյալ։ Այն, որ Ադրբեջանը չի պատասխանել խաղաղության պայմանագրի առաջարկներին, սպասելի էր, որովհետև այն գործընթացը, որը տեղի է ունենում, ոչ այլ ինչ է, քան ճնշում Հայաստանի վրա Ադրբեջանի մաքսիմալիստական շահերը բավարարելու ուղղությամբ։ Իսկ այդ շահը Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն է, «Զանգեզուրի» արտատարածքային միջանցքն է։ Այն նարատիվը, թե Հայաստանը պահանջում է խաղաղության պայմանագրում Արցախի վերաբերյալ կետ մտնի, և Ադրբեջանը չի ցանկանում՝ զուտ նարատիվ է, իրականում Հայաստանը պահանջել է, որ խաղաղության պայմանագրում չլինի Արցախի վերաբերյալ կետ, և խնդիրը առանձին փաստաթղթով քննարկման առարկա դառնա, և Արցախ-Ադրբեջան փոխհարաբերություններով այդ խնդիրը լուծվի՝ իհարկե, միջազգային հանրության հսկողության ներքո, որի մաս է նաև Հայաստանը։ Իսկ Ադրբեջանն այս ամենն ուղղակի շուռ է տալիս այն ենթատեքստով, որ Հայաստանը չի ցանկանում բավարարել իրենց պահանջները. իհարկե, Հայաստանը չի ցանկանում բավարարել իրենց պահանջները, եթե այդ պահանջները հատում են Հայաստանի շահերի կարմիր գծերը։ Իսկ ինչպես նշեց վարչապետը՝ Հայաստանի շահերը ոտնահարող փաստաթուղթ նա չի ստորագրելու։ 

- Ալիևը պնդել է, որ Հայաստանը եթե չի ուզում դելիմիտացիա արվի, ապա ինքը կորոշի, թե այդ սահմանը որտեղով է անցնում։ Նա նաև նշում է՝ 2023թ. վերջին շանսն է Հայաստանի համար խաղաղության պայմանագիր կնքելու։ Սա պատերազմի սպառնալիք չէ՞։

- Սա ճնշման միջոցներից ևս մեկն է։ Պատերազմի սպառնալիքը որպես ճնշման միջոց Ադրբեջանը միշտ օգտագործել է, նույնիսկ նախքան պատերազմը, և շարունակելու է օգտագործել, որովհետև ժամանակը ցույց տվեց, որ դա արդյունավետ է, և Ադրբեջանը կարողանում է այդպիսով հաջողության հասնել։ Իսկ վերջին շանս ասելով ուղղակի Ադրբեջանը ևս մեկ անգամ սպառնում է Հայաստանին, շանսերը վերջինը չեն լինում։ Վերջին շանս կարող է լինել այն դեպքում, եթե Ադրբեջանը պատրաստվում է դրանից հետո Հայաստան պետությունը վերացնել։ Իսկ Ալիևն ասել է, որ երրորդ պատերազմ չի ցանկանում։ Բայց բացառել որևէ բան պետք չէ։ Եվ Հայաստանը կարծես թե չի էլ բացառում դա՝ Հայաստանը բավական ակտիվ արտաքին դիվանագիտություն է վարում, ռազմական ոլորտում բավական ակտիվ համագործակցություն ունի, որից մեկի մասին Ալիևը նշեց և, հավանաբար, Հնդկաստանը նկատի ուներ։ Հայաստանը ևս պատրաստվում է նրան, որ գուցե Ալիևը, ասելով վերջին շանս, նկատի ուներ, որ այնուամենայնիվ պատերազմ տեղի կունենա։  Այս պահին, կարծում եմ, չարժի դողէրոցքի մեջ ընկնել Ալիևի հայտարարությունից։   

- Լաչինի միջանցքը մեկ ամիս է՝ փակ է, Ալիևն ասել է՝ ով չի ցանկանում Ադրբեջանի քաղաքացի լինել՝ Լաչինի ճանապարհը բաց է։ Սա դիտարկենք որպես բռնությո՞ւն ղարաբաղցիների նկատմամբ։

- Սա առաջին հերթին հնարավորություն է Հայաստանի դիվանագիտության համար՝ միջազգային հանրությանը ներկայացնելու Ադրբեջանի իրական նկրտումները, որովհետև եթե Ադրբեջանը պաշտոնապես հայտարարում է, որ չի փակել Լաչինի միջանցքը, այլ ինչ-որ ակտիվիստներ են, ապա ինչպես կարող է երաշխավորել Արցախի հայերի մեկ ուղղությամբ տեղաշարժը։ Սա նշանակում է, որ պաշտոնական գործողություն է Լաչինի միջանցքի փակումը, և Հայաստանի դիվանագիտությունն անելիք ունի այստեղ։ Միջազգային հանրությանը պետք է նաև ցույց տալ, որ Ալիևին պետք է հայերից դատարկված Արցախ։ Թեպետ վարչապետը նշում է, որ Հայաստանը ինչ հնարավոր է, արել է Լաչինի միջանցքը բացելու հարցում, բայց ես համամիտ չեմ, Հայաստանը որպես միջազգայնորեն ճանաչված պետություն ունի հնարավորություն «զզվեցնելու» բոլոր միջազգային կառույցներին, որպեսզի նրանք ավելի մեծ ուշադրություն դարձնեն, և նաև պետք է ավելի ակտիվ աշխատեն Սփյուռքի հետ՝ ճնշումը Ադրբեջանի վրա մեծացնելու համար։ 

- Ալիևի խոսքով՝ դեռևս 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում ստորագրված փաստաթղթով Հայաստանն առաջին անգամ Ղարաբաղը պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի մաս։ Ալմա-Աթայի հռչակագրին է հղում անում Ալիևը։ 

- Ցավոք սրտի, երեկ վարչապետի պատասխանը այս հարցի շուրջ ոգևորիչ չէր, երբ վարչապետը նշում էր, որ միջազգային հանրությունն է ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Այնուամենայնիվ, Ալմա-Աթայի հռչակագիրը Արցախի խնդիրը չի փոխկապում Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, և Հայաստանն այդ հռչակագիրը ստորագրել է վերապահումով։ Պետք է նշել, որ այստեղ կա շահարկում Ադրբեջանի կողմից, բայց Հայաստանը որևէ կերպ չի պատասխանում շահարկմանը, ինչը ցավալի է։  
Արցախի անվտանգության խորհրդից բավական կոշտ արձագանք եկավ վարչապետի մտքերին՝ պահանջում էր հաշվի առնել արցախահայության կամքը, մյուս կողմից էլ՝ առաջին հերթին արցախահայությունը պետք է կարողանա պաշտպանել իր մոտեցումները, պետք է կողմնորոշվի՝ ինչ է ցանկանում՝ ցանկանում է չլինել Ադրբեջանի կազմում, իսկ Ադրբեջանի կազմում չլինելը դեռ չի նշանակում, թե որտեղ պետք է լինեն նրանք։     

- Արցախի ԱԽ-ից ՀՀ իշխանություններին հորդորում են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ, բայց վարչապետն իր խոսքում նշեց, որ առաջնահերթությունը տալիս են արցախահության անվտանգության ապահովմանը։ Կարո՞ղ ենք ասել, որ Արցախի ու Հայաստանի իշխանությունների միջև հակասություններ կան Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում։ 

- Հայաստանի իշխանությունը փոխկապում է անվտանգության ապահովումն ու իրավունքների հարցը ինքնորոշման հետ։ Չունենալով այս պահին ռազմական մեծ հնարավորություններ՝ Հայաստանը չի խոսում գլխավոր բաղադրիչի մասին, այլ խոսում է անվտանգության և իրավունքների մասին, որոնք հնարավոր չէ ապահովել Ադրբեջանի կազմում գտնվելով։ Ալիևի երեկվա հայտարարությունները շատ լավ հնարավորություն են Հայաստանի դիվանագիտության համար, որովհետև անվտանգությունը և իրավունքները հասկանալի նարատիվներ են միջազգային հանրության մոտ և դրանք կարելի է կապել Ադրբեջանի կազմում չլինելու հետ, այստեղից էլ բխում է ինքնորոշման իրավունքը։ 

Նարա Մարտիրոսյան