Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որևէ քաղաքական ուժ 50+1 տոկոս ձայն չի ստանալու․ Միքայել Մելքումյան

Որևէ քաղաքական ուժ 50+1 տոկոս ձայն չի ստանալու․ Միքայել Մելքումյան
Քաղաքականություն
13:46, 27 апрель 2021
«Այնպես չէ, որ 7 օրում 2 անգամ վարչապետի թեկնածու առաջադրել կամ չառաջադրելը ինքնանպատակ ինչ որ բան է, բոլորին հայտնի է, որ հրաժարականի միտքը եղել է այն, որպեսզի հունիսի 20-ին լինեն արտահերթ ընտրություններ և ժամկետն էլ պայմանավորված է դրանով: Ստեղծված քաղաքական կամ տոտալ ընդհանուր ճգնաժամի հանգուցալուծման օրինական ձևը արտահերթ ընտրություններն են, իսկ եթե ընթացքում ինչ-որ բան փոխվի, այսինքն՝ արտահերթ ընտրությունները կասկածի տակ դրվի՝ մենք պետք է որոշենք, թե ինչ ենք անում», - այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Հարցին՝ սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո 2 անգամ էլ ԲՀԿ-ն չի՞ առաջադրի վարչապետի թեկնածու, Մելքումյանը պատասխանեց. «Ես ասացի այն, ինչ ասացի, այսինքն՝ մենք գնում ենք արտահերթ ընտրությունների, որը լինելու է հունիսի 20-ին, թե ինչպես՝ ընթացակարգերն արդեն թելադրում են: ԲՀԿ-ն ցուցակի հարց չի քննարկում, դեռ վաղ է: Մենք արդեն քննարկել ենք, և վերահաստատում ենք, որ ԲՀԿ-ն ընտրություններին մասնակցելու է միայնակ։ Նախորդիվ հաստատել ենք, և հիմա պնդում ենք, որ վերջին 15 տարվա ընթացքում, լինելով  մշտապես պառլամենտում ներկայացված քաղաքական ուժ, միշտ լինելով 2-րդ քաղաքական ուժը, մի շարք ուժեր գնացին ու եկան, բայց մենք մնացինք մեր տեղում»։

Մելքումյանի խոսքով՝ իրենք հաղթելու են, բայց դա չի ենթադրում, թե որևէ քաղաքական ուժ 50+1 տոկոս ձայն ստանալու է: «Լինելու է բալանսավորված իշխանություն, բայց նորից վերահաստատում եմ, որ Գագիկ Ծառուկյանը լինելու է պետության ղեկավար»,- հավելեց պատգամավորը։