Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը աշխատում է ոչ թե իրավիճակը բալանսավորելու ուղղությամբ, այլ միակողմանի՝ ավելի ադրբեջանամետ դիրքորոշման միջոցով փորձում է մնալ տարածաշրջանային զարգացումներում. քաղաքագետ

Ռուսաստանը աշխատում է ոչ թե իրավիճակը բալանսավորելու ուղղությամբ, այլ միակողմանի՝ ավելի ադրբեջանամետ դիրքորոշման միջոցով փորձում է մնալ տարածաշրջանային զարգացումներում. քաղաքագետ
Քաղաքականություն
18:26, 12 январь 2023
Մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարությունը, թե Երևանը պատրաստ է ռուսական առաջարկների հիման վրա արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ փաստաթուղթ ստորագրել, Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան նշել է, թե դժվար է գնահատական տալ հայկական կողմի դիրքորոշմանը, երբ նույն հարցի շուրջ պաշտոնական Երևանի հայտարարությունները էապես տարբերվում են։ «Նշված ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետը խոսել է ռուսական առաջարկների հիման վրա փաստաթուղթը ստորագրելու մտադրության մասին, միևնույն ժամանակ Արևմուտքի կողմից առաջ մղվող հակամարտության ինչ-որ «համապարփակ լուծման» նախապատվության մասին», -  ասել է Զախարովան։  

Արդյոք այս երկու հարթակները բովանդակային առումով հակասո՞ւմ են իրար, թե՞ կարող էին փոխլրացնել։ Քաղաքագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ վերջին շրջանում ՌԴ-ից հնչող հայտարարությունները ի ցույց են դնում Հայաստանից ՌԴ «նեղացած» կամ վիրավորված լինելու հանգամանքը, և այս հայտարարությունը ևս նույն տրամադրության շրջանակում է։ «Ռուսական կողմը մեկնաբանում է իրողություններն այնպես, ինչպես ցանկանում է։ Իրենց ակնկալիքները մի փոքր այլ են։ Այստեղ ամբողջ հարցն այն է, որ ՌԴ կոնկրետ ուղերձները ուղղված են այն հանգամանքի շեշտադրմանը, որ հայկական կողմը հայտարարությունների մակարդակում ի ցույց է դնում այլ դիրքորոշում, բայց իրական քայլերի մակարդակում ի ցույց է դնում բոլորովին այլ մոտեցում։ Այսինքն՝ հայտարարությունների մակարդակում ցույց է տալիս, որ պատրաստ է գնալ ռուսական հարթակներում խնդրի կարգավորմանը, բայց, ըստ էության, ավելի հակված է արևմտյան հարթակներում պայմանավորվածությունների, որն էլ մեծ հաշվով խոչընդոտում է հիմնախնդրի կարգավորմանը», - ասաց Արմեն Պետրոսյանը։

Նման  տրամադրվածությունը, ըստ քաղաքագետի, գալիս է նրանից, որ  ռուսական կողմը դիտարկում է դեկտեմբերի վերջին արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը հայկական կողմի չմասնակցությունը որպես ռուսական հարթակի մերժում և արևմտյան հարթակի ընտրություն։ Եվ սա է պատճառը, ըստ Պետրոսյանի, որ արևմտյան հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունները ռուսական կողմը ներկայացնում է որպես խոչընդոտ՝ խնդրի կարգավորման համար։ «Ռուսական կողմին չի բավարարում հանգամանքը, որ հռետորաբանության մակարդակում  Հայաստանը հայտարարում է ռուսական տարբերակով խնդրի  կարգավորման պատրաստակամության մասին, բայց մերժում է ռուսական հարթակները և գնում արևմտյան հարթակներում է ձեռք բերում պայմանավորվախություններ։ Ռուսական կողմի անկարողությունը՝ սեփական առաջարկները պաշտպանելու հարցում, ևս խոչընդոտ է, որովհետև ռուսական կողմը չի կարողանում ընդունել այդ փաստը և այդ անկարողությունը պատճառաբանում է ոչ թե օբյեկտիվ հանգամանքներով, այլ հայկական կողմի քայլերով։ Հիմնական պատասխանատվությունը փորձում են դնել հայկական կողմի վրա»,- ասաց Արմեն Պետրոսյանը։ 

Պետրոսյանը ուշադրություն է հրավիրում հանգամանքին, որ հայկական կողմին ձեռնտու է եղել ռուսական կողմի առաջարկներով խնդրի կարգավորման գնալը, սակայն ռուսական կողմը ի՛նքը չի կարողացել ապահովել իր առաջարկների կատարումը Ադրբեջանի կողմից։

«Պարզապես ներկայում, քանի որ ՀՀ-ՌԴ հարաբերություններում նկատվում է որոշակի ճգնաժամ, ռուսական կողմը հայ-ադրբեջանական հարաբերություններում եղած բոլոր խնդիրները հիմնավորում է բացառապես ՀՀ կատարած քայլերով։ Որովհետև որևէ մեղադրանք ՌԴ կողմից չկա՝ ուղղված Ադրբեջանին։ Ակնհայտ է, որ խնդիրները միայն հայկական կողմից չեն, օրինակ՝ ռազմական լարվածությունների առաջացումը, Արցախում խաղաղապահների համար ստեղծված խնդիրները, բայց ռուսները երբևէ մեղադրանքներ չեն հնչեցրել Ադրբեջանի հասցեին։ Ռուսաստանը աշխատում է ոչ թե իրավիճակը բալանսավորելու ուղղությամբ, այլ միակողմանի՝ ավելի ադրբեջանամետ դիրքորոշման միջոցով փորձում է մնալ տարածաշրջանային զարգացումներում։ Պարզ է, որ այստեղ Ադրբեջանի հետ Ռուսաստանի կողմից նախաձեռնված լարվածությունը ձեռնտու չէ իրեն, որովհետև Ադրբեջանը ունի իր նկատմամբ ճնշման լծակներ՝ նույն խաղաղապահների հարցը, բացի դրանից, ունեն տնտեսական և էներգետիկ ընդհանուր շահեր և այլն։ Բացի դրանից, կարևոր է նաև Թուրքիայի դերը։ Այս ամենը, իհարկե, կաշկանդում է Ռուսաստանին Ադրբեջանի նկատմամբ ավելի հասցեական և հրապարակային հայտարարություններ անել։ Այս պատճառով էլ ՌԴ-ն ընտրել է այն քաղաքականությունը, որը միտված է պրոադրբեջանական դիրքորոշման ցուցաբերմամբ՝ սրանով փորձելով պահել իր ներկայությունը տարածաշրջանում», - ասաց Արմեն Պետրոսյանը։  

Մարիա Զախարովան հիշատակել էր նաև Պրահայում ստորագրված հայտարարությունը, որտեղ հիշատակվել էր նաև 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը։ Զախարովայի խոսքով՝ Ալմա-Աթայի հռչակագրում հաստատվում է սահմանների անձեռնմխելիությունը, որոնք գոյություն ունեին Խորհրդային Միության հանրապետությունների միջև: 

Զախարովան նաև նշել է, որ այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանական ԽՍՀ մաս էր կազմում, և, անշուշտ, այս հանգամանքը շատ դժվար է անտեսել Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացում։

Պետրոսյանը նկատեց, որ այստեղ միջազգային իրավունքին վերաբերող հարցեր են և մասնագիտորեն չի կարող մեկնաբանել, բայց, ըստ քաղաքագետի, Զախարովան կարող էր այս հայտարարությունը կա՛մ չանել, կա՛մ չանել այնպես, ինչպես արել է։ «Նույն Ալմաթիի հռչակագրին կից կային արձանագրություններ Արցախի հետ կապված, որոնց մասին նա չի նշել։ Եթե Զախարովան ցանկանար հայաստանամետ հայտարարություն անել, ապա կարող էր հիշեցնել այս արձանագրությունների մասին, բայց չի արել, որովհետև ՌԴ-ն այլ դիրքորոշում ունի»,- ասաց Արմեն Պետրոսյանը։ 

Հնարավորություն կա՞, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև մոտ ապագայում կնքվի խաղաղության պայմանագիր, կամ գոնե վերսկսվեն բանակցությունները։ Ըստ Պետրոսյանի՝ Ադրբեջանը ունի առավելապաշտական նկրտումներ և հնարավորություն է տեսնում ներկա աշխարհաքաղաքական իրողություններում այդ առավելապաշտական նկրտումները կյանքի կոչելու, իսկ բանակցությունների վերսկսման հնարավորություն կա, բայց դժվար է ասել, թե որ հարթակում կընթանան այդ բանակցությունները։ «Նկատվում է լարվածության լուրջ աճ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, և այն դերակատարները, որոնց շահերից է բխում կայունության ապահովումը մեր տարածաշրջանում, պետք է շատ ավելի հետևողական լինեն բանակցությունների  վերսկսմանը։ Իհարկե, ավելի շահագրգիռ Հայաստանն է, բայց նաև՝ արևմտյան դերակատարները, բայց նախաձեռնողականություն առայժմ կարծես չի նկատվում», - եզրափակեց Արմեն Պետրոսյանը։ 

Վովա Հակոբյան