Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքում սահմանապահ դիրքերն ամրապնդվում են, սահմանի ամբողջ երկայնքով տեսախցիկներ եւ փշալարեր կտեղադրվեն․ Արմեն Խաչատրյան

Սյունիքում սահմանապահ դիրքերն  ամրապնդվում են, սահմանի ամբողջ երկայնքով տեսախցիկներ եւ փշալարեր կտեղադրվեն․ Արմեն Խաչատրյան
Քաղաքականություն
16:50, 27 апрель 2021
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Սյունիքում անվտանգության գոտի ստեղծելու ՄԻՊ-ի առաջարկին, ասաց, որ իհարկե շատ լավ կլիներ, որ լիներ, սակայն պետք է նաեւ հաշվի առնել հնարավորությունները, եւ դրանց հասնելու ճանապարհները ինչքանով են ռեալ։

«Պատերազմից հետո սահմանում էական փոփոխություններ են եղել եւ ամենօրյա աշխատանք է տարվում. պետք է ուղղել բանակի մեջքը, ստեղծել սահմանապահ գոտի եւ անվտանգային ուժերի տեղաբաշխվածության հարց լուծել։ Այս բոլորը պետք է իրականացվեն սեղմ ժամկետում, բայց ասել, թե Սյունիքում ապրելը վտանգավոր է՝ դա այդպես չէ», - ասաց պատգամավորը։

Խաչատրյանը չբացառեց, որ կարող են միջադեպեր լինել։ «Այնպես չէ մեր հարևանը Շվեյցարիան է, սակայն պետք է կանխել դրանք։ Եթե ադրբեջանցիները բռնություն են գործադրել մեր հովիվի նկատմամբ՝  պետք է մանրամասն քննվի, այն պետք է ներկայացվի խաղաղապհներին և նրանք պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի նման դեպքերը ի սպառ բացակայեն»։ 

Պատգամավորը ընդգծեց, որ Ադրբեջանը իր ղեկավարի հետ միասին հասկանալու լուրջ խնդիր ունի։ «Նրանք ցանկացած պրովոկացիոն քայլի ընդունակ են, բայց մենք պետք է պատրաստ լինենք այդ ամենին եւ կարողանանք պատասխան տալ», - հավելեց նա։
Խաչատրյանն ասաց, որ Սյունիքի հարցերով ստեղծված հանձնաժողովի երեկվա նիստում բոլոր խնդիրները քննարկվել են։ Նրա խոսքով՝ այս պահին սահմանապահ դիրքերն են ամրապնդվում, սահմանի ամբողջ երկայնքով տեխնիկական միջոցներ են տեղադրվում, այդ թվում՝ տեսախցիկներ եւ փշալարեր կտեղադրվեն։