Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մտավախություն ունեմ, որ իրավապահ համակարգն ի զորու չի լինելու համարժեք արձագանքելու ընտրական իրավունքի դեմ որևէ ոտնձգության․ Նորայր Նորիկյան

Մտավախություն ունեմ, որ իրավապահ համակարգն ի զորու չի լինելու համարժեք արձագանքելու ընտրական իրավունքի դեմ որևէ ոտնձգության․ Նորայր Նորիկյան
Քաղաքականություն
17:45, 27 апрель 2021
Սյունիքում իրականացված այդ հայտնի գործողություններից հետո, այն ռևանշիստական ուժերը, այն քաղաքական ուժերը, որոնք տարիներ շարունակ զբաղված են եղել ընտրակաշառքներով, ընտրակեղծարարություններով, որոնք ուղղակի իրենց կառավարման ժամանակ զբաղված են եղել ընտրական համակարգի պղծմամբ, այդ քաղաքական ուժերի՝ ընտրություններին մասնակցելու հավակնություն դրսևորելուց հետո, ինձ մոտ տպավորություն կա, որ այդ ուժերի մոտ հավակնություն կա, որ չունենալով հանրային վստահություն, հանրային  աջակցություն, փորձելու են ոչ ֆորմալ ազդեցությունների միջոցով, տարբեր զեղծարարությունների միջոցով ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։ 

Նա նաև չբացառեց, որ սյունիքյան իրադարձություններից հետո, հանրության մեջ հնարավոր է՝ ձևավորվի քաոսային իրավիճակ,  երկպառակությունների, խժդժությունների և ինչու չէ նաև՝ քաղաքացիական բախումների ձևով, որովհետև այն տոնայնությունը, շեշտադրումները, որոնք այսօր առկա են այդ շերտի կողմից, վկայում են մի բանի մասին, որ այլ տարբերակ իրենք չեն թողնում։ 
Նրա խոսքով՝ ինքն այս մտահոգությունները չէր ունենա, եթե իրավապահ համակարգն իր տեղում գտնվեր։ 
«Ինձ համար վերջին երեք տարիների ընթացքում իրավապահ համակարգի անկարող վարքագիծը բերել է այն համոզման, որ մեր պետությունը և պետության համար հիմք հանդիսացող, առանցք հանդիսացող իրավապահ համակարգը, պատրաստ չէ այդպիսի մասշտաբային միջոցառում սպասարկելու և կանխարգելելու հնարավոր ապօրինությունները։ Դուք կարող եք ասել՝ ես հիմա ծայրահեղացնում եմ, բայց կներեք, եթե վերջին երեք տարիների ընթացքում որևէ կոռուպցիոներ չենթարկվեց պատասխանատվութան, բոլոր հանցագործներն ըստ էության վխտում են ազատության մեջ, ավելին՝ քաղաքական հավակնություն են դրսևորում, ինչու պետք է ես այդպիսի հավակնություն չունենամ և չարտահայտեմ այդ մտավախությունը, որ իրավապահ համակարգն ի զորու չի լինելու համարժեք արձագանքելու ընտրական իրավունքի դեմ որևէ ոտնձգության»,-ասաց Նորայր Նորիկյանը։

Խոսելով «Արդար Հայաստան» կուսակցության անունից՝ Նորայր Նորիկյանն ասաց, որ իրենք խորապես մտահոգված են այդ հեռանկարով։ 
Ավելին, ըստ նրա, ենթադրվում է, որ այսպիսի տոնայնությամբ, քաղաքական բանավեճի այսպիսի շեշտադրումներով, առաջիկա խորհրդարանական ընտրությունները հաստատ չեն հանգուցալուծի քաղաքական ճգնաժամը։
Հարցին, թե իրենց կուսակցությունը կմասնակցի՞ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ, Նորայր Նորիկյանն ասաց, որ իրենք կառավարման խորհրդի վերջնական որոշում դեռևս չունեն։

«Մենք ժամանակ ունենք դրա վերաբերյալ համապատասխան վերջնական որոշում կայացնելու համար։ Ամենայն հավանականությամբ, այդ որոշումը կկայացնենք մայիսի 10-ից  հետո՝ գործող սահմանադրաիրավական կարգավորումների հիման վրա ԱԺ-ի իրավունքի ուժով արձակվելուց հետո։ Երբ որ ակնհայտ կդառնան և իրավասու մարմինների կողմից կնշանակվեն ընտրությունները, մեր կուսակցությունը քաղաքական որոշումը կկայացնի և համապատասախան հայտարարությամբ իր դիրքորոշումը կարտահայտի, թե՛ մասնակցության հնարավորության, և թե ձևաչափի մասով։ Բնականաբար, մենք նախնական հայտարարություն՝ պատրաստակամության մասով արել ենք, բայց տեսնենք, սպասենք իրադարձությոններին, զուտ պաշտոնական առումով դեռ որոշում չունենք »,-իր խոսքն այսպես եզրափակեց Նորայր Նորիկյանը։