Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀԿ-ական Էդգար Ղազարյանի հոդվածը գրել է Հրայր Թովմասյա՞նը․ ում խաղի մեջ է մտել Լևոն Տեր-Պետրոսյանը

ՀՀԿ-ական Էդգար Ղազարյանի հոդվածը գրել է Հրայր Թովմասյա՞նը․ ում խաղի մեջ է մտել Լևոն Տեր-Պետրոսյանը
Քաղաքականություն
18:24, 27 апрель 2021
Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ապրիլի 2-ին հանդես եկավ ծավալուն հոդվածով՝ «Համաձայն Սահմանադրության՝ վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի» վերտառությամբ։ 
 
Հոդվածում՝ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը հղում անելով ՀՀ Սահմանադրության և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներին փորձել է հիմնավորել, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է շարունակի պաշտոնավարել հրաժարական տալուց հետո։ 
 
Էդգար Ղազարյանը նույնիսկ համեմատել է վարչապետի հրաժարականը որևէ նախարարի հրաժարականի հետ՝ մեկնաբանելով, թե երբ նախարարը հրաժարական է տալիս նախքան նոր նախարար նշանակելը նա չի շարունակում պաշտոնավարել, այլ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում՝ օրինակ նախարարի տեղակալներից որևէ մեկը։ Վարչապետի պարագայում՝ Էդգար Ղազարյանն ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո պետք է Մհեր Գիրգորյանը հանդես գա պաշտոնակատարի պարտականություններով՝ նախքան   արտահերթ ընտրությունները։ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը նաև փորձել է հիմնավորել, որ ՀՀ վարչապետի կողմից նախապես արտահերթ ընտրությունների օր նշանակելն ու հայտարարելն է հակասահմանադրան։ 
 
«Վստահ եմ, որ ՀՀ սահմանադրության 130, 147, 149, 150, 152 և 158 հոդվածները, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքը ևս մեկ անգամ ընթերցող ցանկացած ոք կարող է գալ այս համոզմանը»,-իր հոդվածը եզրափակել է Էդգար Ղազարյանը։
 
Սակայն հետաքրքրականն այն է, որ այս հոդվածում աչք ծակող իրավական հիմնավորումները բերված են ոչ թե Սահմանադրական դատարանի դատավորի կամ ընդհանրապես որևէ իրավաբանի կողմից, այլ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարի կողմից։ Այս առումով փորձեցինք ուսումնասիրել Էդգար Ղազարյանի կենսագրությունը՝ մեկ անգամ ևս համոզվելու, որ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը չունի իրավաբանական կրթություն․  Սահմանադրական դատարանի կայքում առկա տեղեկատվության համաձայն Էդգար Ղազարյանն ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Կառավարման ֆակուլտետը, մասնագիտությունը` կառավարում, այնուհետև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրան, ինչպես նաև սովորել է Եվրոպայի Խորհրդի քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցում, իսկ ավելի ուշ՝ քաղաքական դասընթացների Մոսկվայի դպրոցում։ 
 
Ինչ վերաբերում է աշխատանքային փորձին՝ ապա մինչ ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ստանձնելը, պետական ապարատում զբաղեցրել է մի շարք պաշտոններ, որոնցից որևէ մեկն առնչություն չունի իրավաբանության հետ։ 
 
Էդգար Ղազարյանի կողմից գրված հոդվածի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու նպատակով Civic.am-ը փորձեց կապ հաստատել նրա հետ, սակայն ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը տևական ժամանակ անհասանելի էր։ Հաշվի առնելով նույնիսկ այն փաստը, որ Էդգար Ղազարյանը պարտավոր է իմանալ Սահմանադրություն, այնուամենայնիվ հոդվածում ընդգծված իրավական դրույթներն ու դրանց շուրջ արված եզրահանգումները տարակուսանքի տեղիք են տալիս՝ արդյո՞ք հոդվածը գրվել միայն ՍԴ նախկին աշխատակազմի ղեկավարի դիտարկումներով, թե՞ կա ՍԴ դատավորներից մեկի կամ մի քանիսի՝ օրինակ Հրայր Թովմասյանի միջամտությունը այս հարցում։ 
 
Հատկանշական է, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ արձագանքել էր Էդգար Ղազարյանի հոդվածին և ինչպես 2018թ․դեկտեմբերի, այնպես էլ այս՝ սպասվելիք արտահերթ ընտրությունները որակել է հակասահմանադրական։ Մինչդեռ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած կուսակցությունը՝ ՀԱԿ-ը  2018թ․ դեկտեմբերին շնորհավորել էր Նիկոլ Փաշինյանին արտահերթ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և այդ ժամանակ այն չէր որակել որպես հակասահմանադրական․ «Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է ԻՄ ՔԱՅԼԸ դաշինքին և նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանին՝ դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ»,-գրված էր ՀԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։ 
 
Նարա Մարտիրոսյան