Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ի՞նչն էր Արայիկ Հարությունյան-Ռուբեն Վարդանյան կոնֆլիկտի հիմքում, և ի՞նչ կապ ունի Վիտալի Բալասանյանը․ աղբյուր

Ի՞նչն էր Արայիկ Հարությունյան-Ռուբեն Վարդանյան կոնֆլիկտի հիմքում, և ի՞նչ կապ ունի Վիտալի Բալասանյանը․ աղբյուր
Քաղաքականություն
17:48, 16 январь 2023
Երկու օր առաջ տեղեկություն տարածվեց, որ պաշտոնանկ կարվի ընդամենը 2,5 ամիս առաջ Արցախի պետնախարար նշանակված Ռուբեն Վարդանյանը: Տեղեկությունը տարածվեց ոչ թե պաշտոնական աղբյուրներով, այլ հիմնականում Արցախի նախագահին և Վարդանյանին մոտ կանգնած աղբյուրներով: Հետո Ռուբեն Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառումով հայտարարեց, որ ինքը հրաժարական չի տա՝ մանավանդ հաշվի առնելով իրավիճակը։ Բացի դրանից նա շեշտել էր, որ իր համար Արցախում անընդունելի է նաև Արցախի նախագահի կամ խորհրդարանի որևէ հնարավոր հրաժարական կամ լուծարում: 
 
Հաջորդ օրը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություններ անցկացրեց Արցախի քաղաքական և ուժային կառույցների վերնախավի հետ, որի ժամանակ քննարկվեց նաև պետնախարարին պաշտոնանկ անելու հարցը: 

Մեր տեղեկություններով՝ այսօր նախագահը ներքաղաքական ճգնաժամային իրավիճակը քննարկել է նաև ԱԺ աշխատակազմի և պատգամավորների հետ, որից հետո վերջնական հանգուցալուծում կտա խնդրին, սակայն մեզ հայտնի է, որ երեկվա խորհրդակցությունների արդյունքում նախագահ Հարությունյանը ամենայն հավանականությամբ գնում է միջանկյալ, փոխհամաձայնեցված լուծման. Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության հարցը առկախվում է, նա շարունակում է պաշտոնավարել, սակայն լիազորությունների որոշակի սահմանափակումով. նա այլևս նախագահի և այլ մարմինների հետ չհամաձայնեցված, չխորհրդակցած քաղաքական հայտարարություններ չի անելու, հիմնականում կզբաղվի տնտեսական հարցերով: 

Հանրության շրջանում տարբեր լուրեր ու կարծիքներ են պտտվում կոնֆլիկտի ծագման վերաբերյալ: Մեր տեղեկություններով՝ Արայիկ Հարությունյան-Ռուբեն Վարդանյան առճակատումն առաջացել էր հետևյալ կերպ. երբ Վարդանյանի ցանկությամբ Վիտալի Բալասանյանը ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, Արայիկ Հարությունյանը ցանկացել է վերջինիս նշանակել իր խորհրդական՝ ռազմական գծով, սակայն Վարդանյանը կտրուկ ընդդիմացել է այդ որոշմանը, ինչից հետո էլ լարվել են նախագահի և պետնախարարի հարաբերությունները. վերջինիս երկուսուկես ամիս առաջ հենց Հարությունյանն էր նշանակել այդ պաշտոնում՝ օժտելով աննախադեպ բարձր լիազորություններով:  

Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանը Արցախի եզակի պաշտոնյաներից էր, որ ադրբեջանական կողմի հետ բանակցում էր հումանիտար հարցերի շուրջ, Ադրբեջանի կողմից վնասված գազատարի վերականգնման, նաև դեկտեմբերի 12-ին Արցախը աշխարհին կապող Լաչինի միջանցքի փակման, այլընտրանքային ճանապարհի կառուցման, ջրավազանների օգտագործման և այլ հարցերով: Նշենք նաև, որ թեև քաղաքական հարաբերություններ, երկխոսություն չկար, Ադրբեջանը փորձում էր այդ բանակցությունները ներկայացնել որպես, այսպես կոչված, Արցախ-Ադրբեջան ինտեգրացիայի գործընթաց: Բացի դա, մինչ Ռուբեն Վարդանյանի ի հայտ գալը հենց Վիտալի Բալասանյանն էր համարվում Արցախի հաջորդ ղեկավարի թեկնածուն։ 

Գուցե նաև այս հանգամանքներով է պայմանավորված, որ երկու ամիս պաշտոնավարող պետնախարարը որոշեց ազատվել նրանից: Ինչևէ, մեզ հայտնի է, որ այս միջադեպից առաջ էլ Վարդանյանի արած անհիմն, վիճահարույց և Արցախի շահերին վնասող քաղաքական հայտարություններն ու գործողությունները՝ առանց խորհրդակցելու և համաձայնեցնելու Արցախի նախագահի, ԱԽ հետ, արդեն իսկ լուրջ մտահոգությունների ու դժգոհությունների տեղիք էին տվել թե Արցախի և թե Հայաստանի քաղաքական շրջանակներում: Եղելությունից հետո Ա. Հարությունյանը պահանջել  է Վարդանյանի հրաժարականը: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ վերջինս բանավոր համաձայնություն է տվել, սակայն դուրս գալով և զրուցելով ինչ-որ անձանց հետ՝ սկսել է մեծ աղմուկ բարձրացնել՝ հայտարարելով այն, ինչ բոլորիս է հայտնի, որ հրաժարական չի տալու: Ըստ այդմ՝ Վարդանյանը նույնիսկ խոստացել էր հակաիշխանական ցույցեր կազմակերպել: 

Մեր զրուցակցի համոզմամբ, սակայն, ստեղծված իրավիճակում հրաժարական չպետք է տան ոչ պետնախարարը  և ոչ էլ նախագահը, պետք է գտնել կոմպրոմիսային, միջանկյալ լուծում: «Արտաքին քաղաքականության հետ կապված գործունեությունից պետք է զրկեն Վարդանյանին և միայն թույլատրեն զբաղվել սոցիալ-տնտեսական, մշակութային հարցերով: Այս երկու ամսվա նրա արտաքին քաղաքականությամբ զբաղվելը բավականին վատ հետևանքներ է ունենում արցախցիների վրա, առաջացնում  պառակտվածություն ներսում և Հայաստանի հետ հարաբերություններում, որովհետև նա իր պաշտոնին չի համապատասխանում, բանիմաց չէ իր գործում, քաղաքական հոտառություն չունի, անհավասարակշիռ հայտարարություններ է անում՝ վտանգելով Արցախի շահերը»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր պատգամավորների հետ հանդիպմանը հայտարարել է, թե Արցախում ներքաղաքական ճգնաժամ չկա՝ հավելելով․ «Չի կարելի նման բան թույլ տալ, քանի որ կա հստակ գիտակցում, որ մեր հիմնական օրակարգը ծագած հրատապ խնդիրները հաղթահարելն է ու Արցախն այս իրավիճակից դուրս բերելը»: