Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փոխվարչապետ Գրիգորյանը և ՎԶԵԲ փոխնախագահը մտքեր են փոխանակել ՀՀ- ում ենթակառուցվածքների զարգացման հարցերի շուրջ

Փոխվարչապետ Գրիգորյանը և ՎԶԵԲ փոխնախագահը մտքեր են փոխանակել ՀՀ- ում ենթակառուցվածքների զարգացման հարցերի շուրջ
Քաղաքականություն / Տնտեսություն
21:06, 16 январь 2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) քաղաքականության և գործընկերության գծով փոխնախագահ Մարկ Բոումենի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը և համագործակցության հնարավոր նոր ուղղությունները:

Փոխվարչապետն առանձնահատուկ կարևորել է ՎԶԵԲ համագործակցությունը մասնավոր հատվածի հետ՝ շեշտելով դրա կարևորությունը Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման և բիզնեսների թափանցիկության բարձրացման տեսանկյունից:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես, ճանապարհաշինարարության և էներգետիկայի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել ՎԶԵԲ դերին նաև ֆոնդային շուկայի զարգացման գործում: