Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինչ Արցախի պետնախարարը համախմբման կոչ է անում, նրան սատարողների «նախաձեռնող խումբը» զբաղված է «ներքին թշնամիների դեմ» պայքար մղելով

Մինչ  Արցախի պետնախարարը համախմբման կոչ է անում, նրան սատարողների  «նախաձեռնող խումբը» զբաղված է  «ներքին թշնամիների դեմ» պայքար մղելով
Քաղաքականություն
20:27, 17 январь 2023
Դեռ ամիսներ առաջ, երբ ՌԴ-ում  հռչակ ձեռք բերած գործարար Ռուբեն Վարդանյանը չէր նշանակվել Արցախի պետնախարար, Արցախից մի բաց նամակ հղվեց  ՀՀ-ի և սփյուռքի մեր հայրենակիցներին, որը կայքերից մեկը վերնագրել էր այսպես․ «Սրանից ավելի վատ չի լինելու՝ դուք թշնամուն եք օգնում»։  Բաց նամակի հեղինակ  արցախցի մեկ տասնյակ վաստակավորները, մասնավորապես՝  Վարդգես Օվյանը  (գրող, հրապարակախոս), Հայկ Մարտիրոսյանը (վաստակաշատ ռադիոլրագրող, հրապարակախոս), Վահրամ Ղահրամանյանը (իրավաբան), Նվարդ Ավագյանը ( բանաստեղծ, վաստակավոր լրագրող),  գրում էին, թե՝ «Ռուբեն Վարդանյանի Արցախում հաստատվելն ու հնարավոր միջոցներով Արցախին, արցախցիներին օգնելը բազմաթիվ բամբասանքների, զրպարտությունների առիթ է դարձել։  Դեռևս իր ծրագրի գոնե մի կետ անգամ չիրագործած, իր մտահղացումները դեռևս կյանքի չկոչած մարդու դեմ աներևակայելի արշավ են սկսել մարդիկ, որ իրենց կյանքում Արցախի համար քարի վրա մի քար չեն դրել»։  Վաստակավորները, ի դեպ, չէին խորշել ամենակոշտ  որակումը տալ   իրենց  նշած «արշավին լծվածներին», նրանց   որակելով որպես  «ներկայիս  ՀՀ թուրքամետ իշխանությունների կամակատարներ,  վարձու գրչակներ, զանազան բացահայտ կամ քողարկված գործակալներ»։

«Այսօր երբ ՀՀ-ից և Արցախից արտագաղթի վտանգն է օդում կախված, Արցախ վերադարձող և այստեղ աշխատել ցանկացող ցանկացած հայի որոշում ողջունելի է` անկախ նրանից նա միլիարդատե՞ր է, թե՞ շարքային քաղաքացի։ Ու, բնականաբար, հասարակ արցախցիների շրջանում Ռուբեն Վարդանյանի որոշումը հույս ու հավատ է առաջ բերել։  Մի բան ակնհայտ է. այսօր մենք այն վիճակում ենք, որ սրանից ավելի վատի տեղ այլևս չկա, սրանից ավելի վատ չի լինելու։ Եթե որևէ բանով օգնել չեք կարող մեր հայրենիքին, ապա բարի եղեք չխանգարել նրանց, ովքեր փորձում են օգնել։ Ձեր անհիմն ենթադրություններով, բամբասանքներով դուք միայն թշնամուն եք օգնում, ոչ թե մեր երկրին»,- մասնավորապես գրել էին Ռուբեն Վարդանյանի վաստակաշատ համակիրները՝ նամակը եզրափակելով այսպես․ «Մարդու մասին դատում են նրա կատարած աշխատանքով։ Եվ բոլորին` անկախ նրանից, շարքային քաղաքացի՞ է, թե՞ հայտնի անձնավորություն, պետք է աշխատելու հնարավորություն տալ, հետո միայն դատել նրա կատարածի մասին»։

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ի դեպ,  ճիշտ նույն օրերին, երբ հրապարակվել էր վերոհիշյալ նամակը,  հարցազրույց էր տվել «Forbes»-ին և  մանրամասնել Արցախ տեղափոխվելու իր որոշումը՝  նշելով, թե չի պատաստվում պաշտոն ստանձնել։  «Եվ այս առումով իմ հիմնական գործառույթն է օգտագործել իմ փորձը (և՛ կառավարչական, և՛ ֆինանսական) և իմ կապերը՝ զուգորդված իմ հնարավորությունների հետ որպես մարդու, որը կարողանում է պայմանավորվածության գալ: Ամեն ինչ անել, որպեսզի երկարատև հակամարտության ծայրահեղ ծանր իրավիճակի պայմաններում Արցախը պահպանի իր հողերը, որտեղ հազարավոր տարիներ ապրել են հայերը։ Միաժամանակ, փորձեք սկսել հարևանների հետ հարաբերություններ կառուցելու դժվարին ճանապարհը՝ հենվելով ոչ թե այլատյացության ու փոխադարձ ատելության, այլ միմյանց կողքին ապրել սովորելու ցանկության վրա։ Ես միշտ եղել եմ մարդ, որը միշտ կապել եմ անկապելին։ Ես պատերազմին չեմ մասնակցել, չեմ կռվել, այս առումով ինձ հետ շփումը կարող է ավելի հեշտ լինել, քան Արցախյան պատերազմի միջով անցած մարդկանց հետ շփումը»։

Վերոհիշյալ նամակից ու հարցազրույցից  ամիսներ անց՝ նոյեմբերի սկզբին, Վարդանյանը ստանձեց Արցախի պետնախարարի պաշտոնը, մեկ ամիս անց ադրբեջանցի «էկոակտիվիստների» առաջին գրոհը տեղի ունեցավ  Լաչինի միջանցքի նկատմամբ, մի քանի օր անց էլ՝ սկսվեց միջանցքի տոտալ  բլոկադան, որը շարունակվում է մինչև այսօր։ Փաստ է, որ Վարդանյանի պետնախարար նշանակվելուց հետո Արցախը բախվել է   մեծագույն խնդրի, որի հանգուցալուծման գործում չեն օգնում Վարդանյանի՝ կապերն ու «պայմանավորվածության գալու», «անկապելին կապելու» կարողությունը, հարևան երկրի հետ բանակցություններ սկսելու օրակարգն էլ, չնայած Վարդանյանի՝Ալիևի հետ բանակցելու պատրաստակամությանը, տապալված է։ Ահա Վարդանյանի կատարածի մասին մեր դատումը, որն անում ենք ցավ ի սիրտ  և ամենևին  չչարախնդալով։ 

Այսօր հայտնի դարձավ, որ Վարդանյանի դեմ «արշավ սկսողներին» թրքահաճ անվանած բաց նամակի հեղինակներից մի քանիսը ներգրավված են ի պաշտպանություն  պետնախարարի ստեղծված հասարակական շարժման մեջ, որի նախաձեռնող խմբում, որի կազմում են տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ՝  իրավաբաններ, բժիշկներ, ինժեներներ։

Նախաձեռնող խումբն իր տարածած այսօրվա հայտարարության մեջ այժմ էլ «ներքին թշնամիներ» է անվանել Հայաստանում  և Արցախում ապրող  որոշ խմբերի՝ մասնավորապես նշելով՝ «վերջին ժամանակները մեզանում, ցավոք, տխուր ու դաժան ավանդույթ է դարձել, արտաքին թշնամուն զուգահեռ, ներքին թշնամու դեմ պայքարելը»։ «Պետական նախարար Ռուբեն Վարդանյանի դեմ պայքարում են ոչ միայն մեր արտաքին բացահայտ թշնամիները, այլև մեր ոխերիմ հակառակորդի շահերը սպասարկող ներքին թշնամիները` Հայաստանում, թե Արցախում։ Ժողովրդական հայտնի խոսքը բոլորդ գիտեք. գյուղ կանգնի` գերան կկոտրի։ ․․․Մենք թույլ չենք տա ներքին, թե արտաքին որևէ ուժ խարդավանքներով կամ այլ ստոր ձևերով փորձի խաթարել Ռուբեն Վարդանյանի աշխատանքային գործունեությունը։ Մարդու, որը կարճ ժամանակում վաստակել է արցախցիներիս վստահությունը, սերն ու հարգանքը։ Նման ուժերը ստիպված կլինեն պատասխան տալու Արցախի ժողովրդին։ Մեր անելիքների և ծրագրերի մասին հնարավոր բոլոր ձևերով և միջոցներով տեղյակ ենք պահելու ձեզ»։

Նախաձեռնող խմբի անդամները 7-ն են, որոնք այս անգամ չեն նշել իրենց մասնագիտությունն ու կոչումները՝ Արամ Խաչատրյան,  Գեորգի Ղազարյան,  Վալերի Խաչատրյան, Անաստաս Իսրայելյան,  Վարդգես Օվյան,  Յուրի Հովհաննիսյան,  Սերգեյ Մովսիսյան։

Մինչ  Ռուբեն Վարդանյանը միասնականության ու համախմբման կոչ է անում, նրան սատարող սույն պարոնայք, փաստրեն, զբաղված են  անցյալ դարի սկզբի քաղաքական բարքերին հարիր  կեցվածք որդեգրելով՝  «ներքին», նույն է թե՝ «դասակարգային թշնամիների դեմ» պայքար մղելով։  

Ի դեպ, սույն անձինք Լաչինի միջանցքի փակման հարցով տեսնես անցած մեկ ամսում որևէ բաց կամ փակ նամակ հղե՞լ են  Ալիևին և կամ ադրբեջանական մշակութային գործիչներին՝ նրանց հորդորելով դիմել  իրենց երկրի բռնակալին,  պահանջել օր առաջ բացել միջանցքն ու ցեղասպանության չենթարկել Արցախի ազգաբնակչությանը։
 
 
Ելենա Ազատյան