Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անդրադարձ է կատարվել ՀՀ–ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրին

Անդրադարձ է կատարվել ՀՀ–ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրին
Քաղաքականություն
22:08, 28 апрель 2021
Ապրիլի 28-ին առցանց ձևաչափով տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 6-րդ նիստը. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Նիստը համանախագահում էին ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանն ու Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի հարցերով գլխավոր տնօրինության մուտքի արտոնագրերի քաղաքականության և փաստաթղթերի անվտանգության բաժնի պետ Դիմիտրի Ջիոտակոսը։
Հանդիպման մեկնարկին կողմերը ողջունեցին ս․թ մարտի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը հանդիսանում է կարևոր նշաձող Հայաստան-ԵՄ հարաբերություններում:

Կողմերն անդրադարձ կատարեցին ՀՀ–ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրին՝ ընդգծելով վերջինիս կիրարկման գործընթացում գրանցված առաջընթացը և նախանշելով հետագա քայլերը՝ միտված համաձայնագրի լիարժեք իրագործմանը և արդյունավետության առավել բարձրացմանը։ Քննարկվեցին համապատասխան վիճակագրությունը, ինչպես նաև համաձայնագրի կիրարկմանը վերաբերող մի շարք հիմնախնդիրներ, մասնավորապես՝ միգրացիայի կառավարման, փաստաթղթերի անվտանգության, մուտքի արտոնագրերի քաղաքականության, սահմանների կառավարման և միգրացիայի տեղեկատվական համակարգերի ոլորտներում կազմակերպչական հարցերին:

Ընդգծվեց նաև փոխադարձ ջանքերի շարունակական գործադրման կարևորությունը` ուղղված քաղաքացիների շարժունակության խթանմանը, անօրինական միգրացիայի դեմ պայքարին և հետագայում Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին»։