Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2016թ. ապրիլին Սերժ Սարգսյանը խոստումներ է տվել Ադրբեջանին, որի հետևանքով պատերազմը կանգնել է. ԱԽ քարտուղար

«Ապրիլյան պատերազմը կանգնեցվել է հայկական կողմի խոստումների պատճառով եւ խոստումներից հետո, որը որոշակի չափով ժամանակացույց էր ենթադրում ու այդ ժամանակացույցը որոշակի  չափով ամառվա ընթացքում էր, երբ տեղի է ունենում «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավումը՝ Սերժ Սարգսյանը դա օգտագործելով եւս որոշակի չափով հետաձգում է մինչեւ 2017 թվականի ապրիլ»,- Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Այնուհետեւ մինչեւ իշխանության փոփոխության հետաձգում, բայց այդ մարդը, տալով բազմաթիվ այդպիսի խոստումներ, լքում է պաշտոնը եւ հետո գալիս հայտարարում է՝ ես պատրաստ էի ստորագրելու, ես պատրաստ էի ինչ-որ քայլերի, մինչդեռ ես հստակ ասեմ, որ իր տված խոստումների պատճառով մենք կանգնել էինք լուրջ խնդիրների առաջ»,-  ավելացրել է նա։

«Ազատության» հարցին՝ ի՞նչ խոստումներ է տվել Սերժ Սարգսյանը ապրիլյան պատերազմից հետո, Արմեն Գրիգորյանը պատասխանել է․

«Երեւի Սերժ Սարգսյանը կարող է դա ավելի հստակ ասել, բայց ապրիլյան պատերազմը կանգնել է եւ դրան հետեւել է ժամանակացույց եւ այդ ժամանակացույցով այդ պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն»։

Հարցին՝ դրանք տարածքները վերադարձնելու՞  խոստումներ էին, եւ կարո՞ղ ենք ասել, որ այդ խոստումները գոհացրել են ադրբեջանական կողմին, ԱԽ քարտուղարը պատասխանել է․ «Դրանց մասին երեւի Սերժ Սարգսյանը կարող է ավելի հստակ խոսել»։