Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սեյրան Օհանյանը մեզանից տեղեկացավ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին լուրը․ Գեղամ Մանուկյան

Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունվարի 20-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր: 

Լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ իրականում որևէ գրավոր փաստաթուղթ, դատախազի միջնորդության պատճենը ո՛չ Սեյրան Օհանյանը, ո՛չ իրենց խմբակցությունը չի ստացել։

«Լուրը քիչ առաջ տեղեկացանք մամուլից, և երբ որ այն ամբողջ փաստաթղթային հիմքը, որը գլխավոր դատախազը ներկայացրել է ԱԺ-ի ղեկավարությանը, ձեռքներիս տակ լինի, վստահաբար մեր դիրքորոշումը և պարոն Օհանյանն իր դիրքորոշումը կարտահայտի դրա հետ կապված։ Քիչ առաջ Սեյրան Օհանյանը մեզանից տեղեկացավ»,- ասաց Գեղամ Մանուկյանը։  

Civic.am-ը ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանից տեղեկացավ, որ Գլխավոր դատախազի միջնորդագիրը ԱԺ նախագահը ստացել է և այդ մասին տեղեկացրել Սեյրան Օհանյանին։

Մանրամասները՝ տեսանյութում