Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հենց Քոչարյանի ժամանակ է հաստատվել քրեաօլիգարխիկ տնտեսական համակարգը, որի ժամանակ եկամտաբեր բիզնեսներով կարող էին զբաղվել բացառապես իր մտերիմներն ու թիմակիցները»․ տնտեսագետ

«Հենց Քոչարյանի ժամանակ է հաստատվել քրեաօլիգարխիկ տնտեսական համակարգը, որի ժամանակ եկամտաբեր բիզնեսներով կարող էին զբաղվել բացառապես իր մտերիմներն ու թիմակիցները»․ տնտեսագետ
Քաղաքականություն / Տնտեսություն
19:25, 29 апрель 2021
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է հանդիպումներն իր աջակիցների հետ։ Նախօրեին հերթական անգամ Քոչարյանն իր աջակիցների հետ հանդիպմանը հպարտացել էր իր կառավարման տարիների տնտեսական հաջողություններով։  

«Եթե ես չունենայի այդ վստահությունը, որ մենք ի վիճակի ենք կրկնելու տնտեսական հաջողությունները, որոնք գրանցել ենք 1998-2008 թվականներին, ապա այս հայտը՝ մասնակցել ընտրություններին, չէի տա»,- հայտարարել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ավելացնելով, որ հնարավորություն կա Հայաստանը մեծ շինհրապարակի վերածելու, բոլորի համար աշխատատեղ ստեղծելու։  

«Ուղղակի պետք է աշխատել, լինել կարգապահ, պատասխանատվություն ստանձնել, հաստատուն քայլերով շարժվել՝ Հայաստանի վերականգնման ուղղությամբ»,- ասել է նա։  

Հիշեցնենք, սակայն, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը Քոչարյանի պաշտոնավարման տարիների «տնտեսական բումը» բնութագրել էր որպես «շինարարական փուչիկ», որը փչվեց, պայթեց և առաջացրեց բացասական երևույթներ։  

Տնտեսական մեկնաբան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը civic.am-ի հետ զրույցում նկատեց, որ Ռոբերտ Քոչարյանը որևէ հպարտանալու առիթ, պատճառ չունի իր պաշտոնավարման տարիների վեաբերյալ։ Այո, այդ տարիներին տնտեսությունը արհեստական փչվում էր և պայթեց հենց 2008 թվականին։ Քոչարյանի տնտեսական «հաջողություններին» անմիջապես հաջորդեց ամենախորը տնտեսական անկումը։ Եվ եթե  տնտեսական  հաջողությունները արհեստական չլինեին, անկումն այդքան խորը չէր լինի: «Արհեստական փուչիկ էր, որը փչվեց, պայթեց ու տեսանք ինչ խորը հետևանքներ եղան։ Հայաստանի տնտեսությունը որակական փոփոխություն չի կրել։ Զուտ քանակական՝ ի հաշիվ տրանսֆերտների մեծացման, պղնձի գնի բարձրացման և մի քանի այլ պատճառներով»,- ասաց Գևորգյանը։

Ինչ վերաբերում է  Հայաստանը մեծ շինհրապարակ դարձնելուն, ապա  տնտեսագետը նկատեց, որ Հայաստանը արդեն իսկ վերածվել է մեծ շինհրապարակի և ի տարբերություն Քոչարյանի կառավարման տարիների, ոչ թե շինարարական փուչիկ է, այլ նորմալ, հավասարակշռված աճ. «Ավելին, այսօր Հայաստանում գյուղատնտեսության աճ ունենք, որը տարիներ շարունակ չի եղել։

Հայաստանից արտահանվում են գյուղմթերքներ՝ և՛ վերամշակված, և՛ չվերամշակված, որը մի քանի տարի առաջ չէր արվում և մեր գյուղատնտեսությունն ի վիճակի չէր սեզոնից դուրս նման արտադրանք տալ։ Այնպես որ, ներկայումս Հայաստանի տնտեսությունը զարգանում է, հեռանկարներ կան, որակական փոփոխություն կա։ Եվ սա այն պարագայում, որ մենք Քոչարյանի փչած փուչիկի պայթյունից առաջացած հետևանքները մինչև 2013-2014 թվականը չէինք կարողնում հաղթահարել։ Իսկ հիմա պանդեմիայի պատճառով առաջացած ավելի ծանր  հետևանքները ևս   հաղթահարվում են, տնտեսությունը վերականգնվում է և մինչև տարեվերջ ճգնաժամը հաղթահարած կլինենք»,- ասաց Գևորգյանը։  

Պատգամավորի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի բոլոր խոստումները՝ լինի տնտեսության, թե այլ ոլորտի վերաբերյալ՝ պետք է դիտարկել բացառապես նախընտրական PR-ի շրջանակներում։ Ո՛չ ավելին։  

«Հենց Քոչարյանի ժամանակ է Հայաստանում հաստատվել քրեաօլիգարխիկ տնտեսական համակարգը, որի ժամանակ  ամենաշատ եկամտաբեր բիզնեսներով կարող էին զբաղվել բացառապես իր մտերիմներն ու իր թիմակիցները։ Հենց Քոչարյանի ժամանակ կոռուպցիան հասավ աննկարագրելի մակարդակների։ Հենց սա է Քոչարյանի պատկերացրած տնտեսական իրավիճակը։ Իսկ այսօր Հայաստանում չկան ո՛չ մոնոպոլիաներ, ո՛չ սիրելի օլիգարխներ։ Մեզանից շատ մեծ ջանք պահանջվեց այդ համակարգը վերացնելու համար»,- եզրափակեց Գևորգյանը։  

Ի դեպ, կարծես թե, Քոչարյանի մեթոդները իսկապես չեն փոխվել։ Նախընրական խոսումների շրջանակներում Քոչարյանի համակիրները սկսել են արդեն ընտրակաշառքի չափ շրջանառել։ Մեզ հասած տեղեկություններով մեկ ձայնի համար մինչև 50 հազար դրամ խոստումներ են տրվում ընտրողներին։ Քոչարյանի կողմից նախընտրական խոստումների մասին օրերս բարձրաձայնվեց նաև Ազգային ժողովում։  

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը նախօերին մեզ հետ զրույցում ասել էր, որ  իրավապահները պետք է նման հրապարակումները դիտեն որպես հանցագործության մասին հաղորդում և համապատասխան ընթացակարգերով կանխեն նման երևույթները. «Թևերն ու ոտքերը պետք է ջարդել բոլոր նրանց, ովքեր փորձում են ապականել ընտրական գործընթացը այն դեռ չսկսած։ Պետական մարմինները պետք է ամենայն լրջությամբ վերաբերվեն նման սպառնալիքների չեզոքացմանը»,- ասել էր Մեհրաբյանը։

Արփի Հարությունյան