Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրաչյա Սարգսյանը Թեհրանում կարևորել է գործընկեր քաղաքների տրանսպորտային համակարգի հաջողված փորձի կիրառումը Երևանում

Հրաչյա Սարգսյանը Թեհրանում կարևորել է գործընկեր քաղաքների տրանսպորտային համակարգի հաջողված փորձի կիրառումը Երևանում
Քաղաքականություն
19:07, 20 январь 2023
Պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը տրանսպորտի և երթևեկության ոլորտը համակարգող փոխքաղաքապետ Սեյեդ Մոջթաբա Շաֆեյի ուղեկցությամբ այցելել է Թեհրանի երթևեկության կառավարման կենտրոն, տեղում ծանոթացել աշխատանքներին. այս մասին տեղեկաՆում ենք Երևանի քաղաքապետարանից:

Կենտրոնի տնօրենը նշել է, որ շուրջօրյա աշխատող կառույցը շուրջ 2500 տեսախցիկով ամբողջությամբ համակարգում և վերահսկում է քաղաքի տրանսպորտային համակարգը, երթևեկության արդյունավետ կազմակերպումը, ինչպես նաև առցանց տեղեկատվություն է ստանում գրանցվող վթարների, փողոցներում կատարվող շինարարության, խցանումների ու մեքենաների անընդհատ փոփոխվող քանակի վերաբերյալ: Ներկայացնելով տրանսպորտային համակարգի՝ Երևանում նախաձեռնված բարեփոխումների ծրագրերը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն առանձնակի կարևորել է գործընկեր քաղաքների առաջատար ու հաջողված փորձի կիրառումը Երևանում:

Այնուհետ երևանյան պատվիրակության անդամներն այցելել են Թեհրանի մետրոպոլիտեն, շրջել կայարաններում ու երթևեկել մետրոյով: 2000թ. բացված մետրոպոլիտենն ունի 250 կմ-ոց ցանց, 143 գործող կանգառ և մեկ օրում տեղափոխում է շուրջ 2 մլն ուղևոր:
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ Երևանում ևս նախաձեռնվել է մետրոպոլիտենի 11-րդ՝ Աջափնյակ կայարանի կառուցման ծրագիրը, որն այժմ նախագծման փուլում է: