Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թե ինչպես Ռոբերտ Քոչարյանն «ամրապնդեց» Հայաստանի ու Արցախի բանակցային դիրքերը . Ստյոպա Սաֆարյան

Թե ինչպես Ռոբերտ Քոչարյանն «ամրապնդեց» Հայաստանի ու Արցախի բանակցային դիրքերը . Ստյոպա Սաֆարյան
Քաղաքականություն
20:19, 29 апрель 2021
ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ամրապնդելով մեր բանակցային դիրքերը՝ հնարավոր է վերադարձնել գերիներին, Շուշին ու Հադրութը, դառնալ տարածաշրջանի ամենաուժեղ պետությունը»։ Այս մտքերը 2021թ․ ապրիլի 29-ին ասել է 1998-2008թթ․ 10 տարի Հայաստանը ղեկավարած Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի ու Արցախի վարած մի քանի տասնամյա բանակցային  գործընթացից ու 2-րդ նախագահի «սխրագործություններից» անտեղյակ մի քանի տասնյակ երիտասարդների առջև։
 
1998թ․ բազմելով երկրի նախագահի աթոռին՝ հենց առաջին քայլով Ռոբերտ Քոչարյանը զրոյացրեց 1992-ից ծանր գնով, բավական մեծ դժվարությամբ ձեռքբերված Հայաստանի դիվանագիտական ու բանակցային հաջողություններից մեկը՝ Արցախը որպես բանակցությունների ինքնուրույն սուբյեկտ։ Հայ ժողովրդի առջև Քոչարյանը հայտարարեց, թե Արցախի փոխարեն պետք է բանակցի Հայաստանը, ինչի արդյունքում Արցախյան խնդիրը միջազգային հանրության կողմից մեկնաբանվեց որպես Հայաստան-Ադրբեջան միջէթնիկ հակամարտություն, տարածքային վեճ (որը և պնդում էր Ադրբեջանը), այլ ոչ թե ինքնորոշման իրավունքի հարց, որից 1990-91թթ. օգտվել էին թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը ԽՍՀՄ ու միջազգային իրավունքին լիովին համապատասխան։ 

Որպեսզի Ռ․Քոչարյանին ունկնդրած նոր սերունդը պատկերացնի, թե ինչի մասին է խոսքը, մի քանի դրվագ ներկայացնենք․ այդ արդյունքը ձեռք էր բերվել անպատկերացնելի համառությամբ․ օրինակ, հայկական երկու պատվիրակությունները՝ Երևանն ու Ստեփանակերտը բանակցությունների մեկնել են նույն ինքնաթիռով, բայց հյուրընկալողներին պարտադրել նույն ինքաթիռի մոտ երկու անգամ դիմավորել պատվիրակություններին՝ առանձին-առանձին, որպեսզի ընդգծվի որ նրանք տարբեր սուբյեկտներ են․ առաւջին պատվիրակությունն ինքնաթիռից իջել է, հուրընկալողները նրան դիմավորել են, հետո Հայաստանի ներկայացուցիչներն ասել են, որ կես ժամից նոր՝ Ստեփանակերտի պատվիրակությունն է գալու, գնացեք դիմավորեք, սակայն իրականում երկու պատվիրակությունն էլ իջել են նույն ինքնաթիռից։ Հռոմի հայ-ադրբեջանական հանդիպումներում Երևանից քանիցս չեն թույլատրել Քոչարյանին մասնակցել դրանց, երբ պարզ է դարձել, որ սեղանի շուրջ նրա դեմ ուզում են նույն հավասար իրավունքով նստացնել Արցախի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին (ի դեպ, բարձրաստիճան դիվանագիտական աղբուրները պատմում են, որ Քոչարյանի խելքն իրենը չի եղել ցանկացած պայմանով դրանց մասնակցելու համար, սական Երևանից չեն թողել), հասնելով նրան, որ ի վերջո զրուցակիցների տարբերությունն ընդգծվի՝ ինքւ որպես Արցախի օրինական ընտրված ներկայացուցիչ, իսկ ադրբեջանցիները՝ որպես «այլ ներկայացուցիչներ», ինչը և այդպիսի ձևակերպումով տեղ գտավ Բուդապեշտյան փաստաթղթում, զուգահեռաբար Արցախի ՊՆ ղեկավարն էլ ստորագրել էր 1994թ․ հրադադարի պայմանագրի տակ որպես ինքնուրույն կողմ ․․․ Ահա, թե ինչ գնով ձեռք բերված դիվանագիտական ու բանակցային հաջողությունը զրոյացրեց "բանակցային դիրքեր բարելավել խոստացող" Ռ․Քոչարյանը․․․

Այդ ամենի արդյունքը Արցախի միջազգային սուբյեկտայնության վերացումն էր։ Ցանկացած ինքնահռչակ պետության ճանաչում լինում է դե ֆակտո (նаխագահին, իշխանության մարմիններին իրենց կարգավիճակներով ճանաչելը, ընդունելը, հարաբերվելը, այդ թվում՝ համանախագահների այցելությունը Ստեփանակերտ և այլն/ և դե յուրե (վերջինս էլ ունի գործադիր` երկրների նախագահների, և օրենսդիր՝ խորհրդարանների կողմից ճանաչման ձևեր)։ Արցախի խնդիրն այն խնդիրն էր, որ դե ֆակտո ճանաչումներն այնքան պետք է շատանային, որ ինքնաբերաբար նպաստեին դե յուրե ճանաչմանը։ Բանակցություններում Արցախի սուբյեկտայնությունը, միջազգային փաստաթղթերում նրա անուղղակի ու ինքնուրույն հիշատակումը արդեն դե ֆակտո ճանաչման ձևեր էին, ու Ռ․Քոչարյանը այդ ամենը ամրապնդելու ու դե յուրե ճանաչման վերածելու փոխարեն այն ետ շրջեց։ Ադրբեջանին տրված դիվանագիտական հաղթաթուղթն այնքան զորեղ էր, որ հետագա 10 տարիներին Ալիևի ձեռքից այն ետ վերցնել չկարողացան թե՛ Սերժ Սարգսյանը, ով մի քանի անգամ ու հատկապես ապրիլյան պատերազմից հետո փորձեց դնել Արցախի՝ բանակցություններ վերադառնալու և Բաքվի կողմից Ստեփանակերտի հետ խոսելու պահանջը, ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ով 2018-ից հետո նույն հարցը դրեց պաշտոնական օրակարգում ու մանրակրկիտ հիմնավորեց, թե ինչու Հայաստանի նախագահը չի կարող բանակցել Արցախի փոխարեն և ով է կրում արցախցու մանդատը։ Նրանք երկուսն էլ չկարողացան վերականգնել այն վնասը, որը Քոչարյանի հասցրել էր Արցախի խնդրին ու Արցախին․․․ 

Հաջորդ հարվածը Քոչարյանն Արցախյան խնդրին հասցրեց 1999թ․ նոյեմբերին՝ Ստամբուլում քվեարկելով ԵԱՀԿ Ստամբուլյան հռչակագրի օգտին ու Արցախի մասով վերապահում չանելով, վետո չկիրառելով, վերջնահաշվում համաձայնելով, որ ԵԱՀԿ տարածքում հակամարտությունները պետք է կարգավորվեն պետությունների միջազգայնորեն ճանաչված սահմաններում, այդպիսով ճանաչելով ԵԱՀԿ Եզրափակիչ ակտի 10 հավասարազոր սկզբունքներից մեկի՝ տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայությունը մյուսի՝ ժողովուրդների ինքնորոշման և իրավահավասարության սկզբունքի նկատմամբ․․․ Դրանից կառչած Ալիևը հենց նույն Քոչարյանի պաշտոնավարման շրջանում՝ 2004, 2008թթ․ ընդունել տվեց ԵԽԽՎ, ԵԱՀԿ մի շարք բանաձևեր, որոնք ամրագրում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, թարմացնում, ուժ տալիս ու նոր երանգ էին հաղորդում 1993-94թթ․ ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերին, պարտադրելով Հայաստանին կատարել ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ-ին անդամակցելիս ստանձնած պարտավորությունները՝ հակամարտությունները խաղաղ լուծելու ու «օկուպացված տարածքները»  Ադրբեջանին վերադարձնելու պարտավորությունը։ Մինչև 1998թ․ այդ տարածքները գոնե միջազգայնորեն չճանաչված Արցախի տիրապետության տակ էին, Արցախը ոչ մի միջազգային կազմակերպության չէր անդամակցում, ի տարբերություն Հայաստանի՝ նման պարտավորության տակ չէր մտել, հետևաբար, դրանք վերադարձնելու պարտավորություն չուներ։ Եվ հենց Քոչարյանի պաշտոնավարման շրջանում ՀՀ կառավարությունը գաղտնի որոշում ընդունվեց, որով ազատագրված 7 շրջանները դուրս բերվեցին Արցախի ՊՆ ուղիղ վերահսկողությունից, բերվեցին Հայաստանի ՊՆ հրամանատարության ներքո, իսկ Հայաստանն էլ միջազգայնորեն ստանձնեց այդ 7 տարածքները վերադարձնելու պարտավորությունը, որից բանակցային սեղանի շուրջ հրաժարվելը արդեն բարդ բան էր․․․

1998թ․ Քոչարյանը Հայաստանի անունից բանակցեց Ադրբեջանի ու Արցախի՝ ընդհանուր պետություն կազմելու տարբերակը, ինչը սկիզբն էր Արցախը Հայաստանից անջատելու։ Այսինքն, Հայաստանի անունից համաձայնություն տրվեց, որ Արցախը կարող է լինել նաև Ադրբեջանի կազմում՝ որպես լայն իրավունքներով ֆեդերացիայի սուբյեկտ․․․ Դրանից ուղիղ մեկ տարի առաջ՝ 1997թ․ Արցախը պաշտոնապես մերժել էր կարգավորման փաթեթային տարբերակը, որով Արցախին տրվում էր ինքնավարության կարգավիճակ։ Այո, 1998թ․ ընդհանուր պետության տարբերակով Արցախի ինքնավարության մակարդակը բարձրանում էր, սակայն, միևնույնն է, պաշտոնապես այս անգամ պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի անունից համաձայնություն էր տրվում, որ Արցախը կարող է նաև դիտարկել միջազգայնորեն Ադրբեջանի կազմում լինելը․․․ Բարեբախտաբար Ադրբեջանը դրան էլ դեմ էր, քանի որ Բաքուն խուսափում էր Արցախի բարձր ինքնուրույնության ցանկացած՝ դե յուրե կամ դե ֆակտո ձևից․․․ 

1999թ․ Քոչարյանը «Մեղրիի տարբերակ» քննարկելով հայոց բանակցային գործընթացում աննախադեպ բան արձանագրեց՝ անպատկերացնելի ձևով իջեցնելով հայկական կողմի բանակցային նշաձողը, ինչը երբեք չեն արել ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի ու Արցախի անունից գաղտագողի Քոչարյանը համաձայնել էր Մեղրին Լաչինի դիմաց փոխանակելու եղանակով միջոցով Արցախը Հայաստանին միացնելով, իհարկե՝ մյուս 6 շրջանները վերադարձնելով Ադրբեջանին, որի արդյունքում Հայաստանը կորցնում էր Սյունիքը և Իրանի հետ սահմանը։ 1999թ․ հոկտեմբերի 27-ին Քոչարյանը պաշտոնապես վերջին անգամ դրան համաձայնություն էր տվել Երևան ժամանած ամերիկյան միջնորդական առաքելությանը, սակայն ԱԺ-ում կազմակերպված սպանությունը կանխում է դա, իսկ Քոչարյանն ու Ալիևը Ստամբուլում ԵԱՀԿ գագաթաժողովում չեն ստորագրում կարգավորման այդ տարբերակը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի անկայունացման պատճառով․․․ 
2000-ին Հայաստանում երկփեղկված իշխանությանը վերջ տալուց հետո Քոչարյանը շարունակում է նույն տրամաբանության մեջ բանակցությունները, սակայն այս անգամ տարածքների պարզ փոխանակության գաղափարի տրանսֆորմացմամբ՝ Լաչինի միջանցքի փոխարեն Սյունիքով Ադրբեջանին տալով Նախիջևանի հետ ցամաքային կապի "սուվերեն միջանցք", որն այդ տարածքի հանդեպ հաստատում էր Ադրբեջանի ինքնիշխան օգտագործման իրավունքը, այսինքն՝ Հայաստանը դրան խառնվել չէր կարող։ Քանի որ 1999թ․ տարբերակի համեմատությամբ Ադրբեջանին չէր տրվում բացարձակ սուվերենություն և Մեղրիի միջանցքը դե յուրէ չէր անջատվում Հայաստանից, այլ տրվում էր միջանցքի սուվերեն օգտագործման՝ այսինքն դե ֆակտո անջատում, Քոչարյանն ավելի շատ է զիջում Ադրբեջանին՝ համաձայնելով ադրբեջանցիների վերադարձին Շուշի ու այդ բերդաքաղաքի ադրբեջանական պատկանելությանը և նրա հետ կապվելու միջանցք՝ հենց Ֆիզուլի-Հադրութ գծով, ինչպես այժմ է, իսկ կարգավորման տեքստում տեղ է գտնում նաև Հայաստանի Տավուշի ու Ադրբեջանի Ղազախի շրջանների միջև սահմանների հստակեցումը Ադրբեջանի կողմից լքված գյուղերի վերադարձով ու սահմանի ճշգրտամբ․․․ Սա Քիվեսթյան տարբերակն է։ Քի վեսթում Քոչարյանը և Ալիևը դրան համաձայնում են, սակայն Բաքու վերադառնալով Հեյդար Ալիևը հենց օդանավակայանում հայտարարում է, որ չի կարող դրան կողմ լինել։ Արդյունքում բանակցային պատմության մեջ մնում է այն փաստը, որ Հայաստանի համար նման տարբերակը կարող է երբևէ ընդունելի լինել, ինչը այժմ հիշել է պատերազմում հաղթած Ալիևը և փորձում է պարտված կողմի վրա տարատեսակ ճնշումներով հասնել դրան․․․ Որովհետև՝ ժամանակին ինչ-որ մեկը Հայաստանի անունից համաձայնել է, որև դա կարող է աշխատել․․․ Եվ այդ ինչ-որ մեկը Քոչարյանն է․․․

Սակայն այսքանով չի ավարտվում բանակցային գործընթացում Հայաստանի ու Արցախի դիրքերին Քոչարյանի հասցրած վնասը։ Հակամարտությունների կարգավորման բազում տեսություններում կարգավորման մեթոդաբանության երեք խոշոր խումբ կա, որոնք միասին վերցրած կոչվում են "exit strategies"/"Ելքի ստրատեգիաներ"։ Առաջինը խումբը կոչվում "ինքնավարություն", երբ կողմերը քննարկում են անջատողական տարածքի ինքնավարության մակարդակի բարձրացումը և մակարդակը։ Արցախի համար դա արվել է 1997թ․՝ փաթեթային տարբերակով, որը մերժել ենք մենք՝ Ստեփանակերտը և Երևանը։ Դրան հաջորդող երկրորդ մոդելը «Ընդհանուր պետությունն» է, երբ լողմերը քննարկում են՝ արդյո՞ք հակամարտության կողմերը կարող են կազմել ֆեդերացիա կամ կոնֆեդերացիա․․․ Եթե դա էլ մերժվում է (իսկ դա մերժվեց Ադրբեջանի կողմից)՝ միջնորդների ֆասիլիտացիայով անցնում են երրորդ ստրատեգիային՝ «քաղաքակիրթ ապահարզան»-ին․ այս տարբերակի դեպքում կողմերը «բաժանվում են» կա՛մ երկուստեք համաձայնությամբ՝ ինչպես Չեխիան ու Սլովակիան, իսկ եթե դա չի ստացվում՝ դիմադրող ու անհամաձայն կողմի համառությունը հաղթահարելով, ինչպես Կոսովոյի դեպքում՝ միակողմանի ճանաչումով։ Եթե մի պահ անգամ ընդունենք, որ Քոչարյանը Արցախի նախագահի, ապա Հայաստանի նախագահի կարգավիճակներում այդ երեք փուլերին մասնակցել է, մի կողմ թողնենք, թե որքան է նա իջեցրել բանակցային նշաձողն ու ինչ հարված է հասցրել Արցախի ու Հայաստանի շահերին, այդ բոլոր փուլերից հետո նա առնվազն պետք է պնդեր, որ երեք ստրատեգիաներն էլ փորձարկվել են և պետք է անցնել քաղաքակիրթ ապահարզանի, ավելի ստույգ՝ Կոսովոյի մոդելին․․․ Այսինքն, Ռ․ Քոչարյանը գիտակցված կամ տգիտությամբ պայմանավորված չի պնդել նման դեպքերում անխուսափելի քայլը՝ "քաղաքակիրթ ապահարզանի" կամ "միակողմանի ճանաչման" վերջին տարբերակը, մանավանդ որ հենց նույն շրջանում՝ Սերբիայի դիմադրությունը հաղթահարելու համար միջազգային հանրության հովանու ներքո 2006-2007թթ․ Կոսովոյի համար դիմում էին Հաագայի դատարան՝ պարզելու համար, թե միակողմանի ճանաչումը արդյո՞ք հակասում է միջազգային իրավունքին, թե՞ ոչ, իսկ 2008-ին արդեն սկսվելու էր շղթայական ճանաչումը ԱՄՆ գլխավորությամբ․․․

Ավելի վատ վատ բան է տեղի ունենում․ Քոչարյանը բանակցում է Մադրիդյան առաջարկները, որով ճանաչվում է, որ ԼՂԻՄ հարակից շրջանները "օկուպացված" են և ենթակա վերադարձի, դե ֆակտո խոտանվում է 1991թ․ Արցախում կայացված անկախության հանրաքվեն ու քաղաքական պարտավարություն է ստանձնվում նոր հանրաքվե անցկացնելու Արցախի ժողովրդի կամաարտահայտությունը ստանալու ու Արցախի կարգավիճակը ամրագրելու համար․․․ Այսինքն, Հայաստանը պաշտոնապես հայտարարում է, որ Արցախի՝ արդեն իսկ կայացած կամաարտահայտությունը "խոցելի է", քանի որ Ադրբեջանը դրան համաձայն չէ, և այժմ պետք է նրա հետ պայմանավորվել նոր հանրաքվե անցկացնելու շուրջ, որին Ադրբեջանը պարտադիր պետք է համաձայն լինի․․․ Կրկնում եմ՝ այս ողբերգությունը տեղի է ունենում այն շրջանում, երբ Սերբիան էլ Ադրբեջանի նման համաձայն չէր "ապահարզանին ու անջատմանը", սակայն նմիջազգային հանրությունը որոշել էր միջազգային իրավունքի շրջանակներում անտեսել Բելգրադի անհամաձայնությունը․․․ Մինչդեռ Արցախի խնդրի դեպքում Ռոբերտ Քոչարյանի համաձայնությամբ Արցախի կարգավիճակի ու նոր հանրքվեի հարցը դրվում էր Ալիևի կամքի ու ցանկության տակ, առանց որի դա չես կարող անել, իսկ Արցախի հին կամարատահայտությունն էլ դե ֆակտո ու միջազգայնորեն չես ճանաչում․․․ 2007թ․ Քոչարյանի՝ պաշտոնապես ընդունած ու հավանության արժանացրած Մադրիդյան առաջարկները հնեց սրա մասին էին։ 

Այս ամենի արդունքում, Քոչարյանի թողտվությամբ Հայաստանն ու Արցախը ոչ թե դուրս եկան անվերջ բանակցությունների արատավոր ցիկլից, այլ մեզ վերադարձրեցին ցիկլի սկիզբը՝ առաջին փուլին, «exit strategy»-ի առաջին մոդելին, երբ 2007-ին մեզ առաջարկվեց բանակցել 1997թ․ Փուլային կարգավորմանը տանող տարբերակին, քանի որ Ալիևը համաձայն չէր անկախ կարգավիճակին, Արցախի կարգավիճակի հարցում առավելագույնը համաձայն էր «լայն ինքնավարություն» տալ, նոր լոկալ հանրաքվեն տապալելու համար փոխեց Սահմանադրությունը՝ պարտադիր դարձնելով հանրաքվեների համապետական բնույթը, ու այսպես շարունակ․․․․ Արդյունքում Մադրիդյան առաջարկություններն աստիճանաբար վերածվեցին 1997թ․ Ընդհանուր պետության տարբերակից շատ ավելի վատ մոդելին, երբ Հայաստանը Ալիևից խաղաղությու էր «գնում» տարածքների վերադարձով, իսկ կարգավիճակի հարցը հետաձգվում ապագա (հետագայում դրա տրամաբանական շարոնակությունը Կազանյան տարբերակը, Լավրովի պլանն էին․․․)  
Իսկ թե ինչպիսի «ուժեղ» պետություն կառուցեց Քոչարյանը, երբ հենց իր պաշտոնավարման շրջանից Ադրբեջանի ռազմական բյուջեն ու ծախսերը սկսեցին թռիչքային աճել, իսկ 2006-07թթ․ Բաքվի կողմից կնքվեցին առաջին միլիարդանոց պայմանագրերը սպառազինություններ ձեռք բերելու համար, դա առանձին խոսակցության թեմա է։ Քոչարյանի արտգործանախարարն էր, որ հայտարարում էր, թե Հայաստանը «100 տարի էլ կարող է զարգանալ շրջափակման մեջ», ով նաև հայտարարում էր, թե Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը չի աշխատելու, քանի որ Բաքվի նավթի մեծ պաշարները բլեֆ են և շուտով խողովակները դատարկ են մնալու։ Նրա օրոք էր, որ Ռուսաստանը դուրս եկավ Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկողության պայմանագրից (դրա համար ինքը չէ որ մեղավոր է, իհարկե), որով մեր տարածաշրջանում այլևս միջազգային ինսպեկցիաների, քվոտաների հարցերը վերացան, բայց Հայաստանը պաշտոնապես տեսանելի ու իրենից կախված ջանքն էլ չգործադրեց այդ խնդիրների լուծման ուղղությամբ քայլ անելու ու սպառազինությունների մրցավազքը կասեցնելու ուղղությամբ, տեսնելով, թե դեպի ուր է շարժվում Ադրբեջանը ու ունենալով Արցախյան պոտենցիալ թատերաբեմ․․․․ Նրա օրոք էր, որ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի հսկաները 2001թ․ «գույք պարտքի դիմաց» հանձնվեցին Ռուսաստանին, սակայն այդպես էլ չվերագործարկվեցին, և միայն 2016-ին Սերժ Սարգսյանի համար պարզ դարձավ, որ պատերազմի սպառնալիքի ներքո գտնվող երկիրն առանց սեփական ռազմարդյունաբերության չի կարող լինել, իսկ Ադրբեջանն արդեն ահագին առաջ է անցել․․․ 
Ու այս ամենն այն դեպքում, երբ 1998թ․ պալատական հեղաշրջման նախօրեին Ռոբերտ Քոչարյանը Տեր-Պետրոսյանին հակաճառել էր, թե Հայաստանը կարող է լինել Կովկասի Իսրայելը՝ Ռուսաստանի այնպիսի աջակցությամբ, ինչ Իսրայելն ունի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ից, կամ որ Հայաստանը կարող է լինել Կովկասի ժանդարմն ու պահել 8000 քառակուսի կիլոմետր տարածքով Արցախը․․․  Այդ քարտեզը դրվել էր Տեր-Պետրոսյանի առջև, որ եթե կարող ես ապահովել՝ մնա իշխանության, եթե չես կարող՝ գնա, ես կապահովեմ․․․ Իսկ թե ինչպես նա ապահովեց, շարադրվածը կարդացեք նորից․․․