Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչո՞ւ 2020 թ. ամռանը Ռոբերտ Քոչարյանը որոշեց մանրամասնել Մեղրու հարցը. Հակոբ Բադալյան

Ինչո՞ւ 2020 թ. ամռանը Ռոբերտ Քոչարյանը որոշեց մանրամասնել Մեղրու հարցը. Հակոբ Բադալյան
Քաղաքականություն
21:16, 29 апрель 2021
Քաղաքական վերլւոծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

Որքան չի դավաճանում հիշողությունս, Ռոբերտ Քոչարյանը իր նախագահության ընթացքում եւ հետո էլ մոտ երկու տասնամյակ չի մանրամասնել Քի Վեսթի փուլի կարգավորման տարբերակում Մեղրու հանգամանքի բովանդակությունը, պարզապես իր եւ թիմի միջոցով մշտապես բավարարվելով մեղադրանքները հերքելով՝ թե «փոխանակում էր Մեղրին»: Իսկ այդ մեղադրանքները հնչում էին 2000-2001 թվականներից սկսած:

Ընդ որում, մի թերեւս մանրուք թվացող, բայց հատկանշական դետալ՝ այդ մեղադրանքները հնչեցնող ամենաաշխույժ գործիչներից մեկը, այդ թվում հանրահավաքային հարթակից՝ Աշոտ Մանուչարյանն էր: Իսկ նա բավականաչափ հայտնի է Արեւմեւտքի հանդեպ իր մերժողական, եւ Ռուսաստանի հանդեպ իր, մեղմ ասած, խիստ լոյալ վերաբերմունքով:

Ահա, այդ թվում նա Ռոբերտ Քոչարյանին ինտենսիվ եւ աշխույժ մեղադրում էր այդ տարիներին, որ նա Քի Վեսթում «փոխանակում էր Մեղրին»: Եվ, ինչպես նշեցի, եթե իհարկե սխալ չեմ հիշում, երկրորդ նախագահը եւ նրա թիմը թե պաշտոնավարման, թե դրանից հետո ժամանակահատվածում ընդամենը հերքում էին մեղադրանքները, բայց երբեք չեն մանրամասնել՝ եղե՞լ է հարց, եւ ինչ բովանդակությամբ:

Եվ միայն 2020 թվականի ամռանը, հարցազրույցներից մեկում Ռոբերտ Քոչարյանը անդրադարձավ Մեղրիին եւ նշեց, թե չի եղել Մեղրին հանձնելու խոսք, չի եղել Մեղրու տարածքի խոսք, այլ եղել է Մեղրու տարածքով Ադրբեջանին ընդամենը «սուվերեն ճանապարհի» տարբերակ, որն ըստ երկրորդ նախագահի կարող էր լինել կամ էստակադայի, կամ թունելի տեսքով:

Ինչու՞ 2020 թվականի ամռանը Ռոբերտ Քոչարյանը որոշեց մանրամասնել Մեղրու հարցը: Ինչու՞ նա 2020 թվականի ամռանն ըստ էության ընդունեց, որ եղել է  «սուվերեն ճանապարհ» ենթադրող համաձայնություն:

Հ.Գ. մեկնաբանություններում խնդրում եմ զերծ մնալ կոշտ ու կոպիտ անձնական գնահատականներից, հարգելի օգտատեր ընկերներ եւ ոչ ընկերներ: Մաքուր պահենք Ֆեյսբուքի մեր տարածքները: