Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հունվարի 23-ին Արարատ Միրզոյանը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ

Հունվարի 23-ին Արարատ Միրզոյանը կհանդիպի  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ
Քաղաքականություն
14:12, 21 январь 2023
ՆԱՏՕ-ի՝ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության մամուլի խոսնակ Օանա Լունգեսկուն թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հունվարի 23-ին կհանդիպի ՀՀ ԱԳ նախարարի հետ։

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար  Յենս Ստոլտենբերգը հունվարի 23-ին կհանդիպի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ»,- գրել է ՆԱՏՕ-ի խոսնակը։

Հիշեցնենք, որ օրերս Հայաստանում էր  Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, ինչպես նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը  քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ներկայիս կարգավիճակին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության զարգացման և ընդլայնման հնարավորություններին։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ի թիվս այլ հարցերի, զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը։

Իսկ ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ հաստատության կատարած փաստահավաք աշխատանքները։


Անահիտ Խաչատրյան