Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արա Այվազյանը ֆրանսիացի խորհրդարանականների ուշադրությունը հրավիրեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրության վրա

Ապրիլի 29-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Գի Տեսիեին, Ֆրանսուա Պուպոնիին, Վալերի Բուայեին, Մարգրիտ Դըպրե-Օդըբերին և Քսավիե Բրետոնին. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Արա Այվազյանը գոհունակություն հայտնեց հայ ժողովրդին ցուցաբերվող զորակցության և հայ-ֆրանսիական բարեկամության օրակարգը հետևողականորեն առաջ մղելու գործում ֆրանսիացի խորհրդարանականների ունեցած մեծ ավանդի և հետևողականության առնչությամբ: Նախարարի պաշտոնակատար Այվազյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին ֆրանսիական կողմից նման բարձր ներկայացվածությունը համամարդկային արժեքներին և արժանապատվությանը Ֆրանսիայի աներեր հանձնառության վերահաստատումն է:

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը և Ֆրանսիայի ԱԺ ներկայացուցիչները մտքեր փոխանակեցին հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Բարձր գնահատվեց խորհրդարանական հարթակում ձևավորված սերտ համագործակցությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերին: Այս համատեքստում Արա Այվազյանը խորհրդարանականների ուշադրությունը հրավիրեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրության, արցախահայության առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների և դրանց հասցեագրման հրատապության վրա:

ԱԳ նախարարի պաշտոնակատար Այվազյանը շնորհակալություն հայտնեց ֆրանսիացի խորհրդարանականներին պատերազմի ընթացքում և դրան հաջորդած շրջանում արցախահայությանն աջակցելու համար»,- ասված է հաղորդագրությունում: