Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դուք չպետք է ընդունեք այդ առարկությունը, դա դեմ է կարգին․ Լաչինի միջանցքը փակ է և ունի աղետալի հետևանքներ»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Սամադ Սեիդովի առարկության առիթով

«Դուք չպետք է ընդունեք այդ առարկությունը, դա դեմ է կարգին․ Լաչինի միջանցքը փակ է և ունի աղետալի հետևանքներ»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Սամադ Սեիդովի առարկության առիթով
Քաղաքականություն
19:30, 23 январь 2023
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում միակ պատվիրակը, որը դեմ արտահայտվեց Լաչինի միջանցքի շրջափակման հարցով քննարկման կազմակերպմանը ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովն էր։ ԵԽԽՎ նախագահ Թինի Կոքսը հայտարարեց, որ ԵԽԽՎ նախագահության կողմից առաջարկ է եղել այս հարցով ընթացիկ հարցերի քննարկում կազմակերպել և հարցրեց՝ դեմ անձինք կա՞ն։ Ոչ մեկը չարձագանքեց․ գրում է aravot.am-ը։ Այնուհետև նախագահն ասաց, որ առարկություններ չկան, ուստի հարցը դրվում է քվեարկության։ Այս բանից հետո ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության նախագահ Սամադ Սեիդովը հայտարարեց, թե առարկություններ ունի։ Նրան տրվեց խոսքի իրավունք։

Նա հայտարարեց․ «Այսօր մենք ականատես եղանք որոշ խնդրահարույց հարցերի, որոնք տարօրինակ են ինձ համար։ Ես դեմ եմ այս հարցով ընթացիկ հարցերի քննարկում կազմակերպելուն, քանի որ այդ ամենը ճիշտ չէ։ Ես գիտեմ՝ կլինեմ փոքրամասնություն, բայց պիտի ասեմ, որ սա ճիշտ չէ։ Լաչինի միջանցքը բաց է։ Հենց այդ է պատճառը, որ երբ դուք քննարկման վերնագրում գրում եք շրջափակում, սա չի համապատասխանում իրականությանը։ Այս պատճառով էլ ես դեմ եմ և ունեմ փաստեր։ Ես դեռ հնարավորություն կունենամ դրանք ձեզ ներկայացնելու, ցույց տալու, որ ճանապարհը բաց է և ոչ մեկը չի պատրաստվում այն փակել։ Բայց որոշ ուժեր ուզում են ցույց տալ հակառակ իրավիճակը, դա է պատճառը, որ ես դեմ եմ այդ քննարկմանը»։

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ Սամադ Սեիդովի առարկությունը նախագահությունը չպետք է ընդունի, քանի որ ԵԽԽՎ նախագահի հարցից հետո՝ ո՞վ է դեմ, ոչ մեկը չէր արձագանքել։ Դա դեմ է կարգին։ Այնուհետև Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց․ «Լաչինի միջանցքը փակ է և այն ունի աղետալի հետևանքներ։ Դա հումանիտար ճգնաժամ է, և այդ հարցն անպայման պետք է քննարկվի»։ Այնուհետև հարցը դրվեց ԵԽԽՎ քվերկության։ Այն ընդունվեց ձայների 91 «կողմ», 13 «դեմ», 13 «ձեռնպահ» հարաբերակցությամբ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քննարկումը տեղի կունենա հինգշաբթի օրը՝ հունվարի 26-ին՝ լիագումար նիստի երկրորդ հատվածում՝ Ստրասբուրգի ժամանակով ժամը 17։00-ից հետո, Երևանի ժամանակով ժամը 20․00-ից հետո։