Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքում և դատախազության դիմաց կազմակերպված ցույցերի դեպքերով 28 անձ մեղադրյալ է ներգրավվել․ հաջորդ շաբաթ թվերի աճ կլինի․ՔԿ

Սյունիքում և դատախազության դիմաց կազմակերպված ցույցերի դեպքերով 28 անձ մեղադրյալ է ներգրավվել․ հաջորդ շաբաթ թվերի աճ կլինի․ՔԿ
Քաղաքականություն
14:36, 30 апрель 2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի՝ Սյունիքի մարզ այցի ժամանակ սադրանքներով և հայհոյանքներով, ճանապարհ փակելով կազմակերված ակցիաների, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության դիմաց նմանաբնույթ ցույցի դեպքերով հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։ 

Քննչական կոմիտեից Civic.am-ին տեղեկացրեցին, որ Մեղրիի, Ագարակի և Շուռնուխի դեպքերով հարուցված քրեական գործերը մեկ վարույթ են ընդունվել։

Նշենք, որ Շուռնուխի դեպքով քրեական գործը հարուցվել էր՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն), իսկ Ագարակի և Մեղրիի դեպքերով  258-րդ հոդվածի 3-րդ մասի՝ 1,2 և 5-րդ մասերով (կազմակերպված խուլիգանություն, որը զուգորդվել է ցինիզմով և իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով), ինչպես նաև 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։ 

«Ագարակի դեպքով երեք անձ բերման է ենթարկվել, 14 անձ ինքնակամ է ներկայացել, 10-ը ձերբակալվել էին, իսկ 15-ը ներգրավվել են որպես մեղադրյալ։ Այդ 15 անձանց մասով ներկայացվել էին կալանավորման  միջնորդություններ, սակայն դատարանը միայն մեկի միջնորդությունն է բավարարել։ Շուռնուխում ձերբակալվել է 12 անձ, 10-ը ներգրավվել է որպես մեղադրյալ»,-ասաց ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

Անդրադառնալով գլխավոր դատախազության դիմաց կազմակերպած ակցիային՝ Վարդան Թադևոսյանը նշեց, որ այդ դեպքով մեկ անձ կալանավորված է՝ Հայկ Հեքիմյանը, և 2 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը․ «Երկուշաբթի, ամենայն հավանականությամբ, գուցե թվերի աճ լինի»,-հավելեց նա։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին՝ Ագարակում, Մեղրիում և Շուռնուխում ՀՀ վարչապետի պաշտոնակատարի այցը նշված վայրեր խոչընդոտելու դեպքերի հաջորդ օրը ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ հայհոյանքներով զուգորդված բողոքի ակցիա էին կազմակերպել Երևանում՝ Գլխավոր դատախազության շենքի մոտ։ Ընդդիմության խոսքով՝ այդ ակցիան  նախօրեին բերման ենթարկված Սյունիքի մի շարք բնակիչների՝ այդ թվում Մեղրիի քաղաքապետի պաշտպանությանն էր ուղղված։ Ակցիայի ժամանակ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը կոչ արեց՝ «Ժողովուրդ դուք ազատ եք, ինչ ուզում եք արեք», որից հետո ընդդիմության որոշ ներկայացուցչներ Գլխավոր դատախազության շենքի մոտ բախվեցին ոստիկանների հետ և փորձեցին ներխուժել դատախազություն, նրանք հայհոյանքներ էին հնչեցնում վարչապետի հասցեին, այնուհետև ձվեր ու շշեր նետեցին ոստիկանների ուղղությամբ։ Ցուցարարների ու ոստիկանների միջև բախման արդյունքում ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը վատացավ, նա տեղափոխվեց հիվանդանոց։ Գլխավոր դատախազությունն առաջարկեց ընդիմության ներկայացուցիչներին հանդիպել շենքի ներսում, սակայն նրանք հրաժարվեցին, ինչի մասին տեղեկացրեց դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։