Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ նոր առաքելության ուղարկման փաստը ակնհայտորեն խոցել է ՀԱՊԿ-ի «ինքնասիրությունը»՝ ստիպելով հիշեցնել իր մասին. թե ինչպիսի արտաքին վեկտոր կընտրի ՀՀ-ն՝ դա բացառապես ՀՀ ժողովրդի որոշելիքն է

ԵՄ նոր առաքելության ուղարկման փաստը ակնհայտորեն  խոցել է  ՀԱՊԿ-ի  «ինքնասիրությունը»՝ ստիպելով հիշեցնել  իր մասին. թե ինչպիսի արտաքին վեկտոր կընտրի ՀՀ-ն՝ դա բացառապես ՀՀ ժողովրդի որոշելիքն է
Քաղաքականություն
18:13, 25 январь 2023
Ռուսական պրոպագանդան  սկսել է Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ դիտորդական նոր առաքելության տեղակայման դեմ քարոզչական արշավը։  Գործի են դրվել ոչ միայն փորձագիտական, այլ նաև փորձագիտա-պաշտոնական շրջանակները, որոնք որոշակիորեն  հանրայնացրել են Կրեմլում այդ հարցի շուրջ առկա դիսկուրսը։ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին, որը  երեկ «Հարավային Կովկաս. Ռուսաստանի և Իրանի շահերը» թեմայով Մոսկվա-Թեհրան տեսակամուրջի ժամանակ անդրադարձել է ԵՄ դիտորդների տեղակայման հարցին, կարելի է դիտարկել  այս հարցի շուրջ  կրեմլյան հուզառատ   տրամադրությունները փոխանցող  խողովակ։ Նախ՝ ուշադրություն պետք է դարձնել  այն համատեքստին, որի  շրջանակներում պարոն Զատուլինն արտահայտվել է խնդրո առարկա  առաքելության մասին՝ Ռուսաստանի և Իրանի շահեր։ 

Հայասերի համբավ ունեցող գործիչը  նախ նշել  է, որ ՌԴ-ում հնչում են հարցեր, թե արդյոք ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը չի՞ սրի իրավիճակը՝ հավելելով. «Մենք ներկա պահին ԵՄ-ի հետ գտնվում ենք թշնամական իրավիճակում, փաստացի առճակատման մեջ ենք։ Բայց ես, այդուհանդերձ, այստեղ զսպվածություն դրսևորելով՝  չեմ շտապի նախօրոք խուճապի մեջ ընկնել։  Ինձ թվում է՝ այդ դիտորդների մանդատը բավականին սահմանափակ է»։ ԵՄ առաքելության մանդատի  նպատակների,  դրա «սահմանափակ» լինելու մասին անվստահ տոնով  խոսող Զատուլինի  հետագա խոսքից, սակայն,  պարզ է դառնում, որ վերջինս  շատ լավ էլ տեղեկացված է առաքելության բնույթի և նպատակների մասին։ «Հայաստանը ԵՄ քաղաքացիական առաքելությանը հրավիրել է, որպեսզի դիմադրի Ադրբեջանի ճնշմանը և գտնի ցանկացած դաշնակից այս ճնշման դեմ պայքարում»։ «Ես պետք է ասեմ, որ Ադրբեջանի վարքագիծը, և նրան աջակցող   Թուրքիայի, հիմք է տալիս  նման մտահոգությունների համար։  Ինձ թվում է՝ այս փուլում Ռուսաստանի, նաև Իրանի համար առավել կարևոր է, որ ուշադրություն դարձնեն ոչ տարածաշրջանային ուժերի ցանկացած ներխուժմանը Կովկաս։  Մենք պարտավոր ենք դա անել։ Մենք ի վիճակի ենք Կովկասում ապահովել խաղաղություն՝ գործելով համերաշխությամբ»։ Ուշադրության է արժանի  Զատուլինի այս  շեշտադրումը՝  «Կովկաս  ոչ տարածաշրջանային ուժերի ներխուժում»։ 

Նկատենք, որ ՀՀ-Իրան հարաբերությունների՝ վերջին շրջանում նկատվող աշխուժության ֆոնին Զատուլինի  այս  սադրիչ  հայտարարությունը  պատահականություն լինել չի կարող՝ հաշվի առնելով այն հանգամանքը,  թե Իրանը որքան զգայուն է «ոչ տարածաշրջանային» ուժերի ենթադրյալ ներխուժումների  նկատմամբ  և մեկ անգամ չէ, որ կոշտ հայտարարություններ է արել այդ մասին։ Հիշեցնենք, որ անցյալ տարի հոկտեմբերին, երբ հայտնի դարձավ ՀՀ-Ադրբեջան սահմանին ԵՄ դիտորդական սահմանափակ թվով առաքելության տեղակայման մասին, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, շեշտելով, որ չի հանդուրժի հայ-իրանական սահմանի փոփոխություն, միաժամանակ հայտարարեց. «Իրանը դեմ է, որ տարածաշրջանում՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքում, ներկա լինեն օտարերկրյա ներկայացուցիչներ»։ Ապա ընդգծեց. «Մեզ համար շատ կարևոր է ներքին ներկայացուցիչների գործունեությունը տարածաշրջանում, ինչպիսին է «3+3» պլատֆորմը»։  Իսկ հաջորդ օրը Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումից հետո  ԻԻՀ  գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինը, արձագանքելով «Ազատության» հարցին, թե մասնավորապես ի՞նչ նկատի ուներ նախարարը, երբ հիշատակում էր օտարերկրյա ներկայացուցիչներին, արդյոք խոսքը Եվրամիությունից ժամանող 40 դիտորդների մասի՞ն է, պատասխանել էր. «Հավանաբար նախարարը նկատի ուներ օտարերկրյա ռազմական միավորումները, որոնք միգուցե կարող են ներկայություն ունենալ տարածաշրջանում: Մենք միշտ ընդգծել ենք, որ տարածաշրջանի երկրները իրենց անվտանգությունն ապահովելու նպատակով օտարերկրյա զինված ուժերի ներկայության կարիքը չունեն թե՛ երկրի հարավում, թե՛ երկրի հյուսիսում»:  

Ուշագրավ է նաև Զատուլինի մեկ այլ հայտարարություն՝  այս անգամ Կովկասում այս  պահին ամենաակտուալ ճգնաժամի՝ Լաչինի միջանցքի փակման հարցով,  և այն կոնտեքստը, որում ռուս պաշտոնյան շոշափում է թեման, ապա և հանգուցալուծում է առաջարկում։ 

Խոսելով  44-օրյա պատերազմի մասին և դրանում  ՌԴ-ի «չունեցած» դերակատարության մասին՝ Պետդումայի պատգամավորը կիսվում է  իր  դարդերով՝ գանգատվելով Ադրբեջանից.  «Այսօր Ադրբեջանը օգտագործում է մեր խաղաղապահների մանդատի չհստակեցումը, որպեսզի ցուցադրի նրանց ոչ արդյունավետությունը, անկարողությունը խնդրի լուծմանը։  Ես գտնում եմ, որ պետք է անմիջապես միջոցներ գործադրել շրջափակումը դադարեցնելու համար։ Եվ կարծում եմ՝ ՌԴ-Իրան միասնական հայտարարությունը շատ դրական քայլ կլինի»։ Առնվազն տարօրինակ է, թե ինչու հատկապես Իրանը պետք է միանա Լաչինի միջանցքի ապաշրջափակման գործին, թեկուզ հայտարարություն անելու մակարդակով, և ՌԴ-ի հետ, փաստորեն, կիսի պատասխանատվություն,  եթե ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության՝ միջանցքի վերահսկումը, հետևապես դրա բացումը ՌԴ-ի պատասխանատվությունն  է։ Երկրորդ՝  Զատուլինը պետք է որ տեղյակ լինի  անցած 40  և ավելի օրերի ընթացքում միջազգային տարբեր  կառույցների, սուբյեկտների կողմից  հնչեցված՝ Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին  հայտարարություններին, որոնք, սակայն, արհամարհանքի են արժանացել Ադրբեջանի կողմից։ Արդ, ի՞նչ է տալու Իրան-ՌԴ համատեղ հայտարարությունը՝ այն էլ Իրան-Ադրբեջան հարաբերությունների վերջին շրջանում ի հայտ եկած  սրացման ֆոնին։  Ի՞նչ սցենարի հնարավոր խաղարկման մասին է ակնարկում  Զատուլինը՝ չբացելով  փակագծերը՝ կերևա առաջիկա զարգացումներից։

Զատուլինի՝ ԵՄ  դիտորդական առաքելության  վերաբերյալ արված մեկ այլ հայտարարություն էլ առնչվում էր  ՀՀ-ի վեկտորալ փոփոխությանը, արտահայտություն, որի վրա էլ առավելապես ֆիքսվել է  հայ փորձագիտական հանրության ուշադրությունը։  «Եթե այսօր ԵՄ-ից այդ պարոնները մտադիր են օբյեկտիվ գնահատել Ադրբեջանի վարքագիծն այս տարածաշրջանում և դրա հիման վրա նրանից ինչ-որ բան պահանջել, կարծես դա էլ անում են, թող պահանջեն, իսկ դրանում ի՞նչ վատ բան կա։ Դրանում որևէ վատ բան չկա։ Եվ եթե դրա հիման վրա նրանք կցանկանան փոխել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության վեկտորը, մենք, բնականաբար, դրա դեմ կպայքարենք»,- ազդարարել է Զատուլինը։

Մասնավորապես վերջին նախադասությունը ցույց է տալիս դաշնակից երկրի դիվանագիտական խոսույթի խիստ ցածր մակարդակը, եթե չասենք՝ դրա  իսպառ բացակայությունը, երբ բանը հասնում է սուվերեն երկրին առնչվող ներքին հարցերի շոշափմանը։ Թե ինչպիսի արտաքին վեկտոր կընտրի ՀՀ-ն և արդյոք կփոխի՞ արդեն եղածը՝ դա բացառապես ՀՀ ժողովրդի  որոշելիքն է,  ներքին հարցը, և զատուլինները չէ, որ պետք է անհանգստանան  իրենց չվերաբերող հարցերի կարգավորմամբ։ Հատկապես, երբ չափազանց թերանում են, ընդհուպ՝ սաբոտաժի են դիմում Հայաստանի հանդեպ իրենց իսկ ստանձնած, հենց իրենց վերաբերող  պարտավորությունների կատարման հարցում։  

Պարոն Զատուլինին ու նրա անալիտիկ ծառայություններից օգտվողներին թերևս պետք է անհանգստացնի մեկ բան՝ ինչու, ինչ հանգամանքների  բերումով կամ հետևանքով է, որ անխուսափելի է դառնում  որևէ երկրի  արտաքին վեկտորի փոփոխությունը։ Արդյոք այն պատճառով, որ առկա վեկտորը  դադարո՞ւմ է նպաստ բերել  տվյալ երկրի պետական, ազգային շահերին և ընդհակառակը՝ վերածվում է սպառնալիքի՝ տնտեսականից մինչև  անվտանգային։  

Հ.Գ. ԵՄ նոր առաքելության ուղարկման փաստը ակնհայտորեն  խոցել է  ՀԱՊԿ-ի «ինքնասիրությունը»՝ ստիպելով հիշեցնել  իր մասին։ «ՀԱՊԿ-ը  շարունակում է աշխատել հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելություն ուղարկելու ուղղությամբ»: Այս մասին հայտնում է rbc կայքը՝ վկայակոչելով ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովին։ Հարց է ծագում՝ եթե ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը տեղակայվի հայ-ադրբեջանական սահմանին, արդյոք Զատուլինը  նրանց և՞ս կկասկածի ՀՀ-ի արտաքին և ներքին քաղաքականության վեկտորը փոփոխելու փորձի մեջ, թե՞  ՀԱՊԿ դիտորդների տեղակայումը ՌԴ-ի սիրտը տեղը կգցի, քանի որ այսպիսով, ըստ իրենց տրամաբանության, կվերահաստատվի ՀՀ-ի վեկտորալ անփոփոխությունը։   

 Ելենա Ազատյան