Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ դիտորդական առաքելությունը որքանո՞վ կզսպի Ադրբեջանին, և ովքե՞ր ու ինչպես կարող են հակազդել ԵՄ առաքելության ներկայությանը Հայաստանում

Հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը համաձայնություն տվեց Հայաստանի տարածքում քաղաքացիական առաքելության ստեղծմանը։ Առաքելությունը բաղկացած է լինելու 100 դիտորդից, որոնք տեղաբաշխվելու են Հայաստանի ողջ տարածքով։ Առաքելությանը երկու տարվա մանդատ է տրված, դրա կենտրոնակայանը գտնվելու է Հայաստանում։ Այն կսկսի ամբողջությամբ գործել առաջիկա շաբաթներին։

 Որքանո՞վ դիտորդական այս առաքելությունը կզսպի Ադրբեջանին։ Արևելագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով` սա բավականաչափ կարևոր իրողություն է Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից։

Պետրոսյանը ԵՄ այս որոշումը գնահատեց նաև տարածաշրջանային մրցակցության համատեքստում։

 Ըստ արևելագետի, նախորդ՝ երկամսյա առաքելության տեղակայումը փոքր քայլ էր Եվրամիության կողմից՝ մեր տարածաշրջանում իր դիրքերի ամրապնդման տեսանկյունից և կանխատեսելի էր, որ Արևմուտքը օգտագործելու էր այս հնարավորությունն ու փորձելու էր ընդլայնել իր ներկայությունն այստեղ։

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի կարծիքով՝ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը զրկում է Ալիևին այն գործիքից, որով վերջինս ռազմական ագրեսիայի և ագրեսիայի սպառնալիքի միջոցով կկարողանար Հայաստանից քաղաքական, բանակցային հարթակում զիջումներ կորզել։

Արմեն Պետրոսյանը, անդրադառնալով Ադրբեջանի հավակնություններին նշեց, որ Ադրբեջանը այդ հարցերում ունի բացահայտ և քողարկված գործընկերներ։

 Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, օրինակ, իր բացասական վերաբերմունքն էր արտահայտել Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կապակցությամբ: 

«Չնայած մենք դաշնակիցներ ենք, և չնայած այս առաքելությունը լիովին պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է բանակցություններ վարել Եվրամիության հետ, որպեսզի այնտեղ երկարաժամկետ հիմունքներով տեղակայվի քաղաքացիական դիտորդների առաքելություն։ Սա Հայաստանի իրավունքն է, բայց չպետք է մոռանալ, որ խոսքը Ադրբեջանի հետ սահմանի մասին է։ Եթե այդ առաքելությունը ծավալվի առանց Ադրբեջանի հետ համաձայնության, այն կարող է հակաարդյունավետ լինել։ Պետք է մոտենալ ստեղծագործաբար՝ հասկանալով խնդիրների ողջ բարդությունը, որոնք ծագում են մեր յուրաքանչյուր պետության զարգացման շրջանակներում»,- նշել էր Լավրովը։

 ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն էլ ավելի բացահայտ կերպով էր արտահայտել իր վերաբերմունքը, ասելով․ «Եթե ԵՄ դիտորդները ցանկանում են փոխել Հայաստանի ներքին և արտաքին վեկտորը` մենք կպայքարենք դրա դեմ»։

 Ըստ Արմեն Պետրոսյանի, բացի Ադրբեջանից, ԵՄ դիտորդական առաքելության համար խնդիրներ ստեղծելու ճանապարհով հակազդեցություն  կարող է լինել նաև Հայաստանի ներսից։

Անդրադառնալով Իրանի հնարավոր արձագանքին, Պետրոսյանը հիշեցրեց Իրանի՝ դեռ նախորդ՝ ԵՄ երկամսյա դիտորդական առաքելության խմբի տեղակայման ժամանակ հնչած անհանգստությունները։

 Այս նոր՝ ավելի երկարաժամկետ և ավելի բազմամարդ առաքելության ժամանումից հետո, սակայն, Իրանը դեռ չի արձագանքել։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Իրանում հասկացել և ըմբռնումով են մոտենում ԵՄ ներկայությանը Հայաստանում։ Արմեն Պետրոսյանի կարծիքով, Իրանը դեռ կարձագանքի՝ եթե ոչ դիվանագիտական, ապա՝ փորագիտական մակարդակով։
 
 
Մանրամասները՝ տեսանյութում։
 
Վովա Հակոբյան