Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Փաշինյանին մեղադրելով դավաճանության մեջ՝ Սերժ Սարգսյանը փորձում է հիմք ստեղծել պետական հեղաշրջման համար»․ Անդրիաս Ղուկասյան

«Փաշինյանին մեղադրելով դավաճանության մեջ՝ Սերժ Սարգսյանը փորձում է հիմք ստեղծել  պետական հեղաշրջման համար»․ Անդրիաս Ղուկասյան
Քաղաքականություն
18:30, 16 февраль 2021
Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանի հարցազրույցը փետրվարի 20-ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ քայլ է, և որ դրանով Սերժ Սարգսյանը փորձել է քաղաքական հիմք ստեղծել ավելի արմատական բողոքի ակցիաների համար, որոնք, ըստ Վազգեն Մանուկյանի, կարող են վերածվել պետական և այլ շենքերի գրավման, այսինքն, ըստ էության՝ պետական հեղաշրջման։ 

Հարցազրույցի գլխավոր մեսիջը, ըստ Ղուկասյանի, մեղադրանքն է ուղղված Նիկոլ Փաշինյանին, թե վերջինս պետական դավադրության անդամ է և գտնվել  է Ալիևի հետ ինչ-որ ստվերային բանակցությունների մեջ՝ Մինսկի խմբի ձևաչափից դուրս։

«Սերժ Սարգսյանը ստիպված էր նաև բացահայտել բանակցային գործընթացին վերաբերող այն հարցերը, որոնք լիովին հերքում են «Հանրապետականի» կողմից տարիներ շարունակ պահպանվող քարոզչությունը, որ Սերժ Սարգսյանը մտադիր չի անվտանգության գոտու տարածքները հետ վերադարձնել Ադրբեջանին, սակայն Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ այդպիսի մտադրություն ունեցել  է և համարել է դա իր քաղաքական գործունեության գլխավոր առաքելությունը։ Առանց այդ խոստովանության Սերժ Սարգսյանը չէր կարող Նիկոլ Փաշինյանին մեղադրանքներ ներկայացնել», - Civic.am-ի հետ զրույցում ասաց Անդրիաս Ղուկասյանը։

Ըստ քաղաքագետի՝ Սերժ Սարգսյանը բացել է «պանդորայի արկղը», այսինքն՝ հրապարակել է  բանակցային գործընթացին վերաբերող փաստեր, որոնք գաղտնի են եղել։ 

«Նիկոլ Փաշինյանը միայն մեկ տարբերակ ունի արձագանքել Սերժ Սարգսյանի բարձրաձայնած հարցերին՝ հրապարակել Մինսկի խմբի ձևաչափի բոլոր փաստաթղթերը», - շարունակեց Ղուկասյանը։ Սա, ըստ Ղուկասյանի, միակ հնարավոր տարբերակն է խուսափել ապակայունացումից և հնարավոր պետական հեղաշրջման վտանգից։

Մեր հարցին, թե 3-րդ անգամ վարչապետության գնալով՝ ի՞նչ փաստաթուղթ էր պատրաստվում ստորագրել Սերժ Սարգսյանը այն դեպքում, երբ հենց ինքն է ասում, որ «Լավրովյան փաստաթուղթ» որպես այդպիսին չկա, Անդրիաս Ղուկասյանը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում  նաև ասել է, որ «Լավրովյան» առաջարկի կոնցեպտուալ բանաձև հենց ինքն է առաջարկել։ 

«Իսկ Լավրովյան պլանի մասին Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը հաստատել է, որ այդպիսի առաջարկ եղել է»։ Ըստ այդ մոդելի՝ հայակակն ուժերը պետք է դուրս բերվեին անվտանգության գոտուց՝ Արցախի կարգավիճակի հետ կապված հետագա հանրաքվեի խոստման և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևով՝ այդ պայմանավորվածությունները ամրագրելու դիմաց։ 

«Բայց որպեսզի իմանանք, թե որն է ճիշտ, իսկ որը՝ սխալ, միակ ձևը բոլոր փաստաթղթերի հրապարակումն է, և այդ իմաստով՝ գնդակը գտնվում է Նիկոլ Փաշինյանի դաշտում։ Նիկոլ Փաշինյանը, եթե իսկապես մտադիր չէ սպասարկել քաղաքական զարգացումների նման ընթացքը, որը ծրագրել են Վազգեն Մանուկյանն ու, ըստ երևույթին, Սերժ Սարգսյանը, ապա պետք է կտրուկ քայլեր ձեռնարկի և հանրության առջև բացի բանակցային ողջ խոհանոցը մինչև սեպտեմբերի 27-ը», - նշեց Ղուկասյանը։

Անդրիաս Ղուկասյանից հետաքրքվեցինք նաև, թե արդյո՞ք Ադրբեջանը կհամաձայներ ստորագրել այսպես կոչված «Լավրովյան» փաստաթուղթը այն դեպքում, երբ 2011 թվականին հրաժարվել էր ստորագրել Կազանյան փաստաթուղթը, որը, ըստ էության, էական տարբերություններ չուներ «Լավրովյանի» հետ համեմատ։ Ղուկասյանը, այս հարցին ի պատասխան, նշեց, որ Մադրիդյան սկզբունքների Կազանյան տարբերակը հստակություն էր իր մեջ պարունակում Արցախի կարգավիճակը որոշելու մեխանիզմների վերաբերյալ։ Եվ սա  է հենց գլխավոր պատճառը, թե ինչու՞ է հարկավոր հրապարակել այդ բոլոր փաստաթղթերը, որպեսզի ենթադրությունների վրա մեկնաբանություններ չլինեն։ 

Դիտարկմանը, թե միուևնույն ժամանակ Սերժ Սարգսյանը և Հանրապետական կուսակցությունը մեղադրանքներ էին հնչեցնում Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին, որ վերջինս կողմ է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևին, իսկ Հանրապետականի համար դա անընդունելի է, և իրենք «տարածքներ՝ ինքնորոշման դիմաց» թեզի կողմանկիցներ են, իսկ հիմա պարզվում է՝ Սերժ Սարգսյանը պատրաստ է եղել ստորագրել Լավրովյան տարբերակը, որը կարելի է ասել հիմնված էր «տարածքներ՝ խաղաղության դիմաց» թեզի վրա, Ղուկասյանը նշեց, որ այդ բոլոր մեկնաբանությունները տարբեր մանիպուլյացիաների համար պարարտ հող են ստեղծում, իսկ այդ իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը սկզբնաղբյուրները հրապարակելն է։ 

«Ես կարող եմ մի բան վստահաբար պնդել, որ 1993 թվականից ի վեր հարց է դրված եղել Ադրբեջանի օկուպացված տարածքները հետ վերադարձնել, այսինքն, անվտանգության գոտու տարածքների վերադարձի հարցը միշտ եղել է բանակցությունների առարկա։ Եվ երկրորդ հարցը՝ Արցախի կարգավիճակը նույնպես եղել է դրա հետ փոխկապակցված հարց, և ՀՀ բոլոր չորս ղեկավարները այդ օրակարգով են բանակցել Մինսկի խմբի շրջանակներում»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը։  

Անդրիաս Ղուկասյանի հետ զրույցում անդրադարձանք նաև Արցախի ճանաչման հարցին։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մեղադրել էր գործող իշխանությանը պատերազմի ընթացքում Արցախը չճանաչելու համար։ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ դա ակնհայտ բացթողում է գործող իշխանության կողմից, որը հիմք է տալիս այդ մեղադրանքի համար։ 

«Ակնհայտ է այն տրամաբանությունը, որ սանձազերծելով պատերազմ Ադրբեջանը, ըստ էության, խախտեց խաղաղ բանակցություններով վիճելի հարցերը կարգավորելու միջազգային իրավունքի 7 պահանջներից գլխավորը, և այդ խախտումը Հայաստանի իշխանությունների կողմից արձագանք չստացավ։ Սա իսկապես Նիկոլ Փաշինյանին մեղադրանք ներկայացնելու, իրեն որևէ դավադրության մեջ կասակածելու համար ողջամիտ առիթ է», - ասաց Ղուկասյանը։ 

Ըստ Ղուկասյանի, 1992 թվականի հունվարից ցայսօր Հայաստանը չի ճանաչել Արցախի Հանրապետությունը, այսինքն՝ մերժել է արցախահայության ինքնորոշման իրավունքը։ Մեր դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն ինքը կարող էր դա անել, այդ թվում նաև հենց քառօրյա պատերազմի օրերին, Ղուկասյանն ասաց․ «Նորից եմ ասում՝ միայն բացահայտելով բոլոր սկզբնաղբյուրները, հնարավոր է այդ հարցին տալ ճշտգրիտ գնահատական՝ ո՞րն է Հայաստանի Հանրապետության տարբեր ղեկավարների ռազմավարությունը, ինչու՞ էին իրենք մերժում Արցախի ինքնորոշման իրավունքի առկայությունը այդ հանրապետությունը հռչակելու պահին, ինչու՞ էին այն ստորադասել՝ այդ ինքնորոշման իրավունքի ճանաչումը Ադրբեջանի քաղաքական որոշմանը։ Այս բոլորը հնարավոր կլինի ճշտգրիտ մեկնաբանել, երբ ամբողջ նյութերը լինեն հրապարակային»։

Ըստ Ղուկասյանի՝ ի սկզբանե՝ 1990 թվականից ի վեր Արցախի ճանաչման հարցով Հայաստանի Հանրապետությունը իր արտաքին քաղաքականությունը ստորադասել է Ռուսաստանի Դաշնության շահերին։ Սա  է պատճառը, թե ինչու Հայստանը չի ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Այս եզրահանգման հիմքը Անդրիաս Ղուկասյանի համար նաև  այն է, որ 1996 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածում վերջինս անդրադառնում է այս հարցին և ասում, ոոր Ռուսաստանը երբեք չէր ճանաչի Արցախի Հանրապետությունը։ Այսպիսիով, ըստ Ղուկասյանի՝ կարելի է ասել, որ Տեր-Պետրոսյանը խոստովանում է, որ ՌԴ արտաքին քաղաքականության շահերին ստորադասված էր նաև Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը դեռևս 90-ական թվականներից։ Հայաստանի բոլոր չորս ղեկավարները հաշվետվություն ունեն ներկայացնելու հայ ժողովրդին, թե ինչու՞ են իրենք մերժել Արցախի Հանրապետության  ճանաչումը՝ յուրաքանչյուրը իր պաշտոնավարման ժամանակ։

Վովա Հակոբյան