Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանի եւ մյուսների գործը կարճելու դեմ դատախազության բողոքը Վերաքննիչը 8 օր անց դեռ վարույթ չի ընդունել

Քոչարյանի եւ մյուսների գործը կարճելու դեմ դատախազության բողոքը Վերաքննիչը 8 օր անց դեռ վարույթ չի ընդունել
Քաղաքականություն
18:22, 30 апрель 2021
ՀՀ գլխավոր դատախազությունը ապրիլի 22-ին բողոքարկել էր Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը։

Վերաքննիչ դատարանից Civic.am-ին հայտնեցին, որ դատախազության բողոքը ստացել են, սակայն դեռեւս վարույթ չեն ընդունել։

Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ բողոքը վարույթ չի ընդունվել, Վերաքնննիչից պատասխանեցին, որ առաջին ատյանի քրեական դատարանից չեն ստացել գործով դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը։

Իսկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի աշխատակազմից հայտնեցին, որ Աննա Դանիբեկյանը արձակուրդում է, եւ հավանաբար այդ պատճառով որոշումը չեն ուղարկել Վերաքննիչ։

Փորձեցինք կապվել Աննա Դանիբեկյանի գրասենյակի հետ, սակայն մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հարցին, թե բողոքարկման գործընթացից ի՞նչ հեռանկար պետք է սպասել, պատասխանեց. «Եթե մեզ հաջողվում է հասնել մեր դիմումի բավարարմանը ՍԴ-ում, մենք հնարավորություն ենք ստանում այդ գործով ամբաստանյալների արարքները վերաորակելու, եւ, ըստ էության, գործի քննությունը շարունակելու, ապացույցները հետազոտելու, դրա արդյունքում համապատասխան դատական ակտին»։

Հարցին՝ եթե դատախազության դիմումը չի բավարարվում, ի՞նչ քայլեր են արվելու, Դավթյանը պատասխանեց. «Ուրեմն մենք չենք կարողանալու իմ ասած իրավական ճանապարհով գնալ»։