Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դա Ռուսաստանի գործը չէ․ ԵՄ խոսնակը՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության առնչությամբ ՌԴ-ի հայտարարության մասին

Դա Ռուսաստանի գործը չէ․ ԵՄ խոսնակը՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության առնչությամբ ՌԴ-ի հայտարարության մասին
Քաղաքականություն
21:32, 27 январь 2023
ԵՄ-ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը չպետք է վերածվի ԵՄ-ի և Ռուսաստանի միջև մրցակցության, ՌԻԱ Նովոստիին ասել է ԵՄ արտաքին ծառայության խոսնակ Փիթեր Ստանոն։

Նա մեկնաբանել է Ռուսաստանի արտգործնախարարության արձագանքը Հայաստանում տարածաշրջանի կարգավորման նպատակով նոր երկամյա եվրոպական առաքելության մեկնարկին։

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին կայացած հանդիպման ժամանակ ԵՄ ԱԳ նախարարները հավանություն են տվել Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը կնպաստի սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Ակնկալվում է, որ առաքելության մանդատը կլինի երկու տարի, նրա օպերատիվ շտաբը գտնվելու է Հայաստանում։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև նորմալացումը չպետք է վերածվի տարբեր դերակատարների միջև մրցակցության»,- ասել է Ստանոն։

Նա ընդգծել է, որ ԵՄ-ն կարծում է, որ Ռուսաստանի Դաշնությունը սխալվում է՝ համարելով, որ ԵՄ-ի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման հարցում ուղղված է Ռուսաստանի դեմ։ «Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել այս առաքելության նպատակը և շարունակում է սխալ գնահատել ԵՄ-ի ներգրավվածությունը տարածաշրջանում, թե, իբր, ուղղված է Ռուսաստանի դեմ:  Եվ որ ամենակարևորն է՝ դա Ռուսաստանի գործը չէ: ԵՄ առաքելությունը գործարկվել է Հայաստանի իշխանությունների անկախ որոշմամբ: ԵՄ-ն, իհարկե, կապի մեջ է նաև Ադրբեջանի իշխանությունների հետ այս հարցով»,- պարզաբանել է Ստանոն։

Նշենք, որ ԱՄՆ Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը նույնպես անդրադարձել էր ՌԴ ԱԳՆ հայտարարությանը Հայաստանում ԵՄ առաքելության ստեղծման վերաբերյալ ու տարածաշրջանում Մոսկվայի դերին։

«Մենք ողջունում ենք մեր գործընկերների, այդ թվում ՝ ԵՄ ջանքերը տարածաշրջանում վստահություն ձևավորելու և Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության համար նպաստավոր միջավայր ապահովելու համար։ Մենք շարունակում ենք սերտորեն համագործակցել անմիջականորեն մեր բոլոր գործընկերների, ինչպես նաև տարածաշրջանի գործընկերների հետ: Ռուսաստանի դերի մասին՝ ԱՄՆ-ը ներգրավված չէ նոյեմբերին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված հրադադարի մեջ, որը հանգեցրեց ռուս խաղաղապահների տեղակայմանը, ուստի՝ ես ուղղակի ոչինչ չունեմ  առաջարկելու այդ հարցում: Սակայն գիտեք, որ սա մի հարց է խորապես կարևոր պետքարտուղարի համար, որին նա մեծ ուշադրություն է դարձնում և խորապես ներգրավված է»,- ասել էր Պատելը։

Անահիտ Խաչատրյան