Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ դատի հանձնախումբը հիասթափված է Ադրբեջանի դեմ պատժամիջոցները վերացնելու Բայդենի որոշումից

Հայ դատի հանձնախումբը հիասթափված է Ադրբեջանի դեմ պատժամիջոցները վերացնելու Բայդենի որոշումից
Քաղաքականություն
13:33, 01 май 2021
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմը երկարացրել է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կասեցումը, ինչը նշանակում է, որ թույլատրվելու է ԱՄՆ ուղիղ օգնությունն Ադրբեջանին. այս առնչությամբ իր դժգոհությունն է հայտնել Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:

Հանձնախմբից, մասնավորապես, նշել են, որ Բայդենը, որը նախորդ նախագահին՝ Դոնալդ Թրամփին շարունակաբար կոչ էր անում Ադրբեջանի դեմ լիարժեքորեն կիրառել 907-րդ ուղղումը, հրաժարվել է Կոնգրեսի պատժամիջոցներից՝ ճանապարհ բացելով նավթով հարուստ Ադրբեջանին աջակցություն տրամադրելու հարցում:

«Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ կողմից ենթադրում է նաև պատասխանատվություն, որը ենթադրում է նաև չզինել և չսատարել Ադրբեջանին՝ իր հանցանքն ավարտին հասցնելու ճանապարհին: Նախագահ Բայդենի կողմից ցանկացած գործողություն, որը կանաչ լույս կվառի Ալիևի ռեժիմին ԱՄՆ օգնություն տրամադրելու համար, կհակասի նրա հստակ դիրքորոշմանն ու Հայոց ցեղասպանության ճանաչման ոգուն»,- հայտարարել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի տնօրեն Արամ Համփարյանը:

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն այս առթիվ առցանց արշավ է սկսել՝ կոչ անելով Բայդենին և Կոնգրեսին պահպանել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը:

«Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը, որն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին, սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ:

2002թ․Կոնգրեսի կողմից 907-րդ բաժնում կատարած ուղղմամբ թույլատրվում է նախագահի կողմից ակտի կասեցումը և ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին, ինչն էլ ամեն տարի անում է ԱՄՆ նախագահը: Մինչև հիմա Սպիտակ տունը, օգտվելով այդ հնարավորությունից, շուրջ 120 մլն ԱՄՆ դոլարի ռազմական ու անվտանգային աջակցություն է տրամադրել Ադրբեջանին: