Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ե՞րբ է բացվելու Լաչինի միջանցքը. Ռուսական՝ անհայտ ժամանակ ցույց տվող ժամացույցի ֆենոմենը

Ե՞րբ է բացվելու Լաչինի միջանցքը. Ռուսական՝ անհայտ ժամանակ ցույց տվող ժամացույցի ֆենոմենը
Քաղաքականություն
21:00, 30 январь 2023
Շուրջ հիսուն օր է՝ փակ է Լաչինի միջանցքը, և բոլորին հուզող թիվ մեկ հարցն այս է՝ ե՞րբ է այն ապաշրջափակվելու։  Մասնավորապես՝ ինչի՞ց հետո, ի՞նչ հանգամանքների բերումով։ Նկատենք, որ միջանցքի բացման հավանական ժամկետի մասին, ընդ որում՝ առանց հստակ օր ու ժամ ասելու,  այս ընթացքում միայն ՌԴ-ն է  հայտարարել, իսկ միջանցքը փակած Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն պնդել, որ այն բաց է։ Հարց է ծագում՝ եթե խնդրո առարկա ճանապարհը   բաց է, ապա ինչո՞ւ է ՌԴ-ն որպես դրա ապաշրջափակման հավանական ժամկետ նշում  «մոտ ժամանակներս»,  «առաջիկա օրերին»՝ այսպիսով ֆիքսելով դրա փակ լինելը։ Գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ արցախահայության համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհով երթևեկի  անխոչընդոտ լինելը   երաշխավորողն ու այդ  ճանապարհը վերահսկողը, փաստորեն, զբաղված են միմյանց  հերքելով՝ այսպիսով  հրատապ և  արդարացված դարձնելով  միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը միջանցք։ Գործիք, որի կիրառման անհրաժեշտության մասին այս ընթացքում քանիցս հայտարարել է  պաշտոնական Երևանը։  

Այսօր էլ ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանում քննվող «Հայաստանի Հանրապետության հայցն ընդդեմ Ադրբեջանի» հայցի ներկայացման ժամանակ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ Դատարանը արցախահայության վերջին հույսն է,  և «եթե այն անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերը անհնարին ընտրության առջև կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները կամ էլ մնալ այնտեղ և սովամահ լինել»։ Կիրակոսյանի ելույթում «անհապաղ» ածականի գործածումը  պետք է հուշի, որ հումանիտար ճգնաժամն իրողություն կարող է դառնալ, եթե միջանցքը բացելու ժամկետի հարցում Դատարանը ևս առաջնորդվի ադրբեջանական  «փաստարկներով» և  ռուսական «ժամանակացույցով»։   

Ռուսաստանը հուշում է, բայց չի պարտադրում 

Վերհիշելով միջանցքի փակման և դրան հաջորդած հայտարարությունների խրոնոլոգիան՝ նկատենք, որ այս ընթացքում ռուսական բարձր ղեկավարությունը, ինչպես արդեն վերը հիշատակվեց,  քանիցս միջանցքի բացման ժամկետ է նշել։ Նախ արձանագրենք, որ մասնավորապես Ադրբեջանի ԱԳՆ-ն դեռ դեկտեմբերի 13-ին՝ միջանցքի փակման հաջորդ օրը, չօգտագործելով «Լաչինի միջանցք» եզրույթը, պնդել էր, թե «Շուշա-Լաչին ճանապարհը փակվել է  Ռուսաստանի խաղաղապահ առաքելության կողմից»: Ռուսական կողմն էլ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մակարդակով հայտարարեց, թե «Լաչինի միջանցքում ի հայտ եկած  իրավիճակի թուլացման համար ՌԴ ՊՆ-ն և խաղաղապահ զորակազմը այս օրերին ակտիվ աշխատանքներ են տանում, և Մոսկվան ակնկալում է տրանսպորտային կապի լիարժեք վերականգնում ամենամոտ ժամանակներս»:  

Միջանցքի բացման՝ Զախարովայի նշած  «մոտ ժամանակներս»  ժամկետը  «վերաժամկետավորվեց» արդեն տասն օր անց՝ դեկտեմբերի 23-ին, ՌԴ ԱԳ նախարար Լավրով-Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամով համատեղ հանդիպումից հետո (ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նպատակահարմար չէր համարել մասնակցել այդ հանդիպմանը՝ հաշվի առնելով միջանցքի փակ լինելու հանգամանքը)։

Մոսկվայում ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի համատեղ ասուլիսում Լավրովը կրկին անորոշ ժամկետ նշեց. «Մենք հաստատեցինք, որ ռուսական խաղաղապահները բառացիորեն ամեն ժամ աշխատում են իրավիճակը կարգավորելու համար՝ շփվելով համապատասխան կողմերի հետ։ Մենք հանդես ենք գալիս տրանսպորտային լիարժեք հաղորդակցությունը որքան հնարավոր է շուտ վերականգնելու և հանքավայրերի շահագործման տարաձայնությունները լուծելու օգտին»,- խոստացել էր  Լավրովը՝ այս անգամ, փաստորեն, նշելով «որքան հնարավոր է շուտ» ժամկետը։ Արդեն տարեսկզբին՝ հունվարի 18-ին,  անորոշ  ժամանակ ցույց տվող ժամացույցով կողմնորոշվող Լավրովը որպես միջանցքի վերաբացման հաջորդ  ժամկետ  նշեց  «առաջիկայում»-ը։  «Հենց երեկ կամ նախօրեին ռուսական զորամիավորման հրամանատարի մասնակցությամբ տեղի են ունեցել հանդիպումներ Ադրբեջանի և Ղարաբաղի ներկայացուցիչների միջև։ Կարծում եմ, որ Լաչինի միջանցքի հարցը առաջիկայում կլուծվի»,- հայտարարել էր  Լավրովը։ 

Նկատենք մի կարևոր իրողություն ևս. եթե միջանցքի փակման առաջին օրերին  ռուսական կողմը որպես իր պատասխանատվության գոտում ի հայտ եկած «ՉեՊե»-ի դրդապատճառ վկայակոչել էր Ադրբեջանի բերած «բնապահպանական պրետենզիան», ապա մեկ ամիս անց, շարունակելով հավաստիացնել  միջանցքը բացելու ուղղությամբ իբրև թե գործադրվող ակտիվ ջանքերի մասին, ռուսական կողմը որոշեց  խմբագրել միջանցքի փակման դրդապատճառները։ Մասնավորապես, Զախարովան դեռ դեկտեմբերի 13-ին հայտարարել էր, թե «մենք մտահոգված ենք Լաչինի միջանցքի արգելափակմամբ, որը պայմանավորված է հանքավայրերի շահագործման հարցերի շուրջ կողմերի տարաձայնություններով»։ Իսկ ահա ՌԴ ԱԳ նախարարը 10 օր անց այլ պատճառ վկայակոչեց՝  Ադրբեջանը Ռուսաստանին տվյալներ է հաղորդել, թե հայկական կողմը Լաչինի միջանցքով ականներ է տեղափոխել Արցախ։  «Լաչինի միջանցքը, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, պետք է ազատ լինի բեռների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժի համար։ Դրանով մասնավորապես ամրագրված է, որ այդ ճանապարհով ռազմական նշանակության բեռներ չպետք է փոխադրվեն։ ...Մենք առաջարկել ենք պարզ բան՝ ռուսական խաղաղապահ զորակազմը, որը եռակողմ համաձայնությամբ լիազորված է վերահսկելու երթևեկությունը, ունի բոլոր հնարավորությունները ստուգելու ցանկացած տրանսպորտային միջոց՝ արգելված, ոչ հումանիտար և ոչ քաղաքացիական ապրանքների փոխադրումը թույլ չտալու համար»,- նշել էր ՌԴ ԱԳ նախարարը՝ այսպիսով, ըստ էության, ոչ միայն արժանահավատ համարելով Ադրբեջանի փաստարկը՝ ականներ տեղափոխելու հետ կապված, այլ նաև ազդարարելով հետագայում՝ միջանցքի բացման դեպքում, դրանով տեղափոխվող բեռների նկատմամբ տոտալ վերահսկողություն սահմանելու իր մտադրության մասին։ Նկատենք,  որ նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում, որն էլ վկայակոչում է Լավրովը, որևէ նշում, արձանագրում չկա միջանցքով տեղափոխվող բեռների նշանակության մասին՝ հումանիտա՞ր, թե՞ ռազմական։ Հետևապես չկա նաև որևէ նշանակության բեռի տեղափոխման արգելքի մասին։  «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»,- նշված է հայտարարության տեքստում։

Իսկ ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողական լիազորությունների մասին ընդհանրական ձևակերպում է առկա. «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»։  Թե ինչու է Լավրովը «պոստ ֆակտում» «փոփոխություններ և լրացումներ» առաջարկում նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստում, թերևս կարելի է ենթադրել։  

Վերադառնալով խնդրո առարկա միջանցքի ապաշրջափակման մասին ռուսական կողմի հնչեցրած  խոստում-հավաստիացումներին՝ նշենք ևս մեկ-երկուսը, որոնք արվել են վերջին օրերին։ Հարկ է նկատել, որ  հավաստիացումներն արդեն առանց ժամկետների մասին հիշատակման են, քանի որ ՌԴ-ն էլ, հավանաբար, հասկացել է, որ «ռուսական ժամանակաչափը»  հետևողականորեն  արժեզրկվում է, քանի որ դրանով ոչ ոք, առավել ևս՝ Ադրբեջանը, չի պատրաստվում  կողմնորոշվել։ Ուշագրավ էր մասնավորապես ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի՝  Լենինգրադի շրջափակման վերացման 80-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի ժամանակ արված հայտարարությունը. «Ռուսաստանի ղեկավարությունը և մեր խաղաղապահ զորակազմը շատ ինտենսիվ, տքնաջան աշխատանք են տանում խնդրի լուծման ուղիներ գտնելու և Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու համար»։  Կոպիրկինը հավելել էր  նաև, որ «հեշտ չէ հասնել այն պայմանավորվածություններին, որոնք ընդունելի կլինեն բոլոր կողմերի համար։ Բայց դա արվում է։ Եվ ես վստահ եմ, որ մենք հաջողության կհասնենք»։ Դեսպանի  այս խոսքերից հետևում է, որ խոսքը ոչ թե միջանցքի նկատմամբ երկու սուբյեկտների՝ ՌԴ-ի և Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման մասին է, այլ բանակցվող ինչ-որ փաստաթղթի, որի շուրջ, փաստորեն, պետք է «ընդունելի» պայմանավորվածություններ ձեռք բերվեն։ Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ  Կոպիրկինը ակամա խոստովանում է Լաչինի միջանցքը փակելու ռուս-ադրբեջանական «համատեղ որոշման» միջոցով ՀՀ-ից  զիջումներ կորզելու մասին, ինչի շուրջ էլ, փաստորեն, «դեռևս» պայմանավորվածություն ձեռք չի բերվել, և միջանցքը, ի հեճուկս «մոտ օրերս»  բացելու ռուսական կողմի  խոստմանը, շարունակում է փակ մնալ։ Կոպիրկինի հավաստիացումը գրեթե նույն առոգանությամբ և բառապաշարով կրկնող մեկ այլ հայտարարություն էլ արել է տիկին Զախարովան։  «Շարունակվում են եռանդուն ջանքերը իրավիճակը կարգավորելու համար։ Ի տարբերություն օտարերկրյա խաղացողների մեծամասնության, որոնք սահմանափակվում են դեէսկալացիայի կոչերով, ռուսական կողմն իրականում գետնի վրա միջոցներ է փնտրում հանգուցալուծման համար՝ տրամադրելով մարդասիրական օգնություն»,- հայտարարել է տիկինը՝ կոչ անելով «Բաքվին և Երևանին քաղաքական կամք դրսևորել առկա տարաձայնությունները հաղթահարելու համար»:   

Մասնավորապես տարօրինակ է տիկին Զախարովայի հանդիմանանքը «օտարերկրյա խաղացողների մեծամասնության» հասեցին. այդ նրանք չէ, որ ստանձնել են խաղաղապահ առաքելություն իրականացնել Արցախում, այդ նրանց համատեղ խաղաղապահ զորակազմը չէ, որ տեղակայված է «գետնի վրա», այլ ՌԴ-ի, հետևապես «գետնի վրա» առաքելություն իրականացնելու լիազորություն ստանձնած կողմն էլ, հարկավ, պետք է եռանդուն ջանքեր գործադրեր։ Այլ հարց է, որ այդ ջանքերը առայժմ ապարդյուն են, ինչից հետևում է, որ դրանք կամ բավարար չափով «ինտենսիվ», «տքնաջան» և «եռանդուն» չեն, կամ էլ իմիտացիոն բնույթ են կրում, և գործ ունենք ոչ թե միջանցքի ապաշրջափակմանն ուղղված ջանքերի, այլ արցախահայության դեմ իրականացվող  ռուս-ադրբեջանական տանդեմի «հատուկ օպերացիայի» հետ։ 

Հ.Գ. Ի դեպ, մինչ շարունակվում է  Լաչինի միջանցքի բլոկադան՝ «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանի մոտ Երևանում օրերս հարգել են Լենինգրադի շրջափակման զոհերի հիշատակը։ Միջոցառման ընթացքում Հայաստանի վետերանների միության նախագահ Սիմոն Եսայանը հիշեցրել է, որ Լենինգրադում 872 օր պայքարել են ապրելու իրավունքի ու հայրենի հողի համար: «Մարդկության պատմությունը չգիտի մեկ այլ դեպք, որ բազմամիլիոնանոց քաղաքը դիմացած լինի նման երկարատև շրջափակման և պայքարից հաղթած դուրս գա»,- ասել է Եսայանը: 

Հեղինե Մանուկյան