Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բանակի բարեփոխումների քննարկումներին ամիսներով չմասնակցած Գեղամ Մանուկյանը դժգոհում է, թե հանձնաժողովը բանակի հարցերը բարձրացնելու փոխարեն քննարկում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի նախագիծը

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունվեց  «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։ 

Սակայն մինչև նախագծի քննարկումը հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որը ամիսներ շարունակ չի մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին և կարևորագույն նախագծերի քննարկմանը, այսօրվա նիստի ժամանակ դժգոհեց, թե կառավարության կողմից մեր անվտանգային համակարգի, ԶՈՒ բարեփոխումների ռազմավարության հետ կապված որևէ նախագիծ չկա, կա մեկ փոքրիկ նախագիծ, ինչը, ըստ ընդդիմադիր պատգամավորի, հերթական անգամ վկայում է այն մասին, որ, ցավոք սրտի, իշխանությունների կողմից այդքան խոսվող ԶՈՒ բարեփոխումների ռազմավարության հետ կապված լայնածավալ աշխատանք չկա, և այդ պատճառով իրենք օրակարգին ձեռնպահ են քվեարկելու։ 

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ, դիմելով ՀՀ քաղաքացիներին, ասաց, որ նրանք կարող են նայել Պաշտպանության հանձնաժողովի նախորդ նիստերը և տոկոսային համամասնությամբ տեսնել, թե ինչ քանակով է քննարկվում Զինված ուժերի բարեփոխումները և քանի փաթեթ է առանձին եկել։

«Ու խնդիրն այն է, որ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը գլխադասային է նաև, օրինակ, այս տեսակի հարցերի համար, ինչպիսիք են կալանավորված անձանց պահելու մասին հարցերը, և այդ օրինագծերը ևս պիտի գան այստեղ։ Այսինքն՝ չենք կարող այս հարցերից ևս խուսափել և պետք էլ չի խուսափել, որովհետև այդ ոլորտներում խնդիրներ կան, որ արժանի են քննարկման, և այդտեղ էլ հարցեր կան, որ արժանի են լուծման»,- ասաց Վահագն Ալեքսանյանը։

Նիստը վարող հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանն էլ ասաց, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում պաշտպանության բնագավառին և բարեփոխումներին վերաբերող բավականին խտացված ռեժիմով մի շարք փաթեթներ են ներկայացվել, և այդ փաթեթներով շրջադարձային բարեփոխումներ են սկսվել մեր երկրում։ 

«Ցավոք սրտի, այդ քննարկումների մեծ մասին դուք չեք մասնակցել կամ, եթե մասնակցել եք, ձեռնպահ կամ դեմ եք քվեարկել։ Եվ մեր հանրությանը հայտնի է՝ ինչպիսի շրջադարձային բարեփոխումներ  են եղել բանակում, այդ թվում նաև պրոֆեսիոնալ բանակին միտված մի շարք նախագծեր և այլն, և այլն, և ամենևին համաձայն չեմ ձեր դիրքորոշման հետ»,- ասաց Արմեն Խաչատրյանը։

Այնուհետև ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրեց նախագիծը՝ նշելով, որ  սրանով առաջարկվում է կառավարության որոշման մակարդակով հստակ սահմանել ձերբակալվածներին պահելու վայրերի, շինության և կահավորման առանձնահատկությունները, որոնք անմիջականորեն կապված են հենց ձերբակալված անձանց իրավունքների երաշխավորման և նաև պետության պոզիտիվ պարտավորությունների կատարման հետ։  

«Նշեմ, որ այս պահի դրությամբ, ըստ էության, մենք գույքագրում ենք հանրապետությունում առկա 33 ձերբակալվածներին պահելու վայրերը, որպեսզի հասկանանք՝ ինչպիսի շենքային խնդիրներ կան, ինչպիսի միջազգային ստանդարտներին պետք է բավարարեն այս վայրերը, և ըստ այդմ՝ կատարենք որոշակի փոփոխություններ՝ ապահովելու համար ձերբակալվածների իրավունքները։ Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում պետք է հաստատվի կառավարության այս որոշումը։ Ինչու վեց ամիս, հարկ եմ համարում նորից պարզաբանել, որովհետև սա, ըստ էության, թույլ կտա իրապես, ռեալ գնահատել առկա իրավիճակը և ըստ այդմ ճիշտ ստանդարտավորել ձերբակալվածներին պահելու վայրերի հետ կապված մեր ունեցած կարգավորումները»,- ասաց նախարարի տեղակալը։

Այնուհետև Գեղամ Մանուկյանն ասաց, որ սա իրոք շատ կարևոր հարց է, և նշեց, որ ՁՊՎ-ների պայմանների վերաբերյալ իրենք կարող են բազմաթիվ տեղեկություններ տալ, և հիշեցրեց, որ երբ իրենց համակիրները ձերբակալվում էին՝ նրանց այցելելիս ուշադրություն էին դարձնում ՁՊՎ-ների պայմաններին, և կարող է ասել, որ Երևանի ՁՊՎ-ներում բավականին բարվոք վիճակ է։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան