Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վանաձորում չարաշահումներ եղել են ոչ միայն համայնքապետարանում․ խնդիրը իրավապահ դաշտում է․ ընդդիմության բոյկոտի պատճառով անցյալ տարվա 2,6 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրերը կիրականացվեն 2023-ին․ Լոռու մարզպետ

Վանաձորում չարաշահումներ եղել են ոչ միայն համայնքապետարանում․ խնդիրը իրավապահ դաշտում է․ ընդդիմության բոյկոտի պատճառով անցյալ տարվա 2,6 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրերը կիրականացվեն 2023-ին․ Լոռու մարզպետ
Քաղաքականություն
19:13, 01 февраль 2023
Լոռու մարզպետարանում այսօր՝ փետրվարի 1-ին տեղի ունեցավ մարզպետ Արամ Խաչատրյանի մամուլի ասուլիսը։ Ի պատասխան հարցին, թե քաղաքային, մարզային իշխանությունները ինչու՞ չեն այցելել վերջերս Ազատ գյուղում զինվորական կացարանի հրդեհի զոհերի ընտանիքներին, Արամ Խաչատրյանն ասաց, որ որևէ ընտանիք չէր կարող նման բան հայտարարել, քանի որ ինքն անձամբ այցելել է դիահերձարան, եղել է զոհվածների հոգեհանգիստների և հուղարկավորության արարողություններին, զրուցել է ընտանիքի անդամների հետ, աջակցություն հայտնել և նշել, որ հնարավոր ամեն ինչով կաջակցեն ընտանիքներին։

Անդրադառնալով Վանաձոր խոշորացված համայնքում նախորդ տարվա սուբվենցիոն ծրագրերի խնդիրներին, որոնք ծագել էին ավագանու նիստերի չգումարման և սուբվենցիոն ծրագրերի չհաստատման պատճառով, մարզպետն ասաց, որ ավագանու նիստն արդեն գումարվել է, հաստատվել է համայնքի բյուջեն և սուբվենցիոն ծրագիրը։ Խոսքը 2,6 մլրդ դրամ արժողությամբ ծրագրի մասին է, որը կիրականացվի 2023 թվականին։ 

Մարզում 64 ուսուցիչ հաջորդ տարվանից կստանա միջինում 50 տոկոսով ավելի աշխատավարձ։ Խոսքն այն ուսուցիչների մասին է, ովքեր անցել են ատեստավորման փուլը։ Մարզպետը նշեց, որ հստակ թիվ չկա թե քանի ուսուցիչ է մասնակցել ատեստավորմանը, սակայն նրանցից 64-ը անցել են ատեստավորումը։ Բազմաթիվ ուսուցիչներ էլ չեն դիմել ատեստավորման համար՝ տարբեր մտավախություններից  ելնելով։ «Որոշ ուսուցիչներ մտավախություն ունեն, որ կմասնակցեն ատեստավորմանը, սակայն չեն հաղթահարի այն, բայց մենք աշխատանքներ ենք տանում ուսուցիչների հետ, որպեսզի ավելի շատ ուսուցիչներ դիմեն», - ասաց մարզպետարանի համապատասխան բաժնի աշխատակիցը։ Մարզպետն էլ վստահություն հայտնեց, որ հաջորդ տարվանից ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների թվաքանակը կաճի։

Հարցին, թե արդյո՞ք պատժվում են այն մարդիկ, ովքեր քաղաքում ապօրինի կրպակներ են տեղադրել կամ հեռացվու՞մ են դրանք արդյոք։ Մարզպետը խորհուրդ տվեց այցելել մի շարք հասցեներ, որտեղից բազմաթիվ ապօրինի տեղադրված կրպակներ արդեն հանվել են, բացօթյա առևտուրը կարգավորվում է։

Մարզետը նկատեց, որ քաղաքում, մարզում բազմաթիվ և բազմապիսի խնդիրներ կան, սակայն պետք է նաև նկատել այն աշխատանքը, որն արվել է։ «Վանաձորում բացի սուբվենցիոն ծրագրերով իրականացվելիք աշխատանքները, սկսվել են նաև Դեմիրճյան, Գրիգոր Լուսավորիչ փողոցների նորոգման աշխատանքները, առաջիկայում էլ 2,6 մլրդ դրամի սուբվենիցոն ծրագիր ենք իրականացնելու։ 2022 թվականին բազմաթիվ բակային հատվածներ են բարեկարգվել, կանաչապատում է իրականացվել, աղբահանության որակն է բարելավվել» Շոշափելի փոփոխություններ կան», - ասաց մարզպետը։

Վերադառնալով ապօրինի կրպակների և շինությունների խնդրին մարզպետն ասաց․ «պետք է տարբերակել՝ ում օրոք, ինչ է տեղի ունեցել։ Որևէ շինարարության թույլտվություն Արկադի Փելեշյանը չի տվել։ Կենտրոնական իշխանությունը եղել է «Քաղաքացիական պայմանագիրը» , սակայն ՏԻՄ եղել է Մամիկոն Ասլանյանը, հիմա դատական պրոցեսներ են գնում։ Ինչի մասին, որ մատնանշում եք, այո՝ Նիկոլ Փաշինյանն է եղել կենտրոնական իշխանությունը, սակայն ՏԻՄ մարմինը որոշել է որոշ հողատարածքներ տալ որոշ մարդկանց, հիմա էդ մասով դատական պրոցես է գնում», - ասաց Խաչատրյանը։

Բացի այս, մարզպետը նշեց նաև, որ նախկինում համայնքային իշխանությունների կողմից 36 մլն դրամի հափշտակության դեպք է բացահայտվել։ Գումարի մի մասը վերականգնվել է և վերադարձվել համայնքին, մյուս մասը կվերադարձվի առաջիկայում։

«Պատկերացնում չէ՞ ինչ է տեղի ունեցել Վանաձորում։ Համայնքապետարանի չարաշահումներից ենք խոսում, բայց ո՛չ միայն համայնքապետարանում են եղել նման դեպքեր։ Նաև որոշ դպրոցներում են գրանցվել նման չարաշահումներ։ Գործերն ուղարկվել են դատախազություն և այդ գումարները դարձյալ կվերագանվեն։ Չեմ ուզում շատ փակագծեր բացել, ֆանտաստիկայի ժանրից է, բայց քանի որ խնդիրները գտնվում են իրավապահ դաշտում, թույլ տանք, որ իրենք զբաղվեն այդ հարցերով», - նկատեց մարզպետը։

Մարզպետը հիշեցրեց, որ ժամանակին եղել է ավագանու ընդդիմադիր անդամ և պատրաստ է պատասխան տալ իր բոլոր քվեարկությունների համար։ «Կարող եք վեր հանել տեսանյութերը, քվեարկությունները և այլն և կտեսնեք, որ չի եղել որևէ բան, որ ես այն ժամանակ մի բան ասած լինեմ, հիմա՝ այլ»։

Անդրադառնալով մարզում հանքարդյունաբերական խնդիրներին, նոր հանքերի հնարավոր բացմանը, մարզպետն ասաց, որ եթե իմանա, որ հանքերի շահագործման վայրերում մեկ ծաղիկ կամ մեկ ձուկ այդ հանքերի արդյունահանումից վնասվելու է, ապա ինքը դեմ կլինի, բայց եթե ոչ՝ ապա հանքարդյունաբերությունը կնպաստի բյուջեի աճին, աշխատատեղերի ավելացմանը, աշխատավարձերի, թեծակների բարձրացմանը՝ իրենց մյուս դրական հետևանքներով։ «Իմ կարծիքով, եթե Ամուլսարը շահագործվեր, Ջերմուկում սեպտեմբերի 13 չէր լինի։

Մարզպետը, սակայն նկատեց, որ այդ գնահատականները տալիս են հատուկ կազմակերպությունները, ԾՄԱԳ ուսումնասիրությունները և այլն, և իրենք առաջնորդվում են այդ գնահատականներով։

Խաչատրյանն անդրադարձավ նաև մարզում եղած տնակային դպրոցների և մանկապարտեզների խնդրին նշելով․ «Մենք բազմաթիվ մանկապարտեզներ ենք վերանորոգել։ Մարզում տարեկան մոտ 12-13 ծրագիր ենք ներկայացնում սուբվենցիոն ծրագրերով՝ մանկապարտեզների նորոգման ուղղությամբ։ Առաջիկայում կսկսվի Վանաձորի 8-րդ մանկապարտեզի կառուցման 2-րդ փուլը, ինչպես նաև 4-րդ մանկապարտեզի հարցը կլուծվի։ Առաջիկա 5 տարիների ընթացքում մանկապարտեզների հետ կապված խնդիրներ պետք է չունենանք։ Այս պահին դպրոց է կառուցվում, նաև՝ թվով 7-րդ մարզադահլիճը»։ 

Բացի վերոհիշյալ թեմաներից մարզպետ Արամ Խաչատրյանն անդրադարձավ քաղաքի, նաև՝ միջքաղաքային տրանսպորտի խնդիրներին, այգիների բարեկարգմանը, ջրամատակարարման հետ կապված խնդիրներին, նաև՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում հնարավոր խնդիրներին։

Վովա Հակոբյան