Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք կառավարության կցորդը չենք և կարող ենք մեր կարծիքը կառավարության որոշման մասին միշտ էլ ասել. Վիգեն Խաչատրյանը՝ Վլադիմիր Վարդանյանին

ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր ընդունվեց Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու և «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ,  լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ 

Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, ներկայացնելով նախագիծը, ասաց, որ նախագծի  կարգավորումներով առաջարկվում է վերանայել պետական շահերի պաշտպանության հարցի պետական շահ հասկացությունը՝ վերջինիս մեջ ներառելով նաև հանրային շահ հասկացությունը։ Նշված կարգավորմամբ նախատեսվում է դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության գործառույթի իրականացման շրջանակում դատախազությանը հնարավորություն ընձեռել մասնակցելու և լուծելու գործնականում համայնքի միջոցների տնօրինման կամ համայնքին պատճառած վնասների դեպքում համապատասխան դատավարական և իրավական գործընթացները։

«Մասնավորապես այնպիսի խնդրահարույց իրավիճակներում, երբ, օրինակ, համայնքի ղեկավարը չտեղեկացվածության շահագրգռվածության կամ որևէ այլ պատճառներով հայց չի ներկայացրել դատարան, օրինակ՝ ինքնակամ շինարարությունը դադարեցնելու, դրա հետևանքները վերացնելու, համայնքի սեփականության ապօրինի տիրապետումը դադարեցնելու, ժառանգությունն ընդունելու հետ կապված այլ պահանջներով, ապա նման կարգավորման պարագայում դա կարող է  իրականացվել նաև դատախազության կողմից  պետական շահերի պաշտպանության գործառույթի իրականացման շրջանակում»,- ասաց Լևոն Բալյանը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ, դիմելով քննարկմանը ներկա ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին,  ասաց, որ այս նոր կարգավորումով դատախազությանը փաստացի իրավունք է վերապահվում արտաքրեական գործերով ստանձնելու նոր, լայնամասշտաբ լիազորություններ՝ բոլոր ուղղություններով, ներառյալ տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունների, հնարավոր անգործությունների դեպքում դատական հայցեր, դիմումներ ներկայացնելու ուղղությամբ։  

Արձագանքելով՝ Անահիտ Մանասյանն ասաց, որ եթե խոսքը պետական շահ սահմանադրական հասկացության մեկնաբանության մասին է, ապա այստեղ հիմնական հարցն իրականում հետևյալն է. արդյոք հնարավո՞ր է Սահմանադրությամբ սահմանված պետական շահ կոնկրետ հոդվածով հասկացության համատեքստում ընկալել նաև համայնքային շահ հասկացությունը, և մեկնաբանության ամբողջ տեսությունը և պրակտիկան հուշում են, որ պիտի հիմա օգտագործենք մեկնաբանության բոլոր մեթոդները և հանգենք այն տեսակի մեկնաբանության, որը բխում է հանրային շահից, պետական շահից և այլն։

«Այս համատեքստում մի կարևոր հանգամանք կուզենամ արձանագրել։ Ըստ էության Սահմանադրությունը տարանջատել է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ հասկացությունները, բայց այս տարանջատումն առաջին հերթին ունի ինստիտուցիոնալ դերակատարություն։ Ինստիտուցիոնալ այն առումով, որ տարանջատված են այս մարմինները և հնարավորություն է տրված յուրաքանչյուրին և առաջին հերթին տեղական ինքնակառավարման մարմիններին, նաև համայնքի բնակիչներին ինքնուրույն լուծելու համայնքային նշանակության հարցերը»,- ասաց Անահիտ Մանասյանը։ 

Հարքի քննարկման ավարտին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, ներկայացնելով իր դիտարկումները, ասաց, թե ինչն է  ստիպում իրենց սա համարել անհետաձգելի։

Ընդհատելով Վիգեն Խաչատրյանին՝ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ բոլորը մնան իրենց տիրույթում, քանի որ իրենք չեն կարող կառավարության փոխարեն որոշել անհետաձգելիության կամ հետաձգելիության հարցը։

Արձագանքելով՝ Վիգեն Խաչատրյանն ասաց, որ ինքն այդ մեկնաբանությունը շատ տարօրինակ է համարում, քանի որ իրենք կառավարության կցորդը չեն և կարող են իրենց կարծիքը կառավարության որոշման մասին միշտ էլ ասել։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան