Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լավրովի ասածն իրականությանը չի համապատասխանում. Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրելիս Ադրբեջանը դուրս էր եկել ԽՍՀՄ կազմից, իսկ Արցախն արդեն Ադրբեջանի կազմում չէր

Լավրովի ասածն իրականությանը չի համապատասխանում. Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրելիս Ադրբեջանը դուրս էր եկել ԽՍՀՄ կազմից, իսկ Արցախն արդեն Ադրբեջանի կազմում չէր
Քաղաքականություն
18:32, 02 февраль 2023
Հիմա երբ և Հայաստանը, և Ադրբեջանը ԵՄ-ի հետ միասին ստորագրել են փաստաթուղթ՝ պատրաստակամություն հայտնելով կնքել «Խաղաղության պայմանագիր» 1991թ. կնքված Ալմա-Աթայի հռչակագրի պայմանների հիման վրա, մեզ համար արդեն դժվար է կողմնորոշվել հետագա քայլերում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու պարզաբանել. «Ալմա-Աթայի հռչակագրում ասված է, որ նոր անկախ պետությունների միջև սահմաններն անցնելու են ԽՍՀՄ, միութենական հանրապետությունների վարչական սահմաններով ՝ ներառյալ հայկական ԽՍՀ-ն և ադրբեջանական ԽՍՀ-ն, և ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում էր գտնվում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը։ Այնպես որ, այստեղ բազմաշերտ իրավիճակ է, և այն, որ ՀԱՊԿ-ն այս ոչ պարզ իրավիճակում պատրաստել է խաղաղապահ առաքելության իրագործման նախագիծ, դա մեծ առաջընթաց է, և այդ առաջարկությունը դեռ սեղանին է, եթե մեր հայ գործընկերները համաձայն են՝ այդ առաքելությունը կարող է 1-2 օրվա ընթացքում իրագործվել»։  

Civic.am-ը կապ հաստատեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հետ՝ ճշտելու Ռուսաստանի արտգործնախարարի խոսքերը՝ արդյոք ադրբեջանական ԽՍՀ-ի կազմո՞ւմ է գտնվել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, երբ 1991թ.-ին կնքվել է Ալմա-Աթայի հռչակագիրը։ 

«Լավրովի ասածն իրականությանը չի համապատասխանում, որովհետև Ալմա-Աթայի հռչակագիրն ընդունվել է 1991թ. դեկտեմբերի 21-ին, իսկ մինչ այդ՝ օգոստոսի վերջին, Ադրբեջանը դուրս էր եկել ԽՍՀՄ կազմից։ Իսկ 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանը որոշում էր կայացրել Ադրբեջանի կազմից դուրս գալու վերաբերյալ։ ԼՂԻՄ-ն արդեն խորհրդային օրենսդրությամբ դուրս էր եկել Ադրբեջանի կազմից, հետևաբար 1991թ. դեկտեմբերի 21-ին չէր կարող լինել Ադրբեջանի կազմում»,-Լավրովի խոսքերը հերքեց Աշոտ Մելքոնյանը։ 

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենը շեշտեց, որ ԼՂԻՄ-ը, խորհրդային Սահմանադրության համաձայն, ինքնորոշման իրավունքն իրացնելով՝ արդեն Ադրբեջանի կազմից դուրս էր. «Եվ քանի որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում եղել է ազգային-պետական կազմավորում՝ նա ևս իրավունք ուներ Ադրբեջանի կազմից դուրս գալու՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա, ինչը թույլ էր տալիս նույնիսկ խորհրդային օրենսդրությունը»։ 

Աշոտ Մելքոնյանը ընդգծեց, որ Ալմա-Աթայի հռչակագրի ընդունումը չի նշանակում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու տարբերակում դրա մեջ հասկանալ նաև ԼՂԻՄ-ը։ 

Արցախի ԱԺ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Կասյանն էլ մեզ հետ զրույցում հիշատակեց, որ մինչև ԽՍՀՄ-ի ստեղծվելը Ղարաբաղը չի եղել Ադրբեջանի կազմում, իսկ ԽՍՀՄ-ի ստեղծումից հետո բոլորը գիտեն, թե ինչպես է Ղարաբաղը հանձնվել Ադրբեջանին: «Ամբողջ աշխարհը գիտի, թե Նախիջևանն ու Ղարաբաղը ոնց էին բաժին հասել Ադրբեջանին՝ Ռուսաստանն է տվել Ադրբեջանին, Ռուսաստանին ձեռնտու էր, որ Ադրբեջանն ավելի հզոր լինի, քան Հայաստանը։ Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ղարաբաղցիներն Ադրբեջանի կազմում չեն կարող ապրել, և մենք մինչև վերջ պայքարելու ենք դրա համար»,- ասաց Արցախի ԱԺ պատգամավորը։

Վլադիմիր Կասյանը նշեց նաև, որ 1992թ. Ղարաբաղում հանրաքվե է եղել, և ղարաբաղցիների 94 տոկոսը կողմ է քվեարկել Ադրբեջանի կազմից դուրս գալուն։

Հարցին՝ նախքան 90-ականների պատերազմը քանի՞ ադրբեջանցի է ապրել ԼՂԻՄ-ում, պատգամավորն արձագանքեց. «Նախքան ղարաբաղյան շարժումը Ղարաբաղում ապրել են 25.000 ադրբեջանցի և 140.000 հայ»։ 

Հիշեցնենք, որ 2022թ. հոկտեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պրահայում կայացած հանդիպման ընթացքում հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Իսկ մոտ մեկ ամիս առաջ՝ հունվարի 10-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել էր, թե  Հայաստանը պետք է արձանագրի այն, ինչ նրանք ընդունել են Պրահայում, իսկ հետո՝ Սոչիում անցած տարվա հոկտեմբերին. «Հղումը տարածքային ամբողջականությանն ու Ալմա-Աթայի հռչակագրին առավել քան հստակ ասում է, որ հայերը ճանաչում են Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս»։ Եվ այսօր Ալիևի խոսքերն է կրկնել ՌԴ ԱԳ նախարարը։ 


Նարա Մարտիրոսյան