Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շիրակի Անի, Սյունիքի Սիսիան համայնքներում առաջիկայում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ․ մասնակցել ցանկացող ուժերը փաստաթղթերը ԿԸՀ կարող են ներկայացնել փետրվարի 9-ից

Շիրակի Անի, Սյունիքի Սիսիան համայնքներում առաջիկայում տեղի կունենան  ՏԻՄ ընտրություններ․ մասնակցել ցանկացող ուժերը փաստաթղթերը ԿԸՀ կարող են ներկայացնել փետրվարի 9-ից
Քաղաքականություն / Հայաստան
20:59, 02 февраль 2023
Մարտի 26-ին  Սյունիքի մարզի Սիսիան, Շիրակի մարզի Անի համայնքներում կկայանան ՏԻՄ համամասնական ընտրություններ։ Civic.am-ը տեղեկացավ, որ  ՀՀ   ոստիկանությունից ԿԸՀ-ին տրամադրված տեղեկանքի համաձայն՝ Սիսիան համայնքը  ս․թ․  հունվարի 9-ի դրությամբ  22 հազար 916 ընտրող ունի։  Շիրակի Անի համայնքում, ըստ ոստիկանության փոխանցած տվյալի, ընտրողների թիվը  նախորդ տարվա դեկտեմբերի 19-ի դրությամբ  15 հազար 913 է։ 
 
Նշենք, որ թե՛ Անի, թե՛ Սիսիան համայնքներում   ավագանու անդամների թիվը 21 է, թեկնածուների ընտրական գրավի չափը՝ 500  հազար դրամ։ 

Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար  համապատասխան փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն փետրվարի 9-ից մինչև փետրվարի 19-ը, ժամը 18։00-ն։ 
 
Հիշեցնենք, որ նախորդ տարի սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ  համամասնական ընտրություններից հետո Սիսիան համայնքում այդպես էլ համայնքային  իշխանություն ձևավորել չհաջողվեց։  Ընտրողների ձայների  51 տոկոսը ընտրություններին մասնակցած  որևէ ուժ չէր ստացել, համայնքային իշխանություն ձևավորելու համար անհրաժեշտ էր 11 մանդատ։

 21 մանդատներից 8-ը «Քաղաքացիական պայմանագիրն» էր ստացել, 5-ը՝ «Աշխատանք և Արդարություն» դաշինքը, 4-ը՝ «Ապրելու երկիրը», 2-ական մանդատ «Մեկ Հայաստան» և «Հանուն Հանրապետության» կուսակցությունները։
«Ապրելու երկիրը» բոյկոտել էր հոկտեմբերի 12-ին կայացած նիստը, իսկ ավելի ուշ ընտրացուցակը գլխավորող Արա Զաքարյանը հայտարարել էր, որ վայր են դնում մանդատները։  «Աշխատանք և արդարություն» և «Մեկ Հայաստան» խմբակցությունները նույնպես վայր   դրեցին  իրենց մանդատները, ինչից հետո  նշանակվեցին նոր ընտրություններ։
 
Անի խոշորացված համայնքում  նույնպես համանման իրավիճակ էր․ նախորդ տարի սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթել էր 18 տարի Անին ղեկավարած նախկին համայնքապետ Արտակ Գևորգյանի առաջնորդած «Ազգ-համայնք» դաշինքը։ Միայնակ համայնքային իշխանություն այս համայնքում ևս ձևավորել չհաջողվեց։  Երկրորդ ու երրորդ տեղը զբաղեցրած «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Հայկական երազանքը» բոյկոտեցին ավագանու նիստերը, նորընտիր ավագանին այդպես էլ չկարողացավ համայնքապետ ընտրել ու այստեղ էլ  նոր ընտրություններ նշանակվեցին։ Մինչև նոր քվեարկությունը համայնքի ղեկավարի պաշտոնում   ժամանակավորապես նշանակվել է սեպտեմբերի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորած Արման Սարիբեկյանը։ 
 
Ե․Ազատյան