Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չինական հետախուզական օդապարիկ՝ ԱՄՆ երկնքում. ամերիկացի օրենսդիրը Բայդենին կոչ է արել անհապաղ խոցել այն

Չինական հետախուզական օդապարիկ՝ ԱՄՆ երկնքում. ամերիկացի օրենսդիրը Բայդենին կոչ է արել անհապաղ խոցել այն
Քաղաքականություն / Աշխարհ
11:20, 03 февраль 2023
ԱՄՆ զինվորականները վերջին մի քանի օրերին հետևում են երկրի հյուսիսային մասում հետախուզական օդապարիկին: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերին։

«Մենք վստահ ենք, որ այս հետախույզ-օդապարիկը պատկանում է Չինաստանին։ Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք արդեն նկատել ենք այդպիսի ակտիվություն»,- հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը։ 

Ռայդերը նշել է, որ ԱՄՆ իշխանությունները մտադիր չեն խոցել օդապարիկը, քանի որ իր թռիչքի բարձրության պատճառով այն սպառնալիք չի ներկայացնում քաղաքացիական ավիացիայի համար։ Զինվորականները կարծում են նաև, որ այն սպառնալիք չի ներկայացնում հետախուզության առումով, քանի որ Չինաստանն արդեն ունի համարժեք տեղեկատվություն իր արբանյակների շնորհիվ։
Այնուամենայնիվ, ամերիկյան իշխանությունները կապ են հաստատել Չինաստանի կառավարության հետ «Վաշինգտոնի և Պեկինի մի քանի խողովակներով»։  

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Մարջորի Թեյլոր Գրինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ է արել անհապաղ հրաման տալ խոցելու օդապարիկը։ «Բայդենը պետք է անհապաղ խփի չինական լրտեսական օդապարիկը»,-  Թվիթերում գրել է օրենսդիրը։
Գրինը նաև քննադատել է վարչակազմի քաղաքականությունը՝ նշելով, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը «չէր հանդուրժի սա» և «շատ բաներ, որոնք կատարվում են Ամերիկայի հետ»։