Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը կեղծ թեզերով անցել է բացահայտ հարձակման Հայաստանի դեմ․ իրենք դա անում են Հայաստանում հեղաշրջում կազմակերպելու համար, որովհետև եթե հեղաշրջում լինի, Հայաստանը 5 օր հետո կհանձնվի Ռուսաստանին․ քաղաքագետ

Ռուսաստանը կեղծ թեզերով անցել է բացահայտ հարձակման Հայաստանի դեմ․ իրենք դա անում են Հայաստանում հեղաշրջում կազմակերպելու համար, որովհետև եթե հեղաշրջում լինի, Հայաստանը 5 օր հետո կհանձնվի Ռուսաստանին․ քաղաքագետ
Քաղաքականություն
19:40, 03 февраль 2023
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը օրերս հարցազրույց է տվել ռուսական ԶԼՄ-ներին, որի ժամանակ հայտարարել է հետևյալը. «Հայաստանում ՀԱՊԿ-ի առաքելություն տեղակայելու առաջարկը դեռևս սեղանին է։ Եթե մեր հայ դաշնակիցները, ընկերները նախկինի պես հետաքրքրված են, այդ առաքելությունը կարող է 1-2 օրվա ընթացքում տեղակայվել։ Երևանում խորհրդաժողովում հայկական կողմը հրաժարվեց ընդունել այն՝ նշելով, որ իրենց այդ որոշումը պետք է, եթե այդ փաստաթղթում դատապարտվեն Ադրբեջանի գործողությունները։ Դրան բոլորը չէին, որ պատրաստ էին, քանի որ ղարաբաղյան խնդիրը տասնամյակների պատմություն ունի, նախկինում Հայաստանն էր օկուպացրել Ադրբեջանի 7 շրջանները»։   

Civic.am-ի հետ զրույցում այս առնչությամբ հայտնելով իր տեսակետը՝ քաղաքագետ, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանն ասաց. «Էդ իր հայտարարությունները հերթական ապացույցն են այն բանի, որ այս պատերազմի հովանավորը, բայց նաև պատերազմը հրահրողը Ռուսաստանն է և վերջ։ Ինքը պատերազմի երկրորդ օրը հայտարարեց, որ «5+2»-ը պետք է վերադարձնենք։ Այսինքն՝ դա այն նախնական մինիմումն էր, որն իրենք նախատեսել էին։ Բայց քանի որ այսօր Հայաստանն ինքնիշխանության հայտ է ներկայացրել, իրենց ներվերը շարժել է, ու սկսել են ասիական վարքաբանությամբ հորդալ իրենց միջի ատելությունը, որն ունեն Հայաստանի պետականության նկատմամբ, և բացահայտ հայտարարում են։ Բայց նաև մեր ժողովուրդը պետք է ընդունի, որ Ռուսաստանը հայտարարում է, որ ինքը ադրբեջանական և ադրբեջանաթուրքական թեզերի կողմնակիցն է, պաշտպանն է։ Իսկ կոնկրետ Ադրբեջանի պարագայում ինքը հավանաբար նաև թեզերի հեղինակն է»,- ասաց քաղաքագետը։   

Խոսելով նաև Լավրովի այն հայտարարության մասին, որ ԵՄ դիտորդների ժամանումը պետք է համաձայնեցվի նաև Ադրբեջանի հետ, միևնույն ժամանակ նշելով, թե ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել, քաղաքագետը հարց է բարձրացնում՝ ստացվում է իրենք արդեն համաձայնեցրե՞լ են Ադրբեջանի հետ իրենց գալը։ 

«Ինքը թող պատասխանի այդ հարցին։ Համաձայնեցրե՞լ են արդեն Ադրբեջանի հետ և ի՞նչ են պայմանավորվել Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի հաշվին։ Բայց սա նաև Ռուսաստանի քաղաքականության հերթական բացահայտ դրսևորումն է, նաև Հայաստանում ներքին կրքեր հրահրելու ձև է։ Եթե այդպես է, ՀԱՊԿ դիտորդները ինչու հանկարծ որոշեցին ԵՄ դիտորդներից հետո գալ, ինչո՞ւ իրենք մինչ այդ չէին գալիս։ Ինչո՞ւ էր Հայաստանի բոլոր աղաչանքներին, կանչերին ՀԱՊԿ-ն անհաղորդ, և ինչո՞ւ այս ամենից հետո, երբ Հայաստանն իր համար ուղիներ է որոնել, պարզվում է, որ հանկարծ Ռուսաստանն իր հասակով մեկ կանգնել է Հայաստանի և հայ ժողովրդի շահերի պաշտպան, պարզվում է, որ իրենք ծրագրել են Հայաստանը փրկել, և Հայաստանն ու հայ ժողովուրդն այդ նպատակների տեղը չգիտեին։ Որքան Հայաստանը ճար և ուղիներ է որոնում, այնքան Ռուսաստանը ջղաձգվում է, այնքան Ռուսաստանը Հայաստանում ներդնում է թեզեր, որոնք կգրգռեն մեր ժողովրդի հուզականությունը, որոնք Հայաստանի ներսում քայքայիչ աշխատանքով զբաղվող 5-րդ շարասյանը, որը սողոսկել է խորհրդարան, կտան պաշտպանիչ թեզիսներ այստեղ Հայաստանի ներքին կյանքը ցնցելու իրենց ավանդական հոգեկան հիվանդությամբ, այն է՝ ռուսականությամբ»,- ասաց քաղաքագետը։ 

Անուհետև նա նշեց, որ Հայաստանը 40 անգամ ՀԱՊԿ-ին դիմել է տարբեր հարցերով, որտե՞ղ է եղել ՀԱՊԿ-ի արձագանքը, հետևապես իրենց նպատակն է փչացնել այն գործընթացը, որը Հայաստանը նախատեսել է, բայց Հայաստանն այդ գործընթացը նախատեսել է ոչ թե ՀԱՊԿ-ի դեմ, այդ նախատեսել է, որովհետև այլ ճար չունի, հետևապես Լավրովը պետք է մեզ մի բան բացատրի՝ ինչո՞ւ է  Հայաստանն անընդհատ ուղիներ որոնում, երբ Ռուսաստանը մեր դաշնակիցն է, երբ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, երբ աշխարհի տակ գոյություն ունեցող Հայաստան-Ռուսաստան պաշտպանության ոլորտի բազում պայմանագրեր կան, ինչո՞ւ է  Հայաստանն ամեն դեպքում ճար որոնում։    

«Ինչո՞ւ է այդպես, դա նշանակում է, որ դաշնակիցը դաշնակից չի, որ դաշնակիցն իր պարտականությունները չի կատարում։ Բայց եթե մենք խորքը հասկանանք, այդ դաշնակցի խնդիրն է գրկել Ադրբեջանին և Հայաստանի վզին ու Հայաստանի ոտքերին կեղծ թեզեր փաթաթել՝ կշռաքարի նման։ Ռուսաստանը պատերազմից հետո, նոյեմբերի 9-ից հետո, հավանաբար ուներ վստահություն, որ ինքը Հայաստանում հեղաշրջում է անելու այս հակահայ և օտարահպատակ տարրերի շնորհիվ, որոնք գիշեր-ցերեկ միութենական պետություն էին կանչում և այլն, ինքը դա չի հաջողել։ Բայց քանի որ ծրագիր ունի շարունակելու, և քանի որ այստեղ իր գործիքը լեգիտիմություն չունի մեր ժողովրդի մոտ, Ռուսաստանը կեղծ թեզերով անցել է բացահայտ հարձակման, ինքն է ուղիղ գրոհ անում Հայաստանի դեմ։ Ինքը Հայաստանի համար ամեն տեղ  բարդություններ է ստեղծում։ Իր խաղաղապահների ուղիղ հայացքի ներքո, թողտվությամբ և հավանաբար նաև հովանավորությամբ իրենք Արցախից երկու գյուղ հանձնեցին»,- ասաց քաղաքագետը։ 


Վերջինս նշեց, որ իրենք դա անում  են Հայաստանում հեղաշրջում կազմակերպելու համար, որովհետև եթե Հայաստանում հեղաշրջում  լինի, Հայաստանը հինգ օր հետո կհանձնվի Ռուսաստանին, իրենք հեղաշրջում չկարողացան անել նոյեմբերի 9-ից հետո, հիմա Լաչինի միջանցքն են փակել, պարզվում է՝ էլի հեղաշրջում չեն կարողանում անել։ 

Այսօր Ազգային ժողովում ընդդիմության նախաձեռնությամբ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը, մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջերս արված հայտարարությունը, ասել էր, որ եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում քառակողմ հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղը համարել է Ադրբեջանի մաս, ապա մնացած բոլոր անձանց հայտարարությունները տեղավորվում են բացառապես այդ շրջանակներում։

Այս առնչությամբ քաղաքագետն ասաց, որ ինքն այդ օտար պետության շահերը սպասարկող, հակահայ տեսակին ուզում է հիշեցնել, որ  նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո նրանց քաղաքական հայրը, միգուցե միայն քաղաքական չէ, հայտարարեց, որ Արցախը Ադրբեջանի տարածքն է, ու դա Պուտինն է հայտարարել, բայց ընդդիմության կողմից ծպտուն չի լսել։

«Նիկոլ Փաշինյանը չի հայտարարել, որ Արցախը Ադրբեջանի տարածք է, այդպիսի ուղիղ խոսք Հայաստանի կողմից չի եղել, այլ ձևակերպումներ եղել են, բայց այդպիսի ուղիղ խոսք Հայաստանի իշխանությունների կողմից չի եղել։ Բայց ինքը հիմա հետին թվով թվերը խառնում է, բարդում է իշխանության վրա։ Բոլորից առաջ, Աստծուց առաջ և նաև Հայաստանի 5-րդ շարասյունից առաջ, իրենց քաղաքական Աստվածը և այն պետությունը, որի շահերն իրենք ներկայացնում են, հայտարարեց, որ Արցախն Ադրբեջան է, և նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը վերադարձրել է իր տարածքները։ Թող մի անգամ տղամարդ լինեն, հայ մարդ լինեն, հայ քաղաքական գործիչ լինեն, արժանապատվություն ցույց տան, ասեն՝ էս ինչ ես հայտարարում, այ Պուտին, բայց իրենք դա չեն կարող անել, որովհետև իրենց նպատակը դա չի, իրենց նպատակը ոչ Հայաստանի շահն է, ոչ Արցախն է, ոչ էլ Արցախի անվտանգությունն է, թող հեքիաթներ չպատմեն»,- հավելեց Հայկ Սուքիասյանը:

Եզրափակելով՝ քաղաքագետն ասաց, որ Ռուսաստանը պետք է իմանա մի բան՝ Ռուսաստանն ինչքան ուշացել է, Հայաստանը ենթարկվել է սպանդի, բայց այս անգամ Ռուսաստանի ուշացումը Հայաստանի փրկությունն է, Հայաստանը նրանց ճիրաններից, նաև ռուս-թուրքական ճիրաններից ազատագրվելու է, բայց այստեղ մեր ժողովուրդը ոգին պետք է տեղը պահի, սա դժվար գործընթաց է, և այսպիսի բաներ էլի են լինելու։
 
Լիլիթ Թադևոսյան