Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Քոչարյանն ինքն էլ լավ գիտե, որ պատերազմ սկսողը Ալիեւը չէր, այլ Էրդողանը, ում համար միեւնույն էր, թե ով է Հայաստանի ղեկավարը»․ Հակոբ Բադալյան

«Քոչարյանն ինքն էլ լավ գիտե, որ պատերազմ սկսողը Ալիեւը չէր, այլ Էրդողանը, ում համար միեւնույն էր, թե ով է Հայաստանի ղեկավարը»․ Հակոբ Բադալյան
Քաղաքականություն
15:11, 08 февраль 2021
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն մտքին, թե իր՝ երկրի ղեկավար լինելու դեպքում պատերազմը չէր սկսվի։ Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է․

«Երկրորդ նախագահի խոսքը, թե իր ղեկավար լինելու դեպքում Ալիեւի չէր սկսի պատերազմ, մի քիչ հիշեցնում է հայտնի անեկդոտը՝ «Է դու էլ ասա»: Իրավիճակն անշուշտ հեչ անեկդոտային չէ: Եվ էդ ոչ անեկդոտային իրավիճակում, կարծում եմ, Ռոբերտ Քոչարյանն ինքն էլ լավ գիտե, որ պատերազմ սկսողը Ալիեւը չէր, այլ Էրդողանը: Եվ թերեւս գիտե, որ Էրդողանի համար պատերազմ սկսելիս միեւնույն էր, թե ով է իրեն ռեսուրսներով անհույս զիջող Հայաստանի ղեկավարը: Էրդողանի համար կար մի էական բան՝ ով էր Միացյալ Նահանգների ղեկավարը, այդ ղեկավարը պահու՞մ էր Կովկաս Թուրքիայի մուտքի կարմիր լույսը, թե ոչ: Դա էլ իհարկե կախված էր, թե ով էր Ռուսաստանի ղեկավարը: Այդ ղեկավարը պատկերացնում էր Կովկասում Ռուսաստանի գոյությունը որպես ԱՄՆ գործընկե՞ր, թե՞ թշնամի: Սա է ընդհանուր «մեխանիկան», որը ձնագնդի նման սկսել է գլորվել դեռ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում: 

Պետք է նկատել, որ Քոչարյանն արել է այն կանգնեցնելու փորձ, որն անգամ արժանացել է Վաշինգտոնի հավանությանը՝ Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի մեջ Հայաստանը ներառելու տեսքով: Հետո 2007-08, եւ Քոչարյանը ոչ միայն հեռացավ իշխանությունից բառի բուն իմաստով, այլեւ նրա վրա մնաց Մարտի 1-ը: Երկրորդ նախագահի համար չմնաց այլ բան, քան «դառնալ» Վլադիմիր Պուտինի ընկերը: Իսկ աշխարհաքաղաքական իրողությունները 2007-ից մինչ այժմ այնպիսին են, որ Վլադիմիր Պուտինն իր ընկերներին «թույլ չի տա» լինել Հայաստանի ղեկավար, որովհետեւ դա նշանակում է իր ուղիղ պատասխանատվությունը Հայաստանի եւ Արցախի անվտանգության համար: Իսկ նա չունի այդ պատասխանատվությունը կրելու ուժ, այդ իսկ պատճառով Սերժ Սարգսյանին «արգելվեց» Հայաստանի ղեկավար թողնել նաեւ Կարեն Կարապետյանին, երբ Սարգսյանը 2017-ի ապրիլի խորհրդարանի ընտրությունից առաջ մարտին այցելել էր Մոսկվա:

 Ի դեպ հատկանշական է, որ նա այդ այցի ընթացքում ՄԳԻՄՈ-ում երկրորդ անգամ թափանցիկ ակնարկեց ապրիլյան պատերազմի համար ՌԴ պատասխանատվության մասին»: