Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օգտագործել մահապարտների կոչը՝ դուրս գալու իշխանությունների դեմ իշխանափոխության համար, օտար պետությունների շահերը սպասարկել է և ամենավերջին անբարոյականությունը. ազատամարտիկ

Օգտագործել մահապարտների կոչը՝ դուրս գալու իշխանությունների դեմ իշխանափոխության համար, օտար պետությունների շահերը սպասարկել է և ամենավերջին  անբարոյականությունը. ազատամարտիկ
Քաղաքականություն
18:38, 06 февраль 2023
Civic.am-ի հետ զրույցում  «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ազատամարտիկ Ռոմիկ Մխիթարյանը, խոսելով  «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության մասին, այն  կապեց, այսպես կոչված,  «Զանգեզուրի միջանցքի» հետ, որը ժամանակին  հայտնի էր որպես ղարաբաղյան կարգավորման «Մեղրիի փոխանակման տարբերակ»։  ՀՀ-ի նկատմամբ արտաքին որոշ ուժերի կողմից  ճնշում է բանեցվում հիշյալ միջանցքը ստանալու համար, որին ՀՀ իշխանությունը դիմակայում է, մյուս կողմից էլ՝ ՀՀ ներքաղաքական որոշ դերակատարներ՝  նախկին իշխանության հետ աֆիլացված որոշ սուբյեկտներ, խոսում են  բռնի ուժով իշխանափոխություն անելու մասին։ 

Նրանցից մեկն էլ նախկին դաշնակցական Ռուբիկ Հակոբյանն է,  որը նախորդ շաբաթ տեղի ունեցած խորհրդարանական լսումների ժամանակ ազդարարեց, թե մահապարտներ են պետք, որոնք ուժով կհեռացնեն գործող իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանին, քանի որ վերջինս ինքնակամ հեռացողը չէ։ 
 
Ռոմիկ Մխիթարյանին հարցրինք՝ ինչպե՞ս է վերաբերվում  ՀՀ իշխանության «հարցերը» բռնի ուժով լուծելու ռուբիկհակոբյանական ոճի  հայտարարություններին։ Ի պատասխան՝ պրն Մխիթարյանն արձագանքեց՝ բարոյական չէ այժմ կրկնել այդ մարտակոչը, եթե այն չի ծառայելու իր նպատակին՝ արտաքին թշնամու դեմ կռվելուն։  

«Վազգեն Սարգսյանի  մահապարտների կոչն արվեց այն ժամանակ, երբ մեր զինված ուժերը մոտավորապես նույն հոգեբանական վիճակում էին, ինչպես հիմա։ Մահապարտների կոչ անելով՝ Սպարապետը կարողացավ շուռ տալ պատերազմի անիվը, ու մենք  արձանագրեցինք բազում հաղթանակներ։ 

Այսօր  օգտագործել մահապարտների կոչը՝ դուրս գալու իշխանությունների դեմ իշխանափոխություն անելու համար, դա օտար պետությունների շահերը սպասարկել է։  Դա ամենավերջին  անբարոյականություն է»։   

ՀՀ-ում ակնհայտ գործող «5-րդ շարասյունը» թեև, իր՝ ազատամարտիկի կարծիքով, ի վիճակի չէ երկրորդ անգամ  նման ահաբեկչություն կազմակերպել, բայցև չպետք է երբեք  բացառել  նման  սցենարի կրկնությունը՝ պահելով զգոնությունը։ «Մեր ժողովուրդն ամուր կանգնած է և շատ իմաստուն է, շատ լավ գիտակցում է մեր առջև ծառացած խնդիրներն ու նաև մեր անելիքները։ Եվ մեր բոլորի համատեղ, համակարգված աշխատանքն է պետք՝ այս ամենի դեմն առնելու համար»,- նշեց Մխիթարյանը։