Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ-ում վաղը քննարկվելու է Սեյրան Օհանյանին և Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ԱԺ որոշման նախագիծը

ԱԺ-ում վաղը քննարկվելու է Սեյրան Օհանյանին և Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ԱԺ որոշման նախագիծը
Քաղաքականություն
18:33, 06 февраль 2023
Վաղը՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում քննարկվելու է «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանին և Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունվարի 20-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր:  Իսկ հունվարի 23-ին գլխավոր դատախազը Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր: Ըստ նույն կետի պահանջի՝ միջնորդագրերին կցվել են նաև պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Առաջին քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում (երկու դրվագ), ինչպես նաև, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (երկու դրվագ)։

Երկրորդ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, նաև չի կատարել ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք:

Երրորդ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք: 

Քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արմեն Չարչյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննված քրեական գործով, որպես փորձագետ ընդգրկված լինելով Ա. Ս.-ին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում, 2017 թվականի փետրվարի 8-ին ստորագրել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացությունը:

ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: