Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոչ միայն ադրբեջանցիները, այլ նաև Դուք չեք կարող տեսնել այն ամենը, ինչ արվում է առաջնագծում․ Փաշինյանը՝ Թագուհի Թովմասյանին․ Տեսանյութ

«Ինչո՞ւ Գեղարքունիքում և Սյունիքում մենք չունենք կահավորված առաջնագիծ, չունենք խրամատներ և մեր անվտանգությունը մեղմ ասած մտահոգիչ վիճակում է։ Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ խոչընդոտներ ունենք, ի՞նչ է սպասվում մեզ մինչև սահմանային ճշգրտումները», - այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցությունը  լքած, անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հանրային դիսկուրսը լսելով՝ հասկանում է, որ Ադրբեջանի հետախուզությունը շատ փող ծախսելու կարիք չունի։ «Մեկը կար, չէ՞՝ պատերազմից առաջ ասում էր՝ ես լինեմ Ալիևի տեղը, հիմա կհարձակվեմ, հիմա էլ ուղղություններն եք ասում, թե որտեղ ինչ կա։ Հաջորդ անգամ կոորդինատներով, քարտեզներով հրապարակեք, ասեք՝ օրինակ՝ կոորդինատ այս-ինչից այն-ինչը մենք չունենք խրամատներ։ Ժողովուրդ, մենք հասկանո՞ւմ ենք, թե ինչ ենք անում», - պատասխանեց Փաշինյանը։

Թագուհի Թովմասյանն ասաց․ «Մեր առաջնագիծը գտնվում է ուղիղ Ադերբեջանի տեսադաշտում, և նրանք շատ լավ տեսնում են, այստեղ որևէ կոորդինատի հարց չկար»։

Նիկոլ Փաշինյանը արձագանքեց. «Ոչ միայն դուք, այլ նաև ադրբեջանցիները չեք կարող տեսնել այն ամենն, ինչ արվում է, որովհետև դրա մեծամասնությունն արվում է գաղտնի։ Այն առաջնագիծը, որը տեսանելի է, վատ առաջնագիծ է, և փառք Աստծո, ո՛չ դուք, ո՛չ ադրբեջանցիները չեք կարող դա տեսնել, և ես ուրախ եմ դրա համար»։