Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բա մի դատախազ չի՞ եղել այն ժամանակ, նայի տեսնի՝ էս ինչ է կատարվում, գնա մի քրեական գործ հարուցի. ԱԺ-ում քննարկվում է Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն այսօր քննարկել է  «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի առաջին միջնորդագիրը: Իսկ երկրորդ միջնորդագիրը քննարկվել է փակ նիստում։

Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:

«2022 թվականի նոյեմբերի 15-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարի 2005 թվականի հուլիսի 11-ի 34 և 35 որոշումներով անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով պաշտպանության նախարարությանն են տրամադրվել Արարատի մարզի Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 24/1 հասցեում գտնվող 1,2 հա մակերեսով և նույն խճուղու 1/4 Գ հասցեում գտնվող 0,9 հա մակերեսով «հատուկ նշանակության» հողամասերը: Դրանցից առաջինի՝ «Երասխ 1» զորամասի կարգավիճակ ունեցող հողատարածքի վրա առկա են եղել զորամասի շտաբը՝ 252,8 քմ մակերեսով, զորանոցը՝ 366,4 քմ մակերեսով, ճաշարանը՝ 186,9 քմ մակերեսով, 630,6 քմ ընդհանուր մակերեսով շինությունը, ծածկը, ակումբը, կաթսայատունը, սանհանգույցը, հսկիչ անցագրային կետերը, իսկ երկրորդի՝ «Երասխ 2» զորամասի կարգավիճակ ունեցող հողատարածքի վրա՝ զորամասի շտաբը՝ 212,7 քմ մակերեսով, և 782,2 քմ ընդհանուր մակերեսով շինությունը, ծածկերը, ճաշարանը, պահեստը, սանհանգույցը»,-ասաց գլխավոր դատախազը:

Դատախազի խոսքով՝ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման բաժնի պետ Արմեն Հակոբյանին լիազորել է հանդես գալ պաշտպանության նախարարության անունից, որի հիման վրա, չբացահայտելով իրական գնորդին, 2009 թվականի հունվարի 13-ին արդարադատության նախարարության «Կենտրոն» նոտարական գրասենյակում Արմեն Հակոբյանի և ՊՆ զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի հետ փոխկապակցված անձ Էդգար Արշակյանի միջև կնքվել է առքուվաճառքի պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի՝ Արարատի մարզի Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 24/1 հասցեում գտնվող 2 մլն 664 հազար դրամ կադաստրային արժեքով հողը և դրա վրա առկա 8 մլն 895 հազար 600 դրամ կադաստրային արժեքով շինությունները անհամեմատ էժան գնով՝ ընդամենը 4 մլն դրամով, փաստացի վաճառվել են Գրիգորի Խաչատուրովին, սակայն պայմանագրի հիման վրա օտարված անշարժ գույքը Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վեդու ստորաբաժանումում՝ որպես սեփականություն, գրանցվել է Էդգար Արշակյանի անվամբ. այդ կերպ խեղաթյուրվել է գույքի իրական պատկանելությունը:
Գրիգորի Խաչատուրովը երկու անգամ՝ նախ 2009 թվականի մայիսի 13-ին, այնուհետև՝ 2016 թվականի օգոստոսի 16-ին, նշված անշարժ գույքը գրավադրել է «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերությունում, վերջինից ստացել է առանձնապես խոշոր չափերով գումար և այդ եղանակով օրինականացրել է նշված գումարի հանցավոր ծագումը:

«Այսպիսով՝ Սեյրան Մուշեղի Օհանյանին մեղսագրվում է 2 դրվագ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և 2 դրվագ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) հանցավոր արարքների կատարում: Այն է՝ oգտագործելով պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը (երկու դրվագ), ինչպես նաև՝ անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (երկու դրվագ))։ Սեյրան Օհանյանի կողմից վերոնշյալ հանցավոր արարքների կատարումը հաստատվել է քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված մի շարք փաստական տվյալներով: Սեյրան Օհանյանը հիշյալ հողատարածքներն օտարելու վերաբերյալ հրաժարվել է ցուցմունք տալուց, միևնույն ժամանակ, օգտվելով իր իրավունքից, վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որևէ դիրքորոշում հայտնելուց»,- ասաց Աննա Վարդապետյանը։ 

Հայտնելով իր դիրքորոշումը ներկայացված միջնորդության վերաբերյալ՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասաց, որ մի հող, որի վրա կա զորամաս, 60-րդ հոդվածով արգելված է օտարումը, հողը վաճառում են մասնավոր անձի 4 միլիոն դրամով, այն դեպքում, երբ որ կադաստրային արժեքն 8 միլիոն դրամ է, ու այդ հողը Գրիգորի Խաչատուրովը տանում դնում է գրավ՝ 18 մլն դրամով։ 

«Մի ուրիշ փաստ է, որ այստեղ գալիս պատմում ենք նրա մասին, որ պաշտպանության նախարարի լիազորագրով անօտարելի հողը փաստացի օտարվել է, հետո տարել մի ուրիշ զինվորականի կողմից գրավ է դրվել, ու ոչ մեկը չի զարմանում, որովհետև դա մեր իրականությունն է եղել, մենք դրա մեջ ապրել ենք։ Բոլոր համակարգերն էլ միանշանակ ունենում են իրենց սխալները, բայց համակարգը բնորոշվում է ոչ թե սխալով, այլ սխալի նկատմամբ ռեակցիայով։  

Բա մի դատախազ չի՞ եղել այն ժամանակ, նայի տեսնի՝ էս ինչ է կատարվում, գնա մի քրեական գործ հարուցի, մի քննիչ չի՞ եղել, որ տեսնի այդ ամեն ինչը։ Եթե անձերից վերացարկվենք, որպես այդպիսին այդ երևույթը, որ զորամասը 4 միլիոնվ վաճառվել է, հետո 18 միլիոնով գրավ են դրել, այդ երևույթի անունը պարզ, մարդկային լեզվով՝ «մելկի ժուլիկություն» է»,- ասաց Վահագն Ալեքսանյանը։  
 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  մեկ այլ պատգամավոր՝ Գևորգ Պապոյանն էլ ասաց, որ կա մի շրջանակ, որ սոցիալական ցանցերում գցում են տնակի նկար, ասում են՝ ինչու է մեր զինվորն այս տնակի կամ վրանի մեջ։ 

«Տնակի կամ վրանի մեջ է, որովհետև զորանոցը ծախել եք, որովհետև զորանոցը կերել եք, դրա համար էլ վրանի մեջ են։ Եթե չծախեիք, չուտեիք, այսպես չէր լինի։ Ինձ այստեղ այս հարցի միայն բարոյական կողմն է հետաքրքրում, ուրիշ ոչ մի բան։ Պետականության ոչնչացումն այսպես է տեղի ունենում. երբ որ օրենքները չեն հարգվում։ Այս ամենը եղել է այն տրամաբանության մեջ, որ մեր դեմ խաղ չկա, ինչ ուզենք՝ կանենք։ Եվ երբևէ այս մարդիկ չեն պատկերացրել, որ գալու է  պատասխան տալու ժամանակը։ Եվ վստահ եմ, որ այսպիսի հարյուրավոր գործեր կան ու բոլոր նախարարություններում էլ կլինեն։ Սա նրա մասին է, որ պետական պաշտոնյաները իրենք իրենց գործողություններով պետականություն են քանդել»,- ասաց Գևորգ Պապոյանը։   

Ընդդիմադիր պատգամավորներն էլ դատախազի ներկայացրած միջնորդագրերի վերաբերյալ հրաժարվում են իրավական գնահատականներ  տալ, քննարկմանը չեն մասնակցում և համարում են, որ դա քաղաքական շոու է։

Սեյրան Օհանյանի վերաբերյալ դատախազի ներկայացրած երրորդ միջնորդագիրը կքննարկվի ԱԺ վաղվա նիստում։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան