Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Քոչարյանի ու Սերժի՝ բանակի հետ միասին տարած միակ հաղթանակը եղել է Մարտի 1-ին՝ սեփական ժողովրդի հանդեպ»․ Արման Բաբաջանյան

«Քոչարյանի ու Սերժի՝ բանակի հետ միասին տարած միակ հաղթանակը եղել է Մարտի 1-ին՝ սեփական ժողովրդի հանդեպ»․ Արման Բաբաջանյան
Քաղաքականություն
14:25, 03 май 2021
«Անկախության 30-րդ տարում, արդեն որերորդ անգամ՝ Հայաստանը պետականության, ինքնիշխանության հերթական քննությունն է հանձնում՝ հոկտեմբերի 27, մարտի 1 եւ Արցախյան երկրորդ պատերազմ․ այս իրադարձություններից յուրաքանչյուրը շոշափել է մեր երկրի, մեր պետականության եւ ինքնիշխանության հարցերը։ Երեքն էլ՝ ներքին, թե արտաքին՝ նույն դերակատարներով։ Երեքում էլ թիրախը եղել է հայ ժողովուրդը, Հայաստանի ժողովրդի հավաքական կամքը եւ պետականությունը»․ Այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստում հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Բաբաջանյանի խոսքով՝ մի ամբողջ պատերազմ էր պետք, որպեսզի բացահայտվեր, որ մենք, ըստ էության, կեղծ պետություն ենք կառուցել՝ իր բոլոր ինստիտուտներով ու կառուցակարգերով, այդ թվում՝ կեղծ է եղել նաեւ բանակը։ 

«Պարզվեց, որ փրկիչները միայն ընտրությունները չեն կեղծել, կեղծել են ամեն ինչ եւ դրա մեկնարկը տրվել է 1997 թվականին, երբ «վոինը»  նշանակվելով վարչապետի պաշտնում՝  Հայաստանը շեղեց բնական ընթացքից եւ ամբողջությամբ բանակն էլ ծառայեցրեց երկրի ներսում մաֆիայի եւ օլիգարխիայի քրեական իշխանության վերահսկողությունը երկարաձգելու նպատակին։ Ի զարմանս մեզ բոլորի՝ բանակն էլ ցանկացան մաս դարձնել այդ մաֆիային եւ հանցավոր շրջանակին», - ասաց պատգամավորը։

Պատգամավորի նշեց, որ քաղաքական առկա միջավայրը թույլ չի տալիս, որպեսզի մենք ուսումնասիրենք պատերազմի հանգամանքները, պարտության պատճառները․ «Պարտության իրական մեղավորները, ովքեր տարիներ շարունակ խոսել են հերոսական եւ հաղթական բանակի մասին՝ շատ հետաքրքրականորեն պատերազմի առաջին օրից գործող իշխանությանը մեղադրել են ոչ թե պատերազմում չհաղթելու, այլ չհանձնվելու մեջ», - ասաց նա։

Նկատի ունենալով նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, Բաբաջանյանն ասաց․ «Իշխանությունը պարզվեց դավաճան է, որովհետեւ ըստ էգ կովերի մասնագետ, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձնավորության՝ Հայաստանը ատոմակայանի թափոնները չի թափել Ադրբեջանցիների գլխին»։ 

Նա ընդգծեց՝ մեր ժողովուրդն ամեն ինչ տվել է բանակի համար, իրենց զավակներին եւ լավ ապրելու վաղվա հեռանկարը, դրա դիմաց բանակից ստացել է դաժան պարտություն, պատերազմը սկսվելուն պես ակնհայտ դարձավ, որ ոչ միայն իշխանությունն է զավթված եղել, այլեւ՝ տասնյակ տարիներ լափել են մեր երկրի անվտանգությունն ու հաղթանակը։

«Միակ իրական հաղթանակը, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը տարել են՝ մարտի մեկի հաղթանակն էր սեփական ժողովրդի նկատմամբ, երբ գնդակահարվում էր հայ ժողովրդի ազատության ոգին», - հավելեց պատգամավորը։