Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ-ն քվեարկությամբ համաձայնություն տվեց Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունվարի 20-ին երեք միջնորդագիր էր ներկայացրել ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։

107 պատգամավոներից քվեարկությանը մասնակցել են 68-ը։ Բոլորը կողմ են քվեարկել։ Այսպիսով՝ ԱԺ-ն Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տվեց:

Հիշեցնենք, որ ըստ դատախազության միջնորդագրերի՝

  • Առաջին քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում (երկու դրվագ), ինչպես նաև՝ անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (երկու դրվագ)։
  • Երկրորդ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, նաև չի կատարել ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև՝ վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք:
  • Երրորդ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք: