Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքվին և Մոսկվային չի հաջողվում համատեղ ջանքերով Հայաստանին բերել մոսկովյան հարթակ և ծածկադմփոցով զիջումներ կորզել․ Ռուբեն Մեհրաբյանը՝ Բաքվի ԱԳՆ արձագանքի մասին

Բաքվին և Մոսկվային չի հաջողվում համատեղ ջանքերով Հայաստանին բերել մոսկովյան հարթակ և ծածկադմփոցով զիջումներ կորզել․ Ռուբեն Մեհրաբյանը՝ Բաքվի ԱԳՆ արձագանքի մասին
Քաղաքականություն
18:30, 08 февраль 2023
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն մեկնաբանելով Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի երեկվա՝ փետրվարի 7-ի հայտարարություններն առ այն, որ Ադրբեջանը խոչընդոտում է բանակցային գործընթացը, իսկ Հայաստանը ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար, և այժմ քննարկում են Ադրբեջանի ներկայացրած խաղաղության պայմանագրի առաջարկները, հայտարարել է, թե հայկական կողմը կրկին «մանիպուլյացիաներ» է անում խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացի հետ կապված և, ներկայացնելով իրեն որպես կառուցողական կողմ, փորձում է «մոլորության մեջ գցել» միջազգային հանրությանը։

Civic.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը Հաջիզադեի արձագանքն ավելի շատ լեզվակռվի հակվածություն դրսևորեց։ Միևնույն ժամանակ,  ըստ նրա, մեր բանակցային գործընթացն առաջ է շարժվում, և խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ քննարկումները դեռ առջևում են, Հայաստանը դա չի հերքել։ 

«Բաքվին և Մոսկվային չի հաջողվում համատեղ ջանքերով Հայաստանին բերել մոսկովյան հարթակ և ծածկադմփոցով զիջումներ կորզել, Բաքուն դրանից է նյարդայնանում։ Այսինքն՝ զիջումներ Մոսկվայի սցենարով։ Բայց մյուս կողմից՝ բանակցային գործընթացն այլընտրանք չունի։ Եվ Ադրբեջանն էլ չի ուզում իր ոչ կառուցողական համարումը դառնա համընդհանուր, հետևապես նման նյարդային արձագանքներ է թույլ տալիս, բայց, ըստ էության, դա բովանդակության վրա, որևէ ազդեցություն ունենալ չի կարող»,- ասաց քաղաքագետը։

Փոխարենը քաղաքագետը դրական համարեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի առաջարկը՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ևս մեկ հանդիպում կազմակերպելու Թբիլիսիում։ Մեհրաբյանի խոսքով՝ դա շատ լավ գաղափար է, քանի որ ցանկացած հանդիպում՝ առանց «ռուսական ականջների», միայն դրական է։ 

«Շատ կարևոր է, որ որպես ելման կետ ընդունվեն նախկին պայմանավորվածությունները, որպեսզի Բաքուն տարբեր պատրվակներով չխուսափի այդ պայմանավորվածություններից, այնպես, ինչպես Հաջիևի ու Գրիգորյանի պայմանավորվածության վրայից փորձեց թռչել՝ անունը դնելով Ռուբեն Վարդանյան։ Թբիլիսիում Արևմտյան միջնորդությունը և հովանին ուղղակի անհրաժեշտ է, որպեսզի ապահովվի Բաքվի ավելի պատասխանատու պահվածք»,- ասաց քաղաքագետը։  
  
Խոսելով այն մասին, որ երեկ Հայաստանը որոշեց փրկարարական ջոկատներ ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին, քաղաքագետն ասաց, որ հայկական կողմը մեկը մյուսի հետևից մի քանի ճիշտ քայլեր արեց, արձանագրեց շատ կարևոր ձեռքբերում, դա փոխըմբռնումն է Թուրքիայի հետ՝ Հայաստանի կողմից օգնություն ուղարկելու համար։ Դա Հայաստանի համար շատ կարևոր է։

Անդրադառնալով փաստին, որ Էրդողանը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրուցում շնորհակալություն է հայտնել և կարևորել Հայաստանի այդ քայլը՝ նաև երկու երկրների միջև հետագա երկխոսության խորացման տեսանկյունից, Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ դա բխում է մեր շահերից։ 

«Ահա հայկական դիվանագիտությունը։ Կռվում են պատերազմի ժամանակ, իսկ խաղաղության ժամանակ բարի կամք են դրսևորում, իսկ փորձանքների ժամանակ, այո, մարդկայնություն են դրսևորում, սա համամարդկային, համընդհանուր կանոն է։ Ի վերջո, տեսանք նաև Հունաստանի, Ֆրանսիայի պաշտոնական վերաբերմունքը։ Եվ Հայաստանն, այո, քաղաքակիրթ մոտեցման հենքով իր դիրքավորումը չպետք է շեղի»,- եզրափակեց քաղաքագետը։

Լիլիթ Թադևոսյան