Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ադրբեջանական սոցցանցերի գրառումները պետք չէ բերել հայկական տիրույթ և ավելի գրգռել լարված տրամադրությունները»․ Արցախի ՄԻՊ-ը՝ Ռուբեն Մելիքյանին և ԶԼՄ-ներին

«Ադրբեջանական սոցցանցերի գրառումները պետք չէ բերել հայկական  տիրույթ և ավելի գրգռել լարված տրամադրությունները»․ Արցախի ՄԻՊ-ը՝ Ռուբեն Մելիքյանին և ԶԼՄ-ներին
Քաղաքականություն
17:58, 03 май 2021
Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է ադրբեջանական ՀԿ-ի ղեկավար Ահմեդ Սահիդովի գրառման հայերեն թարգմանությունը՝ իր հերթին պարզաբանելով․ «Մարդիկ արդեն բացիեբաց խոսում են հունիսին Ստեփանակերտը Բաքվի վերահսկողության տակ անցնելու մասին»։

Ռուբեն Մելիքյանն այս համատեքստում նաև կոչ է արել ամեն ինչ անել, որ Նիկոլ Փաշինյանը քիչ ձայներ հավաքի արտահերթ ընտրություններին։  

Ադրբեջանի մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովը թվիթերում գրել էր հետևյալը․ «Խանքենդին (Ստեփանակերտը) հունիսին ամբողջությամբ կլինի ադրբեջանական բանակի հսկողության տակ՝ ուժով, թե առանց դրա։ Խաղաղ բնակիչները կարող են մնալ իրենց տներում»։ Ապա հավելել, թե հայերը տեղեկացված չեն նոյեմբերի 10-ի եռակող հայտարարության բովանդակությունից, որտեղ իբր նշված է, թե Ստեփանակերտն ու մյուս քաղաքները աստիճանաբար անցնելու են Ադրբեջանի հսկողության տակ։

Civic.am
-ը Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է գնահատում  Արցախի նախկին ՄԻՊ-ի կողմից վերոնշյալ ադրբեջանական գրառումը տարածելը։ «Ռուբեն Մելիքյանն անկախ է տնօրինել Ֆեյսբուքի իր էջը, ինքն է որոշում, թե ինչ գրառումներ անի, ինձ մտահոգում է լրատվամիջոցների կողմից ադրբեջանական նմանօրինակ գրառումների տարածումը»,- ի պատասխան ասաց Արցախի գործող ՄԻՊ-ը՝ ընդգծելով, որ որպես Արցախի ՄԻՊ ինքը ճիշտ չի համարել արձագանքել Ադրբեջանի ինչ-որ հասարակական կազմակերպության ղեկավարի գրառմանը, քանի որ այն, ինչը Սահիդովը գրել է՝ կարող էր գրել ցանկացած ադրբեջանցի և դա չպետք է ընդունենք որպես պաշտոնական կամ ճշտված ինֆորմացիայի աղբյուր։

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը նշեց նաև, որ նմանօրինակ հրապարակումները երկու հիմնական նպատակ են հետապնդում․

Առաջինը՝ հանգստացնել 44-օրյա պատերազմից հետո Արցախում ռուսական խաղաղապահների ներկայությունից դժգոհ ադրբեջանական որոշ շերտերին, և երկրորդ նպատակը՝ Արցախի ժողովրդի մեջ անհանգստություն և անորոշության զգացումն ավելի սրել․ «Կարծում եմ՝ նման գրառումները դեռևս պարբերաբար շարունակվելու են՝ այդ պատճառով մենք պետք է իմունիտետ ձեռք բերենք, որ այն ամենը ինչ խոսվում է ադրբեջանական սոցիալական ցանցերում չի նշանակում, որ պետք է բերել հայկական լրատվական տիրույթ և դրանով իսկ ավելի գրգռենք մեր հանրության լարված տրամադրությունները»,-հավելեց նա։   
  
Անդրբեջանական ՀԿ-ի ղեկավարի գրառումը տարածել են նաև որոշ լրատվամիջոցներ։ Արցախի ՄԻՊ-ը մեզ հետ զրույցում մտահոգություն հայտնեց, որ լրատվամիջոցներն ունեն լայն լսարան և ոչ պաշտոնական հրապարակումները չպետք է տարածեն՝ Արցախի բնակչության շրջանում անհանգստություն ու անորոշություն չառաջացնելու համար։

Հիշեցնենք, որ Սահիդովի գրառմանը պաշտոնապես անդրադարձել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և ընդգծել․ «2020թ նոյեմբերի 10-ի չարաբաստիկ հայտարարության մեջ Ստեփանակերտի՝ ադրբեջանական բանակի հսկողության տակ անցնելու մասին կետը բացակայում էր․․․ Արցախն Ադրբեջանի կազմում որևէ ուղղահայաց ենթակայության տակ չի  կարող լինել»։