Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սերժ Սարգսյանը մոռացե՞լ է իր «սորոսական» թիմակիցներին

Սերժ Սարգսյանը մոռացե՞լ է իր  «սորոսական» թիմակիցներին
Քաղաքականություն
18:54, 03 май 2021

Օրերս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Armnews.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է Սորոսի հիմնադրամին։ Սերժ Սարգսյանն արձագանքելով այն դիտարկմանը, թե Ձեզ մեղադրում են, որ սորոսական ֆոնդերը լայնորեն տարածվել են և սկսել են երկիրը քանդել Ձեր կառավարման տարիներին՝ նշել է. «Սորոսի հիմնադրամի ներկայացուցիչներն այստեղ վարում էին այնպիսի քաղաքականություն, որի հետ մենք համաձայն չէինք, դա միանշանակ է, բայց Սորոսի հիմնադրամը մուտք է գործել Հայաստան 1997 թվականին»։ 

 Նա նաև հավելել է, որ  անհամաձայնություններ ունեին սորոսականների հետ, բայց, իր կարծիքով, նրանք այդքան էլ մեծ վտանգ չէին ներկայացնում այն ժամանակ Հայաստանում, որովհետև նրանք որևէ ազդեցություն չունեին իշխանության կողմից կայացվող որոշումների վրա. «Իսկ իշխանափոխությունից հետո իրենք, իհարկե, ներթափանցեցին և՛ խորհրդարան, և՛ գործադիր իշխանության տարբեր կառույցներ, ու իրենց գաղափարները հիմա իրականացնում են»։
 
 Եվ թեպետ ՀՀ երրորդ նախագահն ասում է, թե սորոսականներն իշխանափոխությունից հետո են «ներթափանցել» խորհրդարան, այնուամենայնիվ, իր ղեկավարման տարիներին ԱԺ-ում գործող անձինք ևս զերծ չեն մնացել Սորոսի հիմնադրամի հետ համագործակցելուց։  

 Այս համատեքստում, հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի նախկին խոսնակ, նրա օրոք ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր ընտրված Սամվել Ֆարմանյանը 2003-2005 թթ. աշխատել է «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի», այսպես ասած, Սորոսի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղում որպես «Քաղաքացիական հասարակություն» և «Զանգվածային լրատվության միջոցներ» ծրագրերի համակարգող։
 
 Ավելին՝ 2017-2018 թթ. ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին ևս տրվել է դրամաշնորհ Սորոսի հիմնադրամից՝ 2014թ. նոյեմբերի 16-21-ը Հռոմում Պեդիատրիկ պալատիվ խնամքի 2-րդ եվրոպական կոնգրեսին մասնակցության համար։ Այս տեղեկությունը հայտնել է «Բաց հասարակության հիմնադրամները»՝ ի պատասխան Civilnet-ի գրավոր հարցման։
 
 «Բաց հասարակության հիմնադրամներ»-ից նաև նշել են, որ իրենց դրամաշնորհներից օգտվել են նաև ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, որն ստացել է անհատական դրամաշնորհ՝ 2000թ. սեպտեմբերի 29-30-ը Բուդապեշտում Միջազգային քրեական դատարանի գիտաժողովին մասնակցելու համար։ Նշենք, որ թեպետ Բաբուխանյանը հերքել էր տեղեկատվությունը, այնուամենայնիվ հիմնադրամից շեշտել էին իր անունը։ 

 ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին ևս դրամաշնորհ է տրվել 2014թ. նոյեմբերի 16-21-ը Հռոմում պեդիատրիկ պալատիվ խնամքի 2-րդ եվրոպական կոնգրեսին մասնակցության համար։ Ըստ հիմնադրամի՝ դրամաշնորհ է ստացել նաև 2015թ. ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի ղեկավար Կարեն Բեքարյանը։
 
 Հիշեցնենք նաև, որ Civic.am-ը վերջերս հոդված էր հրապարակել այն մասին, որ ՀՅԴ-ին պատկանող «Եկիր մեդիա» հեռուստաալիքը ավելի քան 200 000 դոլարի դրամաշնորհ է ստացել Սորոսի հիմնադրամից՝ հաղորդումներ հեռարձակելու համար։ Իսկ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին ՀՅԴ անդամները ոչ միայն խորհրդարանում էին, այլ նաև զբաղեցնում էին բարձր պաշտոններ։