Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Նիկոլ Փաշինյանը պետք է հրապարակի փաստաթղթերը, որոնք ցույց կտան, թե ինչին է համաձայնվել Սերժ Սարգսյանը»․ քաղաքագետ

«Նիկոլ Փաշինյանը պետք է հրապարակի փաստաթղթերը, որոնք ցույց կտան, թե ինչին է համաձայնվել Սերժ Սարգսյանը»․ քաղաքագետ
Քաղաքականություն / Հայաստան
20:15, 03 май 2021
«Փաշինյանն իրականում ճիշտ է ասում, քանի որ 2015 թվականի աշնանից լուրջ  պրոցեսներ գնացին և արդեն տեսանելի էր, որ տարածաշրջանը պատերազմի է գնում»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։  

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով Սերժ Սարգսյանին, նկատեց, որ Սերժ Սարգսյանն ասում է, որ եթե բանակցողը փոխվեր՝ բանակցության տրամաբանությունը նույնպես կփոխվեր:

Փաշինյանն ասաց՝ կանցնեն տարիներ, կբացվի բանակցային գործընթացի փաստաթղթերի բովանդակությունը, և կպարզվի, որ բանակցային գործընթացի բովանդակությունը փոխվել է 2015 թվականի աշնանը, 2016 թվականի ձմռանը:  

«Եթե Սերժ Սարգսյանը որոշել է, որ պետք է բացահայտումներ անի, թող բարի լինի պատմել մարդկանց 2015 թվականի աշնան և 2016 թվականի ձմռան իրադարձություններից: Հետո եկել է 2016 թվականի գարունը, և եղել է ապրիլի 2. այդ բանակցային բովանդակությունը փոխվել է հենց այդ ժամանակ:

Դա ապացուցող փաստաթղթեր կան, բանակցությունների արձանագրություններ, որոնց հետ ես աշխատել եմ 2018 թվականին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո»,- ասաց Փաշինյանը:  Սաֆարյանի խոսքով Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, եղել են գործընթացներ, որոնք նախորդել են ապրիլյան պատեազմին։ Եվ այդ գործընթացներից մեկն այն էր, երբ Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևը հրապարակային մեղադրեց Հայաստանին և նրա ղեկավարին պայմանավորվածություններից հետ կանգնելու մեջ։  

«Դա  2015-ի սեպտեմբերից նոյեմբեր ժամանակահատվածն էր, որից հետո Սերժ Սարգսյանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերին բավական անսպասելի հայտարարեց, թե լավրովյան պլան գոյություն չունի։ Իսկ Ալիևը հայտարարել էր, որ լավրովյան պլան գոյություն ունի և ՀՀ իշխանությունները կողմ էին արտահայտվել դրան։ Հիմա թե այդ ընթացքում ինչ տեղի ունեցավ և ինչու տեղի ունեցավ, չգիտենք։ Բայց  ես ուզում եմ բոլորին հիշեցնել մեկ այլ դրվագ, երբ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը եկավ Հայաստան, Սերժ Սարգսյանը հրապարակավ նրան հարց տվեց, որ իրենք ամեն ինչին համաձայնել էին, ամեն ինչ արել էին այնպես, ինչպես պետք է եղել, այդ դեպքում ինչո՞ւ տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը։  

Այսինքն՝ Մեդվեդևից բացատրություն էր պահանջում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ինքը պետք է հրապարակի այդ փաստաթղթերը, որոնք ցույց կտան, թե ինչին է համաձայնվել Սերժ Սարգսյանը։ Բայց կրկնում եմ, Նիկոլ Փաշինյանը ճիշտ է: Իմ կողմից վկայակոչված հայտարարությունները, արտաքին նշանները ցույց էին տալիս, որ ինչ-որ բան է փոխվել։ Իսկ թե ինչ՝ այ դա արդեն չեմ կարող ասել»,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ ապրիլյան պատերազմը ուղղակիորեն կապված է եղել իր կողմից վկայակոչված գործընթացների հետ։  

«Իրականում Հայաստանը չի կարողացել դուրս գալ Սերժ Սարգսյանի տված խոստումից։ Եթե հավատալու լինենք Ալիևին, ապա խոսքը վերաբերում էր տարածքները հանձնելու ժամանակացույցին՝ բնականաբար առանց Արցախի կարգավիճակի հարցը հստակեցնելու»,- ընդգծեց Սաֆարյանը։  

Մեր դիտարկմանը՝ այսինքն Սերժ Սարգսյանի պնդումները, թե Արցախի հարցում բանակցողի փոփոխությունը հանգեցրեց բանակցության տրամաբանության փոփոխության, ասել է թե՝ պատերազմի, ընդամենը արդարացումնե՞ր են, քաղաքագետը նկատեց. «Հանուն արդարության ես պետք է ասեմ, որ Սերժ Սարգսյանին փոխարինելու եկած իշխանությունը ևս պատասխանատվություն է կրում, բայց անշուշտ տեսանելիորեն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձել է  փոխել բանակցությունների ռելսերը, այնտեղ վերադարձնել Ղարաբաղին, պնդել համապարփակ կարգավորման տարբերակը, որի մեջ մտնում է  նաև Արցախի կարգավիճակը։ Սրանք  Նիկոլ Փաշինյանի առաջարկներ են եղել։ Իսկ թե ինչ է ստացվել, ինչ չի ստացվել՝դա այլ քննարկման թեմա է։ Բայց երբ Նիկոլ Փաշինյանն ասում է ՝ բանակցել եմ իմ կետից, նկատի ունի դա։ Սակայն ինչպես նկատում ենք անգամ հեղափոխությունցի հետո իշխանությունների դեմ դրվել է մի փաստաթուղթ, որը բանակցվել է  ոչ թե Նիկոլ Փաշինյանի օրոք, այլ պատրաստվել է հենց Սերժ Սարգսյանի օրոք»,- եզրափակեց Սաֆարյանը։