Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանին պատժելու մասին միջազգային հանրության կոչերին միացած Արցախի նախագահի կոչը կյանքի կկոչվի՞

Ադրբեջանին պատժելու մասին միջազգային հանրության կոչերին միացած Արցախի նախագահի կոչը կյանքի կկոչվի՞
Քաղաքականություն
17:07, 13 февраль 2023
Մի քանի օր է, ինչ տարբեր աղբյուրներ (այդ թվում՝ արցախցի  մի շարք գործիչներ) վկայում են այն մասին, որ  Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու պետնախարար Ռուբեն Վարդանյանն այցելել են Մոսկվա։  Այդ այցը գուցե սովորական թվար, եթե չլիներ Լաչինի միջանցքի՝  արդեն շուրջ երկուսուկես ամիս շրջափակված լինելու հանգամանքը։  Արձանագրենք, որ արցախցի բարձրաստիճան պաշտոնյաները  Արցախում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ  տեղակայված խաղաղապահ կոնտինգենտը ներկայացնող երկիր են մեկնել  փակ միջանցքի պայմաններում, այն միջանցքի, որի վերահսկողությունը ստանձնել են հենց իրենք՝ խաղաղապահները։  Այցի օրակարգի գլխավոր թեման  ենթադրաբար  եղել է միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամը, որը հանգուցալուծելու  վերաբերյալ, նկատենք, ՌԴ-ն այս ընթացքում քանիցս տարբեր ժամկետներ է նշել՝ ամեն անգամ հույս տալով, թե հանգուցալուծումը մոտ է, օրերի հարց։ 

Պաշտոնական Արցախը, նկատենք,  չի շտապում հանրությանն իրազեկել ենթադրյալ  այցի արդյունքների մասին, արցախցի քաղակտիվիստներն էլ  սոցցանցերում  հորդորում են դուրս գալ կառավարական կաբինետներից և հանրությանը պարզաբանում տալ։

«Պարոն Ռուբեն Վարդանյան, Դուք ասելիք չունե՞ք ժողովրդին... Եթե չունեք, գոնե դուրս եկեք ասեք, որ չունեք՝ մենք ասենք...»,- Ֆեյսբուքում գրել է «Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավար Տիգրան Պետրոսյանը՝ նշելով Արցախի  պետնախարարի ֆեյսբուքյան  էջը։ 

Արցախի նախագահը, մինչդեռ, այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում առկա շեշտադրումները հիմք են տալիս ենթադրելու, որ մոսկովյան այցը  հուսադրող չի եղել, և միջանցքի ապաշրջափակումը առկախվել է անորոշ ժամանակով։ Թերևս այդ պատճառով էլ Արցախի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել խոսքից գործի անցնել՝ կոշտ մեթոդներ՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ «Մենք ողջունում ենք բազմաթիվ երկրների գործադիր ու օրենսդիր իշխանությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հստակ կոչերն Ադրբեջանին՝ անհապաղ ու անվերապահ կերպով վերացնել շրջափակումը: Այդ պահանջներն ու դիրքորոշումները, սակայն, քիչ ազդեցություն են ունենում Ադրբեջանի մոլեռանդ ու ատելությամբ լեցուն անզիջողականության պայմաններում: Ահա թե ինչու միջազգային հանրությունը պետք է խոսքից անցնի գործի, ինչպես նա վարվում է այլ տարածաշրջաններում՝ ցեղասպանության վաղ ահազանգող նշանների առկայության դեպքում։  Մենք դիմում ենք առաջնահերթորեն Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային, որոնք համանախագահում են ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչպես նաև միջազգային հանրության բոլոր անդամներին՝ միասին կամ առանձին-առանձին արդյունավետ միջոցներ ձեռնարկել Արցախի կյանքի ճանապարհի բացման և նորանոր հանցագործությունների կանխման ուղղությամբ: Այդ համատեքստում մենք հորդորում ենք նրանց պատժամիջոցներ սահմանել Արցախի ժողովրդի դեմ կատարվող հանցագործությունների բոլոր հեղինակների ու աջակիցների և Ադրբեջանի պետության դեմ՝ ի թիվս այլ պատժամիջոցների արգելելով նրանց մուտքը սեփական տարածքներ և սառեցնելով իրենց երկրներում գտնվող շարժական և անշարժ գույքը»,-նշված է Արցախի նախագահի կողմից տարածված հայտարարության մեջ:   

Մինչ միջազգային հանրությունն ականջալուր կլինի Արցախի նախագահի արտառոց կոչին՝ նշենք, որ դրա հասցեատերերից մեկը՝ ՌԴ-ն, արդեն իսկ ուկրաինական պատերազմի պատճառով  միջազգային պատժամիջոցների տակ է  և պատժվածի կարգավիճակով, փաստորեն,  իր հերթին պետք  է միանա  մեկ  այլ պետության՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն։  Մի երկրի, որի հետ ընդամենը մեկ տարի առաջ այս օրերին ստորագրել է   դաշնակցային փոխգործակցության մասին 43-կետանոց հռչակագիր, որ վերաբերում է ամենատարբեր ոլորտների՝ տնտեսականից մինչև անվտանգային։  
  
Նշենք, որ պատժամիջոցներ կիրառելու մասին կոչ-հորդորներ առաջին անգամ չէ, որ հնչում են Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով, սակայն դրանք կյանքի կոչելու գործուն քայլեր առայժմ տեսանելի չեն։ Մասնավորապես այս տարվա սկզբին Genocide Watch կազմակերպությունն ԱՄՆ-ին կոչ է արել պատժամիջոցներ մտցնել Ադրբեջանի դեմ՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված, համաշխարհային հանրությանն էլ՝ դատապարտել Ադրբեջանին Արցախի ժողովրդին քաղցի և ցրտի մատնելու աղաղակող փորձի համար։ «ԱՄՆ-ը պետք է դատապարտի Ադրբեջանին և 1) կիրառի 907 հոդվածը և դադարեցնի ռազմական օգնությունը, 2) պատժամիջոցներ մտցնի՝ օգտագործելով Մագնիտսկու օրենքը և կիրառելի այլ իրավական գործիքներ, 3) արտակարգ օգնություն ուղարկի 120.000 հայերին, որոնք հումանիտար ճգնաժամի մեջ են»,- նշվել է կազմակերպության Twitter-ի հայտարարության մեջ։

Հունվարի երկրորդ տասնօրյակում էլ  Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներն էին  Բայդենի վարչակազմին կոչ արել քննարկել արտակարգ իրավիճակում օդային փոխադրումը Լեռնային Ղարաբաղ և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ:  ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր Սամանթա Փաուերին ուղղված նամակում Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դեյվիդ Վալադաոն և Աննա Էշուն նշում են. «Լաչինի միջանցքի վերաբացման ներկա միջազգային ռազմավարությունը պարզապես չի աշխատում: Ալիևի ռեժիմը կանխամտածված քայլեր է ձեռնարկում բնիկ հայ բնակչությանը Արցախից հեռացնելու և նրանց նախնիների երկրում ազատ, ժողովրդավարական և արժանապատիվ ապրելու հնարավորությունից զրկելու համար՝ էթնիկ զտումների հստակ նշան, որը չի կարելի անտեսել»։ Կոնգրեսականները նաև արցախցիներին  օդային օգնություն հասցնելու կոչ էին  արել և հորդորել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ, մասնավորապես  Մագնիտսկու պատժամիջոցները, որոնք, ըստ նամակի հեղինակների,  «հիմնավորված են  և տեղին՝ հաշվի առնելով այն լուրջ վտանգը, որին ներկա պահին բախվում է Արցախի ժողովուրդը»։ 

Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ, նախորդ տարվա վերջին Սենատի կողմից Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձևի համահեղինակ Բռունո Ռետայոն էլ օրերս news.am-ին հարցազրույց էր տվել և ի պատասխան հարցի՝ «Բաքվի նկատմամբ կոչեր են հնչում, բայց պատժամիջոցներ չեն կիրառվում։ Կարծում եք՝ կոչերը բավարա՞ր են»՝ պատասխանել էր. «Ոչ, իհարկե: Պարոնայք Ալիևն ու Էրդողանը ծաղրում են մեր կշտամբանքները, որոնք այդպես էլ ազդեցություն չունեցան։ Դեէսկալացիայի այս կոչերն առավել ևս ապարդյուն են, քանի որ դրանցում անտեսվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև առճակատման իրական բնույթը։ Սա պարզապես լոկալ հակամարտություն չէ»։ Սենատորը նշել էր, թե կողմ է, «որ Ֆրանսիան և Եվրոպան վերջապես ընտրեն հաստատակամության ուղին, ինչպես դա արեցին Ռուսաստանի նկատմամբ»։ «Հայաստանի ինքնիշխանությունը նույնքան արժե, որքան Ուկրաինայի ինքնիշխանությունը։ Ես պաշտպանում եմ պատժամիջոցները՝ ընդհուպ մինչև Ադրբեջանի ղեկավարության ակտիվների կալանք և Ադրբեջանից գազի և նավթի ներմուծման էմբարգո, քանի դեռ այդ երկիրը չի հարգել Հայաստանի ինքնիշխանությունը»,-հավելել է ֆրանսիացի գործիչը։ 

Հարկ է նկատել  նաև, որ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մեխնիզմին միջազգային հանրության բոլոր դերակատարները չէ, որ համաձայն են։ Մասնավորապես, ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, ի պատասխան Եվրախորհրդարանի պատգամավոր Ասսիտա Կանկոյի պաշտոնական հարցմանը, որում արծարծվել է նաև  Ադրբեջանի պատժամիջոցների հարցը, նշել է. «Պատժամիջոցները ԵՄ-ի ընդամենը մեկ գործիք են ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության նպատակների առաջմղման համար, և այս դեպքում դրանք չեն դիտարկվում»։

Ինչպե՞ս կարձագանքի միջազգային հանրությունը արդեն իսկ Արցախից հնչող «պատժե՛ք Ադրբեջանին» կոչերին և արդյոք  խոսքից կանցնի՞ գործի՝ թերևս կերևա առաջիկայում։   

Ելենա Ազատյան