Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տարածաշրջանում խաղաղության ապահովման գլխավոր երաշխիքը հարևանների հետ հարաբերությունների կարգավորումն ու թշնամանքի կառավարումն է. Արթուր Հովհաննիսյան

Տարածաշրջանում խաղաղության ապահովման գլխավոր երաշխիքը հարևանների հետ հարաբերությունների կարգավորումն ու թշնամանքի կառավարումն է. Արթուր Հովհաննիսյան
Քաղաքականություն
16:20, 15 февраль 2023
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Անկարա է մեկնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, որտեղ հանդիպում է ունեցել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Վերջինս Միրզոյանի այցը Անկարա նշանակալի է անվանել աղետալի երկրաշարժերից հետո։ 

Civic.am-ի հետ զրույցում այս առնչությամբ հայտնելով իր տեսակետը՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ նախարար Միրզոյանը Թուրքիա է այցելել ավերիչ երկրաշարժի համատեքստում, ինչպես նաև տեղում որոնողափրկարարական առաքելություն իրականացնող հայ փրկարարական խմբին հանդիպելու համար։ 

Պատգամավորը կարծում է, որ այցն ինքնին դրական իրադարձություն է Հայաստանի  և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման առումով, սակայն չի շտապի լրացուցիչ ակնկալիքներ ձևավորել։

Խոսելով նաև այն մասին, որ միջազգային հանրությունը ևս ուշիուշով հետևում է այս այցին, և Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այս այցն անվանել է պատմական, պատգամավորն ասաց. «Միջազգային հանրության դրական արձագանքները թե՛ Հայաստանի կողմից Թուրքիա ուղարկված հումանիտար օգնության, թե՛ փրկարարական խմբի, թե՛ նախարարի այցի վերաբերյալ գալիս են վերահաստատելու, որ Հայաստանի կողմից իրականացված մարդասիրական քայլը ճիշտ էր և տեղին։ Այո՛, հաշվի առնելով նախորդող 30 տարիներին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների դինամիկան՝ կարելի է այցը նաև որպես պատմական բնորոշել»։ 

Ինչ վերաբերում է նախարարի այցի և Հայաստանից Թուրքիայի աղետի գոտի ուղարկված օգնության վերաբերյալ սոցցանցերում հնչող քննադատություններին, պատգամավորն ասաց, որ մարդասիրական քայլի վերաբերյալ քննադատություններն առհասարակ ընկալելի չեն, և չի էլ ուզում անդրադառնալ դրանց։ 

«Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը վերաբերող քննադատություններին, ապա պետք է ևս մեկ անգամ ընդգծեմ, որ տարածաշրջանում խաղաղության ապահովման գլխավոր երաշխիքը հարևանների հետ հարաբերությունների կարգավորումն ու թշնամանքի կառավարումն է. մենք պետք է կարգավորենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ, կարողանանք Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիր, էլ ավելի ջերմացնենք մեր հարաբերությունները բարեկամ Վրաստանի և Իրանի հետ։

Սա է Հայաստանի անվտանգության բանալին»,-նշեց Արթուր Հովհաննիսյանը։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանից Թուրքիա ուղարկված օգնությունը, որն անցել է Մարգարայի կամրջով, կարո՞ղ է առիթ հանդիսանալ, որ անցուդարձը շարունակվի կամրջով, և սահմանը շուտափույթ բացվի, պատգամավորն ասաց, որ դեռ վաղ է խոսել նման տեխնիկական հարցերի շուրջ, քանի դեռ չկա շոշափելի առաջընթաց և հստակ ճանապարհային քարտեզ՝ սահմանների բացման վերաբերյալ։   

Այսօր Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ համաձայնություն է ձեռք բերվել համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը և հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին՝ սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ։ Այս առնչությամբ պատգամավորն ասաց, որ հարաբերություններում կարող ենք արձանագրել դրական տեղաշարժ, նախարար Միրզոյանը կրկին ընդգծեց Հայաստանի պատրաստակամությունը՝ կարգավորելու հարաբերությունները, և այս համատեքստում մենք պետք է շարունակենք մեր աշխատանքները՝ ժամանակից առաջ չընկնելով։ 

Խոսելով նաև այս իրավիճակում Լաչինի միջանցքի բացման հնարավորության մասին՝ Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Լաչինի միջանցքի բացման հետ կապված Հայաստանի ակնկալիքներն անփոփոխ են՝ Լաչինի միջանցքում ազատ տեղաշարժը և անվտանգությունը պետք է ապահովվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված հայտարարության 6-րդ կետով։ Զուգահեռաբար մենք շարունակում ենք միջազգային մեր գործընկերների հետ աշխատել և Լաչինի հարցը պահել միջազգային օրակարգերում։ Այս համատեքստում պետք է նաև հիշատակեմ, որ Համահայկական հիմնադրամին հաջողվեց Գորիսում մնացած և Լաչինի փակ լինելու պատճառով ԼՂ չհասած 100 տոննա հումանիտար օգնությունից 60-ը հասցնել Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներին»։

Լիլիթ Թադևոսյան