Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս համաներումից հետո խստացումներ կլինեն, իրական խոչընդոտներ կստեղծվեն՝ արու զավակներին Հայաստանից հանելու համար․ Անդրանիկ Քոչարյան

ԱԺ հերթական նիստի ընթացքում ներկայացվեց ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքը։
Պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը անդրադարձ կատարեց սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին վերաբերող նախկին օրենքին, որում 2003-ին ընդունվելուց ի վեր շուրջ 13 ամգամ կատարվել էին փոփոխություններ, իսկ 2019-ից հայտարարվել էր, որ այդ կարգավորումը այլևս չի կարող գործել և պետք է վերջնական լուծում տրվի այդ խնդրին։

«Պատերազմից հետո, գիտակցելով, որ արտերկրում գտնվող բազմաթիվ երիտասարդներ պատերազմի ընթացքում չկարողացան վերադառնալ հայրենիք և իրենց աջակցությունը հայտնել պետությանը, ՀՀ Կառավարությունը, մարդասիրական սկզբունքներից ելնելով , նախաձեռնեց մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ, 27 տարին լրացած շարքային և 35 տարինն լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքներից և զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու գործընթացը, որով, փաստորեն, հայրենիքից այդքան տարիներ բացակայած երիտասարդներին բացառիկ հնարավորություն է տրվում վերադառնալ և հետպատերազմյան շրջանում իրենց ներդրումն ունենալ ՀՀ տնտեսական, սոցիալական ու մշակութային ոլորտների զարգացման գործում։ Վստահ եմ, որ շատ երիտասարդներ արտերկրում գտնվելու տարիներին ստացել են հրաշալի կրթություն, ունեն ինտելեկտուալ պոտենցիալ, գիտական հզոր միտք, որոնք կցանկանան ծառայեցնել ՀՀ-ին և նրանց օր առաջ  պետք է դա անել՝ հնարավորություն տալու միջոցով», - ասաց Անդրանիկ Քոչարյանը և հորդորեց կողմ քվերակել նախագծին։

Քոչարյանը նշեց, որ նախագծով, ըստ էության, հնարավորություն է տրվում շատ դեպքերում ծնողների որոշմամբ Հայաստանից դուրս եկած երիտասարդներին վերադառնալ հայրենիք, իսկ դրանից հետո խստացումներ կլինեն, որոնցով իրական խոչընդոտներ կստեղծվեն արու զավակներին Հայաստանից հանելու ծնողների ցանկություններին։