Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եթե համաներումն ուժի մեջ մտնի մայիսի 20-ին, ապա մայիսի 21-ին 27 տարին լրացած անձը իրավունք չի ունենում վերադառնալ Հայաստան»․ Հայկ Սարգսյան․ Տեսանյութ

Այսօր՝ մայիսի 4-ին,  ԱԺ-ն քննարկում է զինվորական ծառայությունից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։  Նախագիծը ներկայացնում է Արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը։  

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը նկատեց, որ նախագծով  զինծառայությունից խուսափած,  27 տարին լրացած անձանց բացը մասնակի է լուծվում․ «Այս օրենքը տարածվելու է այն անձանց վրա ում 27 տարին լրացել է օրենքի ընդունման պահին։

Այսինքն, եթե օրենքն ուժի մեջ մտնի մայիսի 20-ին, ապա մայիսի 21-ին՝ 27 տարին լրացած անձը իրավունք չի ունենում վերադառնալ Հայաստան որևէ պարագայում, չի էլ կարող անցնել զինվորական ծառայաություն, չի կարող գումար վճարել, ոնց որ նախկին օրենքն էր թույլատրում»,-ասաց պատգամավորն ու հավելեց, որ օրենքի ընդունումից հետո 27 տարին լրացած անձը մեկ տարբերակ ունի՝ գալ Հայաստան և դատապարտվել մինչև 3 տարվա ազատազրկման, հետո նոր շարունակել իր կյանքը։ 

Հայկ Սարգսյանը փոխնախարարից հետաքրքրվեց՝ ինչ օրենքի նախագծերով կարող են լրացնել այս բացը։ Ինչին ի պատասխան Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ այդ անձանց մասով մեխանիզմներ ընդունելը հետագա քննարկման հարց է։ Սակայն պատգամավորը պնդեց, որ  խնդրի լուծման համար այս պահից սկսած է պետք մտածել՝ ինչ կարգավորումներ պետք է լինեն, քանի որ արդարացի չէ և փոխզիջման կարիք կա։