Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես պատրաստ եմ կրել Ադրբեջանի հետ տևական և կայուն խաղաղություն երաշխավորող պայմանագրի ստորագրման պատասխանատվությունը. Վարչապետ

Հայաստանի Հանրապետությունը երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական աշխատանքները, և մեր առաջարկները փոխանցված են ադրբեջանական կողմին: Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ առաջարկներ ասելով պետք է նկատի ունենալ ամբողջական փաստաթղթի նախագիծը. «Փաստաթուղթը փոխանցել ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին: Մենք նախագծի վրա աշխատում ենք հետևյալ տրամաբանությամբ. ստանալ մի փաստաթուղթ, որը ցանկացած պահի պատրաստ ենք ստորագրել: Հասկանալի է, իհարկե, որ այդ փաստաթուղթը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար: Եվ մենք հույս ունենք, որ արդեն երեք փուլ բանակցությունների արդյունքում նկատված որոշակի առաջընթացը հնարավոր կլինի զարգացնել»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց. «Փաստաթուղթը պետք է պարունակի պայմանավորվածությունների այնպիսի տրամաբանություն, հակակշիռների ու զսպումների այնպիսի գործուն համակարգ, որը կբացառի տևական և կայուն խաղաղության խաթարման որևէ սցենար: Սրա իմաստն այն է, որ փաստաթղթի ստորագրումը ոչ թե պետք է վերակերպվի պատերազմի՝ արդեն խաղաղության պայմանագրի հիման վրա (սա աբսուրդ է հնչում, բայց կարող է լինել նաև նման սցենար), այլ իսկապես նշանակի տևական խաղաղություն: Այդպիսի պայմանագիրը, որը տևական և կայուն խաղաղության երաշխիք կդառնա, օր առաջ ստորագրելը մեր կառավարության և անձամբ իմ հանձնառությունն է. ես պատրաստ եմ վերցնել և կրել այդպիսի պատասխանատվություն»: